Նյութը՝ Միլենա Մկրտչյանի
Լուսանկարները՝ Միլենա Մկրտչյանի
Տեղադրվել է 2019-11-23 15:57
Երևանում մեկնարկեց գրքի փառատոնը
«Քաղաքը կարդում է». հենց այս կարգախոսով նոյեմբերի 22-ին մեկնարկեց Գրքի երևանյան փառատոնը:

Գրքի երևանյան փառատոնը իրականանում է 3-րդ անգամ: Փառատոնի նպատակն է խթանել ընթերցանությունը, ժամանակակից գրականության նկատմամբ հետաքրքրությունը, ամրապնդել գրող-գրական գործակալ-հրատարակիչ-ընթերցող շղթան, ինչպես նաև իրազեկել հանրությանը նոր հրատարակությունների մասին:

Փառատոնի շրջանակում  նոյեմբերի 22-24-ը «ՀԲԸՄ Հայաստան»-ի ցուցասրահում և դահլիճում տեղի կունենան մի շարք քննարկումներ, գրքերի շնորհանդեսներ, վարպետության դասեր, համերգներ: Գրքի տոնավաճառի այցելուները հնարավորություն ունեն նաև ներկայացված հրատարակչությունների տաղավարներից ձեռք բերել գրքեր մինչև 40% զեղչով: Այս տարի փառոտնին մասնակցում են 37 հրատարակիչ՝ ԵՊՀ, «Զանգակ», «Էդիտ պրինտ», «Նյումեգ», «ԳրաՏուն» և այլն: 



Երևանյան գրքի փառատոնի առաջին օրը տեղի ունեցան  Դեյվիդ Ռեմնիքի «Ալի․ Աշխարհի արքան» («Նյումեգ» հրատարակչություն) և Սթիվեն Քինգի «Փայլատակում» («Զանգակ» հրատարակչության ) գրքերի շնորհանդեսները:

Ընթերցողների դատին ներկայացվեց նաև ԵՊՀ հրատարակչության կողմից հրատարակված «Տերյանի չափոծոյի լեզուն և ոճը» մենագրությունը: Գիրքը ընթերցողներին ներկայացրին հեղինակը՝ Մերի Հովհաննիսյանը, հրատարակչության տնօրեն Կարեն Գրիգորյանը, Գևորգ Էմին-Տերյանը և ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանը:



Գրքի տոնը  հնարավորություն է տալիս նաև բացահայտելու տաղանդավոր ստեղծագործողների և նպաստում է նրանց առաջխաղացմանը: Գրողները հնարավորություն են ունեցել մասնակցելու նախապես հայտարարված գրական մրցույթին: Մրցանակաբաշխությունը տեղի կունենա նոյեմբերի 24-ին:

Գրքի երևանյան փառատոնն անցկացվում  է 2017 թվականից։