Նյութը՝ Հայկ Ծատրյանի
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 27-10-2019
Համակարգչային խաղում ընդգրկված է նաեւ Հայաստանի ազգային հավաքականը
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի եւ համակարգչային խաղեր արտադրող ճապոնական «Konami» ընկերության միջեւ բացառիկ համաձայնություն է ձեռք բերվել։

Համակարգչային խաղերի, մասնավորապես ֆուտբոլային սիմուլյատորի սիրահարները կարող են, այսուհետեւ, միմյանց դեմ խաղալ՝ առաջարկվող տասնյակ ֆուտբոլային հավաքականների շարքում ընտրելով նաեւ ֆուտբոլի Հայաստանի ազգային ընտրանին։ Պարզվում է, որ Տիգրան Բարսեղյանին, Կամո Հովհաննիսյանին, Մարկոս Պիզելլիին եւ Հայաստանի ազգային ընտրանու մյուս ֆուտբոլիստներին կարելի է տեսնել համակարգչային խաղում ոչ միայն ակումբային, այլեւ ազգային հավաքականների մակարդակով։

Դեռեւս մի քանի ամիս առաջ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան եւ Pro Evolution Soccer (PES) ֆուտբոլային սիմուլյատոր-խաղի արտադրող ճապոնական «Konami» ընկերությունը կարեւոր պայմանավորվածության էին հասել։ Ըստ համագործակցության՝ խաղի վերջին թողարկման մեջ պաշտոնապես ներկայացված է նաեւ Հայաստանի ազգային հավաքականը։

ՀՖՖ մամուլի ծառայությունը այսօր հանդես է եկել հայտարարությամբ, ըստ որի՝ տեւական բանակցություններից հետո ՀՖՖ-ի եւ «Konami»-ի միջեւ ստորագրվել է պայմանագիր, որով հիմք է դրվելու համագործակցության ավելի լայն շրջանակի։ Ինչպիսի՞ շրջանակի մասին է խոսքը, դեռ լիարժեք հայտնի չէ. ՀՖՖ-ից չեն շտապում հայտարարել այդ մասին։

Պարզ է, սակայն, որ առաջիկայում ՀՖՖ-ի կողմից կազմակերպվելու է «PES 2020»-ի մրցաշար, որի հաղթողները ներկայացնելու են Հայաստանը 2020թ․ հուլիսին Լոնդոնում անցկացվելիք e-Football-ի միջազգային մրցաշարին։

Մրցաշարի մասնակցության կարգի եւ այլ տեղեկությունների մասին ՀՖՖ-ից խոստանում են հանրային իրազեկում ապահովել մոտ ժամանակներս։