Նյութը՝ Գայանե Մելիքյանի
Լուսանկարները՝ Արմեն Սիմոնյանի
Տեղադրվել է 24-11-2019
Փորձագիտական հանձնաժողովին հյուրընկալեց նաև Կապանը
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «ՀՀ 2020թ․ երիտասարդական մայրաքաղաք» մրցույթին հայտ ներկայացրած 5 քաղաքների թվում է նաև Սյունիքի մարզկենտրոն Կապան քաղաքը։

Փորձագիտական հանձնաժողովը նոյեմբերի 22-23-ը այց կատարեց նաև հայտատու Կապան քաղաք։ Փորձագիտական խմբին ուղեկցում էր Կապանի համայնքապետարանի տնտեսական զարգացման և արտաքին կապերի բաժնի պետ, «ՀՀ 2020թ․ երիտասարդական մայրաքաղաք» մրցույթի հայտի ներկայացման պատասխանատու Հասմիկ Ղոնյանը։ 

Փորձագիտական խմբին հյուրընկալեց Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանը։ Հանդիպում-քննարկմանը ներկա էին նաև Կապան համայնքի ղեկավարին կից երիտասարդական խորհրդի, «Զարգացման նախաձեռնություններ», «Զբոսավարներ հարավից», «Մշակութային նախաձեռնություններ» ՀԿ-ների և ավագանու անդամներ, այդ թվում նաև համայնքապետարանի և ենթակառույցների աշխատակիցներ։ 

Ներկայացվեցին ծավալած գործունեությունն ու տարված աշխատանքները։ Հանդիպման ընթացքում ծավալվեց նաև հարց ու պատասխան: Երիտասարդները հյուրերին ներկայացրեցին իրենց գործունեությունը, կատարած աշխատանքները, նպատակները, առաջիկա պլանները, ինչպես նաև պատասխանեցին փորձագետներին հուզող հարցերին։

Այց կատարվեց Կապանի նոր վերանորոգված թիվ 1 երաժշտական դպրոց, Կապանի երաժշտական քոլեջ (ունի երգեհոնային դահլիճ), տարածաշրջանում իր ձևաչափով միակը հանդիսացող էլեկտրոնային գրադարան (բացվել է 2015թ․ դեկտեմբերին), Կապանի մշակութային կենտրոն (նոր վերանորոգված 150 տեղանոց փոքր և 700 տեղանոց մեծ դահլիճ), Արվեստի պետական քոլեջ, Խուլերի համայնքային կենտրոն, Դավիթ Համբարձումյանի անվան մանկապատանեկան մարզադպրոց և աթլետիկայի մանկապատանեկան մարզադպրոց․․․

Ալ. Շիրվանզադեի անվան պետական դրամատիկական թատրոն այցի շրջանակներում փորձագետները ներկա գտնվեցի թատերական ներկայացման պրեմիերային։ Ինչպես նաև այցելեցին Կապանում վերջերս բացված «Սյունիք» կինոթատրոն։

Փորձագետները քաղաքապետարանի նիստների դահլիճում հանդիպեցին նաև ուսանողների հետ։ Քննարկվեցին երիտասարդական ոլորտի մի շարք խնդիրներ, ծավալվեց հարց ու պատասխան։ 

Eritasard.am-ի թղթակցի հետ զրույցում Կապանի համայնքապետարանի տնտեսական զարգացման և արտաքին կապերի բաժնի պետ, «ՀՀ 2020թ․ երիտասարդական մայրաքաղաք» մրցույթի հայտի ներկայացման պատասխանատու Հասմիկ Ղոնյանը նշեց, որ Կապանի երիտասարդությունը մեծ ներուժ ունի, ինչի մասին փաստում են պետական մարմիններում նրանց թիվը։ 

Միայն ավագանու 15 անդամից 10-ը երիտասարդներ են։ Բացի այդ, քաղաքապետը՝ Գևորգ Փարսյանը, ևս երիտասարդ է։ Վերջինս ձգտում է Կապանում այնպիսի պայմաններ ստեղծել, որպեսզի կապանցի երիտասարդներն իրենց գործունեությունը ծավալեն հենց Կապանում, իսկ քաղաքից դուրս գործունեություն ծավալողները՝ վերադառնան և իրենց ներուժը կենտրոնացնեն Կապանի զարգացման ուղղությամբ։

«Կապանն ունի բոլոր նախադրյալները երիտասարդական մայրաքաղաք դառնալու համար, քանի որ ունի ակտիվ երիտասարդություն, անհրաժեշտ պայմաններ։ Այս ակտիվությունը նկատելի դարձավ 2013թ․-ից։ Այս տարիների ընթացքում հսկայական աշխատանքներ են տարվել երիտասարդների կողմից՝ համայնքի զարգացման հարցում, որոնք, անխոս կրելու են շարունակական բնույթ»,-նշեց Հասմիկ Ղոնյանը։ 

Հիշեցնենք, որ «ՀՀ 2020 թվականի երիտասարդական մայրաքաղաք» մրցույթին մասնակցելու համար հայտ էին ներկայացրել նաև Հրազդան, Արմավիր, Գավառ, Գորիս քաղաքները։ 

Պատկերասրահ՝ Փորձագիտական հանձնաժողովի այցը Կապան (2019 թ.)