Նյութը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության
Տեղադրվել է 01-11-2019
Երիտասարդությանը հանրօգուտ աշխատանքներում ներգրավելու հայտարարություն
Ֆրանսիայի քաղաքացիական ծառայությունը («Service civique») ցանկանում է ներգրավել երիտասարդությանը հանրօգուտ աշխատանքներում։ Այն հնարավորություն է ընձեռում 16-ից 25 տարեկան երիտասարդներին 6-ից 12 ամիս ժամանակահատվածով ներգրավվել հանրային/հասարակական նշանակություն ունեցող ոլորտներում՝ որպես կամավորներ։
Այդ ոլորտների թվում են՝ 
- կրթություն, 
- առողջապահություն, 
- մշակույթ, 
- շրջակա միջավայր, 
- միջազգային զարգացում, 
- հիշողություն, 
- սպորտ և այլն։ 

Քաղաքացիական ծառայության համակարգը գործում է երկու եղանակով՝ ազգային և միջազգային։ Առաջին դեպքում՝ ֆրանսիացի երիտասարդները հանրային կամավոր աշխատանքի են անցնում Ֆրանսիայի տարածքում, իսկ երկրորդ եղանակի պարագայում ֆրանսիացի երիտասարդները մեկնում են արտերկիր, փոխարենը՝ Ֆրանսիան հյուրընկալում է երիտասարդներ նույն երկրից։

Կամավոր երիտասարդների՝ համապատասխան հանրային աշխատանքով ապահովումը տեղի է ունենում շահագրգիռ գործակալության կամ կազմակերպության միջոցով, որը և պարտավորվում է ապահովել երիտասարդի համար պահանջվող աշխատանքը՝ հետևողականորեն կիրառելով քաղաքացիական ծառայության սկզբունքները և ապահովելով աշխատանքի համար պատշաճ պայմաններ։ Նշված ժամանակահատվածում երիտասարդները վարձատրվում են ամսական 580 եվրո ֆիքսված գումարով։ Վերջիններիս աշխատանքային զբաղվածությունը շաբաթական կազմում է միջինը 27-28 ժամ, ինչը թույլ է տալիս ամբողջությամբ չծանրաբեռնել նրանց՝ հնարավորություն տալով ազատ ժամանակը նվիրել այլ օգտակար գործունեության (օրինակ՝ զուգահեռ կրթություն համալսարանում, մասնակցություն մշակութային միջոցառումների և այլն)։ Հնարավորության դեպքում՝ երիտասարդների ուղևորության ու կեցության ծախսերը ծածկում է ընդունող կազմակերպությունը։ Հակառակ դեպքում՝ ներգրավվում են այլընտրանքային շահագրգիռ հիմնադրամներ՝ ծախսերը հոգալու նպատակով։ Հատկանշական է, որ Քաղաքացիական ծառայության գործակալությունը չի հանդիսանում գործընթացն իրականացնող մարմին։ Այն միայն նպաստում է ընդունող կազմակերպությունների միջև կապերի ձևավորմանը և հետևում է, որ կազմակերպություններն ըստ հավուր պատշաճի իրականացնեն ստանձնած պարտավորությունները:

Մանրամասն տեղեկությունների համար զանգահարել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն 011 52 85 95 հեռախոսահամարով: