Նյութը՝ Հարություն Ծատրյանի
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 2019-03-10 21:02
Կարողությունների զարգացման ծրագիրը մեկնարկեց հանդիպում-համաժողով գործողությամբ
«Սոցիալական ու երիտասարդական աշխատողներ» ՀԿ-ի՝ «Կամավորական երիտասարդական աշխատանքի ճանաչումը որպես գործունակության երաշխիք» միջազգային կրթական ծրագիրը Հայաստան էր բերել բոլոր գործընկերներին՝ հանդիպում-համաժողովի ձեւաչափով մեկտեղելով կողմերին։

Մարտի 1-ից 5-ը «Կամավորական երիտասարդական աշխատանքի ճանաչումը որպես գործունակության երաշխիք» կարողությունների զարգացման Էրազմուս+ ծրագրի մեջ ներգրավված գործընկեր կազմակերպությունների ղեկավարներն ու առաջնորդները հանդիպեցին Երեւանում` առաջին ծրագրային գործողության՝  փոխադարձ կապերի հաստատման նպատակով։ Այդ առիթով հյուրընկալ կողմի՝  «Սոցիալական ու երիտասարդական աշխատողներ» ՀԿ-ի ջանքերով հանդիպում-համաժողով էր կազմակերպել։



Հատկանշական է, որ երկարաժամկետ կարողությունների զարգացման Էրազմուս+ ծրագիրը մշակվել է «Սոցիալական ու երիտասարդական աշխատողներ» ՀԿ-ի՝ Հայաստանի ամենամեծ երիտասարդական կազմակերպության՝ «Երիտասարդական ակումբների դաշնության» անդամ կառույցի եւ վերջինիս եվրոպական գործընկերների կողմից։ Այն նպատակ ունի բարձրացնելու կամավորական երիտասարդական աշխատանքի ճանաչումը հասարակության եւ երիտասարդական դաշտի աշխատակիցների շրջանում, ճանաչելու եւ հաստատելու  երիտասարդների կողմից իրականացվող կամավորությունը տեղական, տարածաշրջանային ու ազգային մակարդակներում, զարգացնելու կամավորների գիտելիքները եւ դրանք կապելու աշխատաշուկայի հետ այն հմտությունների եւ գիտելիքների հաստատման միջոցով, որոնք ձեռք են բերվում որպես ոչ ֆորմալ ուսուցման մաս: Ծրագիրը պաշտոնապես սկսվել է 2019 թ.-ի հունվարին եւ կշարունակվի մինչեւ 2020 թ.-ի հունիս՝ ունենալով 2 կարողությունների զարգացման, 2 շարժունակության գործողություններ եւ իրազեկման բարձրացման ուղղված տեղական արշավների շրջան:



Ծրագրի առաջին փուլի՝ կապերի հաստատման համաժողովի նպատակն էր ծրագրում ներգրավված միջազգային եւ տեղական գործընկեր կազմակերպությունների երիտասարդական աշխատողների, երիտասարդական աշխատանքի ղեկավարների, առաջնորդների, մանկավարժների եւ կամավորների համար ապահովել համապատասխան հարթակ` խոսելու իրենց երկրներում գործող կամավոր եւ վճարովի երիտասարդական աշխատանքի վերաբերյալ օրենքների, օրենսդրական ու իրավական կարգավորումների եւ քաղաքականության, կամավորների հետ աշխատանքի վերաբերյալ կանոնակարգերի եւ երիտասարդական աշխատանքի ու ոչ ֆորմալ կրթության (ուսուցման) միջոցով ձեռք բերված կարողությունների ազգային եւ տեղական հաստատման գործիքների ընդհանրությունների ու տարբերությունների գտնելու մասին։ Գործընկերները նույնպես նպատակ ունեին ծանոթանալու միմյանց գործունեությանը եւ քննարկելու, գտնելու համագործակցության ու համատեղ աշխատանքի ուղիները երկարաժամկետ ծրագրի ամբողջ ընթացքում եւ դրանից հետո:



Գլխավոր նպատակները հետեւյալն են՝
• ծանոթանալ ծրագրում ներգրավված գործընկերների հետ եւ համընդհանուր հիմք ստեղծել համատեղ աշխատանքի ու համագործակցության համար ծրագրի ամբողջ ընթացքում եւ դրանից հետո,
• քարտեզագրել գործընկեր պետություններում կամավոր եւ վճարովի երիտասարդական աշխատանքի վերաբերյալ օրենքների, օրենսդրության եւ քաղաքականության, կամավորների հետ աշխատանքի վերաբերյալ կանոնակարգերի եւ երիտասարդական աշխատանքի ու ոչ ֆորմալ կրթության (ուսուցման) միջոցով ձեռք բերված կարողությունների ազգային ու տեղական հաստատման գործիքների վերաբերյալ իրավիճակը,
• ստեղծել աշխատանքային խմբեր՝ պլանավորելու եւ նախապատրաստելու առաջիկա գործողությունները (ուսումնական այց, երիտասարդական աշխատողների դասընթաց, տեղական իրազեկման արշավներ):



Ծրագրի ղեկավար Դիանա Եղիազարյանը կարեւորեց նմանօրինակ նախագծերի իրականացումը, քանի որ երիտասարդական աշխատանքի եւ ոչ ֆորմալ կրթության (ուսուցման) ճանաչման վրա հիմնված աշխատանքն այժմ եվրոպական համագործակցության առաջնահերթություններից է երիտասարդության ոլորտում ե՛ւ Եվրոպական Միությունում, ե՛ւ Եվրոպայի խորհրդում: Դիանա Եղիազարյանի դիտարկմամբ՝ ոչ ֆորմալ կրթությունը (ուսուցումը) պետք է ճանաչվի ձեռք բերված բոլոր կարողությունների եւ դրա օգտակարության համար հասարակության ու անհատների բարեկեցության նպատակով. «Սա պետք է նպաստի ոչ միայն կամավորների հետագա գործունակության նպաստմանը, այլեւ անդրադառնա աշխատաշուկայում կամավորության ճանաչմանը։ Երիտասարդական դաշտում պետք է ճանաչվեն եւ գնահատվեն նրանք, ովքեր աշխատում են կամավոր հիմունքներով եւ շատ առումներով նպաստում են երիտասարդների բարեկեցությանը: Նման նպատակները աջակցություն են ստանում ոչ ֆորմալ կրթության հաստատման վերաբերյալ ԵՄ Խորհրդի (2012 / C 398/01) հանձնարարականով, որում ասվում է, որ «ուսուցման արդյունքների հաստատումը, այն է՝ ոչ ֆորմալ ուսուցման միջոցով ձեռք բերված գիտելիքները, հմտությունները եւ կարողությունները, կարող են կարեւոր դեր ունենալ գործունակության եւ շարժունակության բարձրացման, ինչպես նաեւ շարունակական ուսման համար դրդապատճառների ավելացման գործում», մասնավորապես սա կարեւոր է սոցիալ-տնտեսական առումով անբարենպաստ կամ ցածր որակավորվածների դեպքում»:



Հնգօրյա համաժողովի հիմնական արդյունքներից մեկը ներկա իրականության քարտեզագրման ինքնատիպ պրակտիկան էր: 12 գործընկեր ներկայացրեց կամավոր եւ վճարովի երիտասարդական աշխատանքի իրավիճակը, կարողությունների ճանաչման ու հաստատման մեխանիզմները ծրագրում ներգրավված բոլոր 10 երկրներում: Մասնակիցները խոսեցին իրենց երկրներում ու տարածաշրջաններում, գործընկեր այլ կազմակերպություններում երիտասարդական աշխատանքի տարբերությունների եւ ընդհանրությունների մասին:

Մարտի 4-ին մասնակիցներն այցելեցին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով: Նրանց հետ հանդիպեցին ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորներ Աննա Կոստանյանը եւ Սարգիս Ալեքսանյանը:



Հանդիպումը շարունակվեց հարց-պատասխան ձեւաչափով: Երիտասարդները հետաքրքրված էին Հայաստանում իրականացվող երիտասարդական քաղաքականությամբ եւ ընտրական գործընթացներին երիտասարդական մասնակցությամբ: Հնչեցին հարցեր կամավորական աշխատանքի կարեւորության, կամավորների հետ աշխատանքի մասին օրենքի արդիական պահանջի, Հայաստանում հեղափոխությունից հետո կրթական եւ երիտասարդական ոլորտների խնդիրների մասին:

Աննա Կոստանյանը կարեւորեց երիտասարդության դերն ու նշանակությունը Հայաստանի զարգացման գործում, ինչպես նաեւ նրանց ներգրավվածությունը շարունակվող հասարակական եւ քաղաքական գործընթացներում:



«Հայաստանի երիտասարդական ակումբների դաշնություն» ՀԿ-ի նախագահ Ատոմ Մխիթարյանը նշեց, որ մեծացել է երիտասարդների մասնակցությունը որոշումների կայացման գործընթացին` նկատելով, որ խորհրդարանում եւ կառավարությունում որոշում կայացնողների տարիքը վերջերս երկու անգամ կրճատվել է:

Ծրագրի մասնակիցներն այցելեցին Ազգային ժողովի նորաբաց թանգարան եւ ներկա գտնվեցին ԱԺ նիստերի դահլիճում:



Մեկ այլ հանդիպում էլ տեղի ունեցավ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության Աշխատանքի եւ զբաղվածության վարչության պետ Ժորա Սարգսյանի հետ: Ըստ Դիանա Եղիազարյանի՝ սա միանգամայն արդյունավետ քննարկում էր, քանի որ միջազգային գործընկերները հնարավորություն ունեցան հարցեր ուղղելու ոլորտի առանցքային մասնագետներից մեկին՝ միաժամանակ անդրադառնալով ոչ պետական հատվածում կամավորության՝ իրենց երկրներում առկա իրավիճակին, ինչը թույլ տվեց համեմատության մեջ քննարկում ունենալ:

Երեւանում կայացած հանդիպում-համաժողովի մյուս հիմնական արդյունքը վերջում ստեղծված 3 աշխատանքային խմբերն էին, որոնք որոշեցին ուսումնական այցի, երիտասարդական աշխատողների դասընթացի եւ տեղական իրազեկման արշավների առանցքային նպատակները, իրականացման ամսաթվերը եւ վայրերը:



Համատեղ քննարկման արդյունքում որոշվեց, որ ծրագրի հաջորդ փուլը Շվեդիայում՝ մայրաքաղաք Ստոկհոլմում հունիսին անցկացվելիք ուսումնական այցն է լինելու: