Նյութը՝ Հերմինե Կարապետյանի
Լուսանկարները՝ Արմեն Սիմոնյանի
Տեղադրվել է 26-11-2019
Դեկտեմբերի 10-ին պարզ կդառնան «100 գաղափար Հայաստանի համար» համահայկական երիտասարդական մրցույթի արդյունքները
Արդեն մի քանի տարի է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը իրականացնում է «100 գաղափար Հայաստանի համար» խորագրով համահայկական երիտասարդական մրցույթ։
ԿԳՄՍ հարցերով փոխնախարար Գևորգ Լոռեցյանը անդրադառնալով երիտասարդական մրցույթին նշեց. «Սա համահայկական երիտասարդական մրցույթ է, որն անցկացվում է նորարարական մտածողությունը զարգացնելու, հանրապետությունում սոցիալ-տնտեսական, մշակութային կյանքին երիտասարդների ներգրավվածությունն ապահովելու համար»։

Լոռեցյանի խոսքով, մրցույթը նախատեսված է 16-35 տարեկան երիտասարդների համար։

«Մրցույթի հիմնական նպատակներից են երիտասարդների շրջանում գյուտարարության, նորարաության խթանումն ու զարգացումը, երկրի սոցիալ-տնտեսական զարգացման համար գործնական նշանակություն ունեցող նորարարական նախագծերի և գիտատեխնիկական մշակումների հայտնաբերումը և հնարավոր ներդրումը: Այսինքն՝ այն ամենն, ինչ հնարավորություն կտա երիտասարդներիններին կայացնել իրենց գաղափարներն ու դրանք դարձնել կիրառելի»,- ասաց փոխնախարարը։


 
 Անդրադառնալով մրցույթի կարևորությանը՝ Լոռեցյանը նշեց, որ ծրագրեր կազմելու փորձառություն չունեցող երիտասարդները ձեռք կբերեն ավելի ֆորմալ ծրագրեր կազմելու հմտություններ։ «Այստեղ երիտասարդների գաղափարները կստանան փորձագիտական գնահատական։ Դա երիտասարդներին հնարավորություն կտա գնահատել սեփական մտհաղացման որակական մասը»,- հավելեց նա։ 
 
«100 գաղափար Հայաստանի համար» համահայկական երիտասարդական մրցույթն այս տարի անցկացվում է «Քիմիական գիտություններ», «Տեղեկատվական տեխնոլոգիաներ», «Մանկավարժական գիտություններ», «Ճարտարապետություն», «Սոցիոլոգիական գիտություններ» անվանակարգերում։ Ընդհանուր առմամբ ներկայացվել է 17 հայտ, որոնք փորձագիտական գնահատականի կարժանանան դեկտեմբերի 9–ին։ 
 
«Կարծում եմ դիմումների քանակի քիչ լինելը պայմանավորված է նրանով, որ դիմողներին երբեմն այնքան էլ պարզ չէ ծրագրի վերջնանպատակը: Նրանք չեն պատկերացնում, թե ինչ են ստանալու, և դա բնական է, բայց մենք անում ենք ամեն հնարավորը նմանատիպ ծրագրերի կարևորությունը մարդկանց հասցնելու համար: Ժամանակ է անհրաժեշտ, որ բոլորը հասկանան` մրցույթն օբյեկտիվ է և արդար»,- շեշտեց փոխնախարարը:

Մրցույթի արդյունքները պարզ կդառնան դեկտեմբերի 10-ին: