Նյութը՝ Միլենա Մկրտչյանի
Լուսանկարները՝ Միլենա Մկրտչյանի
Տեղադրվել է 2019-11-23 16:01
Բեսթսելլեր Մուհամեդ Ալիի՝ լեգենդար բռնցքամարտիկի մասին
Երևանյան գրքի փառատոնի շրջանակում «Նյումեգ» հրատարակչությունը ընթերցողներին ներկայացրեց Դեյվիդ Ռեմնքիքի «Մուհամեդ Ալի. Աշխարհի արքան» գիրքը:

Թեև շնորհանդեսը տեղի ունեցավ նոյեմբերի 22-ին, այնուամենայնիվ գիրքը մեկ ամսից ավելի է ինչ առկա է գրախանութներում: Սպորտային բեսթսելլերը հայերեն թարգմանել է Լիանա Զաքարյանը, ում համար «Մուհամեդ Ալի. աշխարհի արքան» գիրքը սպորտային գրականություն թարգմանելու 4-րդ աշխատանքն է: Գրքի հայերեն թարգմանության խմբագիրը Գնել Նալբանդյանն է, ծանոթագրությունները և վերիֆիկացիան կատարել է սպորտային մեկնաբան-լրագրող Գրիգոր Ավետիսյանը:

Թարգմանչուհի Լիանա Զաքարյանը նշում է, որ գրքի թարգմանությունը շատ կարևոր և պատասխանատու աշխատանք էր: 

«Այս գիրքը հեռու է սովորական մարզական բեսթսելլեր լինելուց. այն պարզապես շատ ավելին է: Գիրքն ունի շատ հետաքրքիր կառուցվածք և մատուցման ձև: Այն չի սկսվում և ավարտվում Ալիին գովաբանելով: Հեղինակը, Ալիին դնելով գործողոթւոյւնների կիզակետում, համակողմանիորեն բացատրում է, թե ինչ էր կատարվում ամերիկյան հասարակական-քաղաքական կյանքի այդ ժամանակահատվածում»,- կարևորեց թարգմանչուհին:



«Նյումեգ» հրատարակչության տնօրեն Արտակ Ալեքսանյանը փաստում է, որ գրքի հայերեն հրատարակության աշխատանքներն իրականացնող թիմը արել է ամեն բան, որպեսզի Ալիի մասին ընթերցանությունը հայ ընթերցողների համար լինի շատ ճանաչողական, ուսանելի և դյուրամարս: Հենց այդ պատճառով էլ գիրքը հարուստ է ծանոթագրություններով:

«Միացյալ նահանգների ժամանակակից լավագույն հեղինակներից մեկի՝ Պուլիցերյան մրցանակի դափնեկիր Դեյվիդ Ռեմնքիքի գրքում կան բռնցքամարտի, սպորտային մրցակցության տեսարանների նկարագրություններ, որոնք չեն կրկնում իրար, գրագետ են և ճիշտ ձևակերպված: Գլոբալ հասարակության համար այս գիրքը հետաքրքիր է նրանով, որ պատմում է, թե ինչպես են ստեղծվում լեգենդները, ինչպես է սպորտային գրականությունը ստեղծում իր հերոսին»,- նշեց Արտակ Ալեքսանյանը:

«Նյումեգ» հրատարակչությունը հրատարակել է մի շարք այլ սպորտային գրքեր: 2020 թվականի առաջին սպորտային գիրքը, որը հրատարակչությունը ընթերցողների դատին կներկայացնի, լինելու է ֆուտբոլիստ Զլատան Իբրահիմովիչի մասին: