Նյութը՝ Միլենա Մկրտչյանի
Լուսանկարները՝ Միլենա Մկրտչյանի
Տեղադրվել է 2019-11-24 13:24
Ամենահայտնի բրիտանացու՝ Ուինսթոն Չերչիլի «Ինքնակենսագրությունը»՝ հայերեն
Նոյեմբերի 23-ին «Քաղաքը կարդում է» խորագրով գրքի երևանյան 3-րդ փառատոնի շրջանակում տեղի ունեցավ Ուինսթոն Չերչիլի «Ինքնակենսագրություն» գրքի շնորհանդեսը:

Գիրքը լույսընծայվել է «ԳրաՏուն» հրատարակչություն կողմից: Այն թարգմանվել է «ԳրաՏան» «Ինքնակենսագրականներ» շարքի շրջանակում: Բնագրից գիրքը թարգմանել է Արմինե Մարկոսյանը: Թարգմանչուհին նշում է, որ մինչ գիրքը թարգմանելը, Չերչիլի մասին խոսելիս մտածում էր միայն քաղաքականության մասին:  Բայց «Ինքնակենսագրության» բովանդակությանը ծանոթանալուց պարզ դարձավ, որ Չերչիլը այն սկսել է իր կյանքի շատ ավելի վաղ շրջանից:



«Չերչիլը շարունակ ինքնակրթությամբ զբաղվելու մեծ ձիրք ուներ: Նրա ամենամեծ պատգամը մենք կարող ենք հենց սա համարել՝ ինքնակրությունը և ինքնակրթության միջոցով որևէ բանի հասնելը»,- նշեց թարգմանչուհի Արմինե Մարկոսյանը:

«ԳրաՏուն» հրատարակչության համահիմնադիր Մարիամ Մարտիրոսյանը, խոսելով գրքի ձևավորման մասին, կարևորում է այն հանգամանքը, որ Չերչիլի բազմաթիվ լուսանկարներից գրքի շապիկի համար ընտրվել է հայ լուսանկարչի՝ Յուսուֆ Քարշի (Հովսեփ Քարշյանի) կողմից արված լուսանկարը:



«Չերչիլը 20-րդ դարի մեծագույն քաղաքական գործիչներից մեկն էր: Չպետք է մոռանանք, որ դրանից բացի նա նաև լրագրող էր, պատմաբան և գրականությունից Նոբելյան մրցանակի դափնեկիր։ Իր բազմաթիվ հոդվածներից, ստեղծագործություններից մենք ընտրել ենք և մեր թիրախը եղել է հենց Չերչիլի «Ինքնակենսագրությունը», քանի որ ինչպես ասում էր Չերչիլը, պետք է ժամանակը տրամադրենք ուրիշների գրածների հիման վրա ինքնակրթվելուն, որպեսզի հեշտությամբ հասնենք այն ամենին, ինչին նրանք հասել են դժվարին աշխատանքի շնորհիվ:  Չերչիլի ինքնակենսագրությունը խտացված տարբերակով ներկայացնում է այն ամենը, ինչը որ Չերչիլը կարողացել է ձեռք բերել իր տարիների փորձի և ապրած ժամանակի ընթացքում»,- ասաց Մարիամ Մարտիրոսյանը:



Գիրքը ներկայացված է Գրքի փառատոնի «ԳրաՏուն» հրատարակչության տաղավարում, բացի այդ այն հասանելի է նաև երևանյան և մարզային գրախանութներում: