Նյութը՝ Էմմա Մաթևոսյանի
Լուսանկարները՝ Արմեն Սիմոնյանի
Տեղադրվել է 17-11-2019
Աշնան հեքիաթ
Իսկ Դուք երվևէ մտածե՞լ եք, թե ինչ կլիներ և ինչ կպատմեր ծառի տերևը, եթե կարողանար զգալ, հաղորդակցվեր ու խոսեր իր առօրյայի մասին։

Պատկերացրեք այգի, պատկերացրեք տարատեսակ ծառեր, բազում և բազմագույն տերևներ։

Նրանց մեջ կա մեկը, որ տարբերվում է իր գույնով, ձևով, չափով, հասունությամբ և իր «աշխարհով», սակայն իր փակ «աշխարհ» քչերին էր թողնում։ Նա երազկոտ է, ռոմանտիկ, միշտ դրական։ Ամենաանելանելի իրավիճակներում ելքեր գտնող, նա բոլորի հետ էր, միևնույն ժամանակ շատ ինքնուրույն։ Նա ուժեղ է։

Բոլորը սիրում են նրան, նա բոլորին։ Բայց այդպես չի կարող լինել, չէ՞։ Մարդկային էությունը հակված է ցավացնելուն, ամեն մաքրության մեջ խնդիր փնտրելուն, կոտրելուն և ինքնահաստատվելուն։ 

Տերևն իր երազկոտ աշխարհում բազում պատմությունների ականատես է լինում։ Օրինակ՝ ինչպես է վաղ առավոտյան մայրիկը իր նորածին բալիկի հետ զբոսնում այգում, ինչպես են ուսանողները երգում, արտասանում, ստեղծագործում, քննություններին պատրաստվելիս իրար օգնում և այլն։ Իսկ ահա այն եռագույն նստարանին հանդիպում, ծանոթանում և փորձում են միասին ապագա կառուցել զույգերը։ Իսկ անձրևի ժամանակ տերևը պատսպարում և չի թողնում նստարանին նստած ահա այն գեղեցիկ զույգը թրջվի, միևնույն ժամանակ վկա դառնում, թե ինչպես են նրանք անձրևի պատրվակով առավել մտերմանում, ամուր գրկում և համբուրվում։ 

Առավել հետաքրքիր է հետևել այգու կենդանիների խաղին՝ ինչպես են մարդիկ կերակրում, ինչպես հոգ տանում նրանց մասին։ 

Եվ մի գեղեցիկ օր, ամռան անձրևի տակ ծառի մյուս տերևների շվաքում, եռագույն նստարանին պատսպարվելով, հանդիպում է մեկ այլ տարբերվող ու իր ուրույն «աշխարհով» այլ տերևի։ 



-Ո՞ւր էիր այսքան ժամանակ,- հարցնում է տերևը։

-Ես միշտ այստեղ եմ եղել,- պատասխանում է նա։

-Արի՛ ընկերություն անենք, միասին բացահայտենք աշխարհը,- առաջարկում է անծանոթ տերևը։

-Իսկ դու չե՞ս վախենում բացահայտումներդ հենց իմ հետ սկսել,- հարցնում է տերևը։

Եվ սկսվում է նոր բացահայտումների շարքը։ Հնարավորինս ավելի վերև բարձրանալով, հնարավորինս նոր վայրեր գտնելով, և այդ վայրերում նոր պատմություններ կերտելով՝ նրանք սկսում են ճանաչել նոր աշխարհը։ Փորձում են այն դարձնել իրենցը։ 

Անգամ գիշերը բավականին երկար էր տևում, երբ մեր տերևները իրար հետ չէին անցկացնում։ Կարոտում էին իրար ամեն վայրկյան, իսկ իրար հետ անցկացրած ժամանակը ակնթարթորեն էր անցնում։ Վստահում էին իրար, փորձում էին յուրաքնաչյուր խնդիր իրար հետ լուծել։ Ծանոթանում էին և ծանոթացնում նոր տերևների։

Ի՞նչ պատահեց․․․ Աշուն․․․ Տերևաթափ․․․

Ինչ-որ անծանոթ իրավիճակ, անվստահություն, որտեղից սկսվեց, որտեղ սայթաքեցին տերևները։ Իսկ գուցե նոր տերևները պատճառ հանդիսացան բաժանման։ 

Տերևը մտածեց․ «Իսկ եթե չկա վստահություն, արդյո՞ք կա ընկերություն, կա զգացմունք»։ Ճիշտը խոսելն էր, իրար լսելը ու հասկանալը։ Այդպես անում են բոլոր հասուն վերաբերմունքով տարբերվողները։ Այո՛, ճիշտը հանգիստ «գլխով» զրուցելն ու հասկանալն էր։ Ու ճիշտ էր նաև որոշ ժամանակ իրարից հեռու մնալն ու հարաբերությունների արժևորելը։ 

Տերևը պարզեց, որ նոր բացահայտումներով ու զգացմունքներով հարաբերությունները կարևոր էին միայն իր համար։ Պատասխանը խաղն էր։ 



Ի՞նչ պատահեց։ Այն ո՞վ է եռագույն նստարանին միայնակ նստած։ Հիշո՞ւմ եք այն գեղեցիկ զույգին։ Այո՛, աղջիկն էր։ Անձրև չէր, բայց նրա աչքերը թաց էին։  Այո՛, հեքիաթները նաև տխուր են լինում։ 

Բայց դա մեր հեքիաթի հետ կապ չունի։ «Գիտեք,- շշնջաց տերևը աղջկա ականջին,- իրավիճակը հաղթահարելու ամենաարագ և արդյունավետ միջոցը նոր մարդիկ են, ովքեր տարբերվում են, քեզ նման են, ովքեր հնարավոր է հին ընկերների մեջ են, բայց, իրավիճակից ելնելով, նորովի եք բացահայտում նրանց։ Շփվե՛ք։ Ընտրեք նրանց, ովքեր չեն թուլացնում, ովքեր թևեր են տալիս, այլ ոչ` կտրում։ Չարաշահում վստահությունդ ու ցավացնում։ Արդյունքում` անգամ չեն ցանկանում լսել, տեսնել ու խոսել։ Սերը ցավոտ չպետք է լինի։ Սիրողը մենակ չի թողնում։ Հետ է գալիս, գրկում ու մինչև ճանապարհի վերջ քեզ հետ մնում։ Ամեն ինչ ժամանակավոր է ու անցողիկ։ Կարող ես ընտրել ու փախչել բոլորից, բայց ինքդ քեզնից չես կարող փախչել։ Մնում ես դու, բայց դու մենակ չես։ Եվ հիշիր` դու ուժեղ ես։ Ուշադիր նայի՛ր շուրջդ, անգամ մի պաղպաղակը կարող է մոտիվացնել ու ստիպել, նորովի նայել կյանքին։ Անիմաստ է պայքարել մի բանի համար, որը միայն քեզ է պետք։ Սրբի՛ր արցունքներդ, ապրի՛ր, շնչի՛ր, նորից սիրահարվի՛ր ու կրկին սիրի՛ր»։

Նորից գարուն կբացվի։ Նորից նոր ու տարբերվող տերևներ կհայտնվեն։

Լավ է, որ տերևները խոսել չգիտեն․․․ Նրանք շատ բան գիտեն։

Պատկերասրահ՝ Աշուն - 2019