Նյութը՝ Նազելի Գրիգորյանի
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 23-11-2019
Նարեկ Եգանյանը՝ Գինեսի եռակի ռեկորդակիր
Գինեսի ռեկորդների գրքում հայ հերոսների անունները շարունակում են ավելանալ, ինչը ոչ միայն ողջունելի է, այլև հպարտացնող: Սակայն Նարեկ Եգանյանի համար, կարծեք թե, գինեսի ռեկորդ սահմանելը դարձել է սովորական երևույթ:

Նարեկը, ով տարիներ շարունակ զբաղվել է ազատ ոճի ըմբշամարտով, այս տարվա գարնանը որոշեց իր ուժը փորձել՝ ձգելով 167 տ ջերմաքարշ (2մ 60սմտեղաշարժով), այսպիսով գերազանցեց ազգությամբ ռուս Իվան Սավկինինի սահմանած ռեկորդը  (1մ 90 տեղաշարժով):

«Ինձ համար գինեսի համաշխարհային ռեկորդակիրների շարքում հայտնվելը շատ կարևոր էր. ոչ թե անձնական ամբիցիաների բավարարման, իմ ուժը կարևորելու, այլ իմ երկրի վարկանիշը այս հարթակում ևս մեկ անգամ բարձր պահելու համար»,- պնդում է մարզիկը, հավելելով, որ հիանալի կլիներ, եթե նմանատիպ հաջողությունների համար ինքն ու այլ մարզիկներ գոնե փոքրիկ շնորհակալության արժանային,- «ինձ, իհարկե, նեղացնում է պետական մակարդակով անտարբերությունը, սակայն ես սիրում եմ այն գործը, որով զբաղվում եմ և շարունակելու եմ գրանցել իմ հերթական հաջողությունը»:

Իհարկե վանաձորցի մարզիկի հաջորդ ռեկորդը չուշացավ, որին ներկա էին Գինեսի գրքի Հայաստանի ազգային գրասենյակի ղեկավար Վարդան Թովմասյանը, ներկայացուցիցիչներ ՀՀ Պաշտպանության նախարարությունից; Այն նույնպես կարևորագույններից էր. այս անգամ Նարեկին հաջողվեց ևս մեկ անգամ գրանցվել գինեսի ռեկորդների «Դյուցազնագրքում»՝ քաշելով 27 տ ընդհաանուր քաշով HMM տեսակի 2 տանկ:

«Այս ռեկորդը սահմանելու համար ինձնից պահանջվեց գրեթե չորս ամիս: Ինչպես սովորական, այնպես էլ երկարատև լուրջ մարզումների շնորհիվ, ես ֆիզիկապես պատրաստ էի ավելի մեծ քաշով զրահատեխնիկա տեղաշարժել: Սա հերթական ռեկորդ չէր, այն ինձ համար շատ ավելի կարևոր էր, քանի որ ինձ մոտ առաջին անգամ այն ստացվեց, ինչի համար շատ ուրախ էի, նույնիսկ երջանիկ»,-անկեղծացավ մարզիկը:

Գինեսի՝ ուժային ռեկորդներ, իհարկե, շատերին է հաջողվել սահմանել, սակայն Նարեկի համար հաջորդ նշաձողն ավելի բարձր էր և հայրենասիրական նշանակություն ուներ: 44տ 800կգ ընդհանուր քաշով T72 B3 թրթուրավոր զրահատեխնիկան, որն ամենից ծանրն է այս տեսակի զինտեխնիկայի մեջ, առաջին անգամ հաջողվեց տեղաշարժել Նարեկին:

«Ես կանգ առնելու մտադրություն չունեի, իսկ հայկական բանակի զրահատեխնիկան տեղաշարժելը, ինչ որ առումով, նույնիսկ պարտավորեցնող էր: Անհամեստություն չթվա, բայց T72 տանկը, որը մարդու կողմից երբևէ 1 սմ անգամ շարժել չի ստացվել, առաջին անգամ ես եմ տեղաշարժել»,-նշեց Նարեկ Եգանյանը:

Ի դեպ, Նարեկը ծնունդով Լոռու մարզից է և իր ռեկորդներն էլ սահմանել է հենց իր մարզում՝ կարևորելով նաև մարդկանց ուշադրությունը և հոսքը դեպի Վանաձոր: 

Նա ավարտել է Վանաձորի Պետական Համալսարանի Ֆիզիկական կուլտուրա և սպորտ բաժինը, սակայն սպորտով զբաղվել է դեռ 5 տարեկանից: Սկզբում զբաղվել է ազատ ոճի ըմբշամարտով, ապա 4 տարի՝ ծանրամարտով, իսկ մինչ օրս՝ ուժային եռամարտով։ Այժմ ապրում է Վանաձոր քաղաքում և աշխատում՝  որպես մարտեր առանց կանոնների սպորտաձևի մարզիչ- մանկավարժ։ 

Նարեկը պնդում է, որ այս հաջողություններով սահմանափակվել չի պատրաստվում, իսկ միջազգային հարթակներում հայտնվելուն և շահավետ առաջարկներ ստանալուն դեմ չէ, սակայն հայանպաստ գործունեությույունն իր համար՝ որպես մարզիկ, մանկավարժ և, պարզապես, հայ՝ առաջնային է: