Նյութը՝ Գայանե Մելիքյանի
Լուսանկարները՝ Էմմա Մաթևոսյանի
Տեղադրվել է 2019-11-23 16:58
Վանաձորում կայացավ տեղական և միջազգային համագործակցության զարգացմանն ուղղված համաժողովը
ՀՀ 2019 թ․-ի երիտասարդական մայրաքաղաք Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում նոյեմբերի 22-ին կայացավ տեղական և միջազգային համագործակցության զարգացմանն ուղղված համաժողով: Համաժողովը կազմակերպել էր ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը՝ «2019 թվականի երիտասարդական մայրաքաղաք» ծրագրի շրջանակներում։

Համաժողովի նպատակն էր զարգացնել տեղական և միջազգային երիտասարդական համագործակցությունը, խթանել երիտասարդների շարժունությունը, բարձրացնել երիտասարդների իրազեկվածությունը՝ տեղական և միջազգային ծրագրերի վերաբերյալ:

Համաժողովին հանդես եկան մի շարք փորձագետներ։

Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն»-ի տնօրեն, Հայաստանում «Էրազմուս+ Երիտասարդություն» տեղեկատվական կենտրոնի համակարգող, երիտասարդական ոլորտի միջազգային փորձագետ Արթուր Նաջարյանը Eritasard.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ համաժողովի ընթացքում ներկայացվել է ինչպես «Էրազմուս+ Երիտասարդություն», այնպես էլ Եվրոպական միության կողմից իրականացվող «Եվրոպական համերաշխության կորպուս» ծրագիրը, որը 18-30 տարեկան հայ երիտասարդներին հնարավորություն է տալիս 2 շաբաթից մինչև 12 ամիս եվրոպական երկրներում աշխատանքային պրակտիկա անցնել։ 

«Ծրագիրը բավականին մեծ հետաքրքրություն էր առաջացրել մասնակիցների շրջանում, ինչի մասին վկայում էր ներկաների մեծ թիվը։ Մեր առջև խնդիր էինք դրել՝ Վանաձորի և շրջակա բնակավայրերի պատանիներին միջազգային վերապատրաստման և զարգացման ծրագրերի մասին տեղեկատվությամբ ապահովելու։ Ուրախությամբ պետք է նշեմ, որ մեզ հաջողվեց»,-նշեց Արթուր Նաջարյանը և հավելեց, որ հանդիպումից անմիջապես հետո արդեն իսկ նկատելի էր մասնակիցների ակտիվությունը, ինչն անշուշտ կարևոր և ուրախալի փաստ է։ 

Ըստ փորձագետի՝ այսօր հնարավորությունները շատ են, քան նախկինում, մասնակիցների թիվը ևս, սակայն, նախկինում առավել համակարգված է եղել, քանի որ ծրագրերն իրականացվել են մի քանի կառույցների կողմից։ Այդ փաստը որակի խնդիր երբևէ չի առաջացրել։ «Հայաստանում այսօր լուրջ խնդիր կա, ինչի մասին բարձրաձայնեցին նաև մասնակիցները, առ այն, որ երբեմն կազմակերպությունները գումարներ են պահանջում, սակայն, իրականում, նման ծրագրերը նպատակ ունեն ապահովել հասանելիություն․ դրա համար էլ անվճար են»,-նշում է Արթուր Նաջարյանը։ 

Նրա խոսքով՝ Հայաստանում 2017թ․-ից գործում է «Էրազմուս+ Երիտասարդություն» տեղեկատվական կենտրոնը, որը պատասխանատու է Հայաստանում ծրագրի մասին տեղեկատվության տրամադրմամբ։ «Մենք ենթադրում ենք, որ գուցե դրանով է պայմանավորված, որ ավելի շատ մարզաբնակ երիտասարդներ են սկսել մասնակցել և օգտվել այդ ծրագրային հնարավորություններից։ Շատերը ուսանող չեն կամ իրենց համայնքներում որևէ կառույցի անդամ չեն, բայց տարբեր հանդիպումների կամ սոցիալական մեդիայի միջոցով իմացել են ծրագրի մասին և դիմել։ Սա թերևս կարելի է դրական տեղաշարժ համարել»,- նշում փորձագետը։

«Երիտասարդների տուն» բաց երիտասարդական կենտրոնի համակարգող, փորձագետ Գայանե Առաքելյանը համաժողովի ընթացքում խոսել է «Բաց երիտասարդական աշխատանքը Հայաստանում» թեմայի շրջանակներում։ 

Մասնակիցներին ներկայացվել է բաց երիտասարդական աշխատանքի սկզբունքները, մոտեցումները, մասնավորապես, թե տարբեր կազմակերպությունների և խմբերի կողմից իրականցվող որ աշխատանքներն են համարվում պրոֆեսիոնալ, բաց երիտասարդական աշխատանք։ Ներկայացվել է նաև Հայստանում առաջին և այս պահին միակ, բաց երիտասարդական աշխատանքի մեթոդաբանությամբ գործող միակ կառույցի՝ «Երիտասարդների տուն» բաց երիտասարդական կենտրոնի գործունեությունը։

«Ներկայիս երիտասարդները մեծ ներուժ ունեն, սակայն այդ ներուժը պահելու և առավել զարգացնելու հնարավորություն կլինի, եթե կազմակերպությունները գործեն բարեխղճորեն, համապատասխան սկզբունքներով և արժեքներով։ Իսկ նման համաժողովները, անշուշտ, լավ առիթ են երիտասարդներին տարբեր միջազգային ծրագրերի, համագործակցությունների մասին տեղեկացնելու և իրազեկելու համար»,- նշեց Գայանե Առաքելյանը։ 

«Երիտասարդական պետական քաղաքականություն, երիտասարդական ծրագրեր» աշխատախմբի համակարգող Էդիկ Հարությունյանը մեզ հետ զրույցում նշեց, որ ծրագիրը հնարավորություն է տալիս ապագայում մասնակցություն ունենալ երիտասարդական քաղաքականության ձևավորմանը։ 

«Համաժողովի ընթացքում երիտասարդների կողմից ներկայացված բոլոր առաջարկները համակարգվելու և ուղարկվելու են լիազոր մարմին։ Նման համաժողովներն ինքնին լայն հնարավորություն են մասնակիցների համար, մասնավորապես՝ առաջատար մասնագետների հետ ծանոթություն, վերջիններիս հետ քննարկումների շրջանակում փորձի փոխանակում, և իհարկե մասնակցություն՝ երիտասարդական քաղաքականության ձևավորմանը»,- նշեց Էդիկ Հարությունյանը։ 

Համաժողովի մասնակից Վահե Խաչիկյանը («ՀԿ Կենտրոն»-ի հանրային կապերի պատասխանատու և «Վանաձորի ԻնֆոՏան» ծրագրերի համակարգող) մեզ հետ զրույցում նշեց, որ պետական միջոցառումները մարզերում անցկացնելը շատ կարևոր և ողջունելի է, քանի որ տնտեսապես ոչ ակտիվ երիտասարդները հաճախ միջոցներ չունեն Երևան հասնելու, իրենց ձայնը լսելի դարձնելու, խնդիրները բարձրաձայնելու համար։

«Սա թերևս ևս մեկ հարթակ էր խոսելու՝ երիտասարդական ոլորտում առկա խնդիրների և հնարավորությունների մասին։ Հուսով եմ՝ քննարկման ընթացքում ձևավորված առաջարկները, որոնք ուղարկվել են նախարարություն, պատշաճ արձագանք կստանան, կկարևորվեն պետական մարմինների կողմից և տեղ կգտնեն պետական ռազմավարական փաստաթղթերում»,- նշեց Վահե Խաչիկյանը։ 

Վահե Խաչիկյանի խոսքով՝ այս համաժողովը լավ առիթ էր ևս մեկ անգամ թարմացնելու այն տեղեկատվությունը, որին տիրապետում է ոլորտի վերաբերյալ, ինչպես նաև շփվել, փորձի փոխանակում և քննարկում ծավալել ոլորտի մասնագետների հետ։ 

Նշենք, որ համաժողովի մասնակիցների կողմից ներկայացված առաջարկները փորձագետների և համակարգողների կողմից կամփոփվեն և կներկայացվեն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն, որոնք հաշվի կառնվեն նախարարության հետագա ծրագրերի մշակման ընթացքում:

Պատկերասրահ՝ Երիտասարդական համագործակցության զարգացմանն ուղղված համաժողով Վանաձորում