Նյութը՝ Հերմինե Կարապետյանի
Լուսանկարները՝ Արմեն Սիմոնյանի
Տեղադրվել է 30-11-2019
Այսօր էլ հայագիտությունը մնում է որպես միջազգային գիտություն
«Մատենադարանի երիտասարդ գիտաշխատողների միավորում» ՀԿ-ն նոյեմբերի 28-30-ը կազմակերպում է երիտասարդական 5-րդ գիտաժողովը։

«Գիտաժողովը նվիրված է Մատենադարանի որպես գիտահետազոտական ինստիտուտ հաստատման 60 ամյակին», – նշեց Մատենադարանի տնօրեն Վահան Տեր–Ղևոնդյան գիտաժողովի բացման արարողության ժամանակ։ Նա հավելեց, որ գիտաժողովի երիտասարդական անվանումը նրա կարգավիճակը չի իջեցնում, այլ ընդհակառակը՝ բարձրացնում է։ «Մենք շատ մեծ կարևորություն ենք տալիս գիտաժողովին և երիտասարդների հետ աշխատանքին, որովհետև Մատենադարանը այն գիտական հետազոտական հաստատություններից է, որտեղ երիտասարդությունը մեծ թիվ է կազմնում ու մենք դա պահպանելու և զարգացնելու ենք, քանզի այսօր նույնիսկ ամենապատասխանատու հրատարակությունների, հիմնարար ամենակարևոր մատենաշարերի աշխատանքներում երիտասարդներն ավելի ու ավելի մեծ դեր ունեն»։

1920 - 1921 թթ. Հայաստանի առաջին հաստատություններից մեկը, որը պետական ինստիտուտի կարգավիճակ է ստացել եղել է Էջմիածնի Մատենադարանը։ Այն հետո տեղափոխվել է Երևան։ «Քննական հայացքով նայում ենք և հասկանում, որ  իսկապես կան շատ լուրջ ուղղություններ, որոնք դեռ կարիք ունեն մասնագետների պատրաստման, ինչի համար շատ լավ դարբնոց են այսօրինակ երիտասարևդական գիտաժողովները։ Եվ հետո համաչափությունը պահելու համար, այդ ուղղություններում որոշակի ռեսուրսներ ներդնելու անհարժեշտություն կա»։



Երեք օրերի ընթացքում գիտաժողովին զեկուցումներով հանդես կգան հայաստանյան և արտասահմանյան գիտակրթական տարբեր հաստատություններ ներկայացնող ավելի քան երեք տասնյակ երիտասարդ հետազոտողներ: Ներկայացվելիք զեկուցումներն առնչվում են հայ միջնադարագիտության ամենատարբեր ոլորտներին:

«Հայագիտությունը միջազգային գիտություն է։ Այսօր էլ հայագիտությունը մնում է որպես միջազգային գիտություն և սա բերում է նաև օբյեկտիվություն, լայնախոհություն և անաչառություն այս գիտությանը, քանզի այն չի սահմափակվում նեղ ազգային շրջանակներով ու Հայաստանի սահմաններով, այլապես այս գիտությունը կճահճանար։ Ի սկզբանե նպատակ չէին դրել, որ գիտաժողովը միջազգային լինի, սակայն ակամայից այդպես ստացվեց, ինչն էլ խոսում է այն մասին որ հայագիտության նկատմամբ հետաքրքրություն կա,- նշեց Տեր-Ղևոնդյանն ու հավելեց,- հենց նոր խոսում էի Ռումինացի գիտանականի հետ, ով հայերեն էր խոսում, այսինքն ոչ միայն ուսումնասիրել է հայերենը, այլև սովորել է»։



Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանը բացառիկ է իր ձեռագրերի հավաքածուով և հայապահպանությանն ուղղված իր գործունեությամբ: Նրանում ամփոփված է հայ գրավոր մշակույթի (և ոչ միայն հայ, այլ նաև օտար ազգերի գրավոր մշակույթի) պատմությունը:

Մատենադարանը ստեղծվել է Մեսրոպ Մաշտոցի կողմից` հայոց այբուբենի ստեղծումից հետո` դեռևս 5-րդ դարում, երբ կատարվել են հայերեն առաջին թարգմանությունները և ձևավորվել է հայոց մատենագրությունն իր առանձին ժանրերով: Հենց նույն դարում էլ ստեղծվել է առաջին գրապահոցը Վաղարշապատում` Էջմիածնի կաթողիկոսարանին կից, ինչի մասին վկայում է Ղազար Փարպեցին: 

Բացի Էջմիածնից, Հայաստանի այլ վայրերում և տարբեր երկրների հայաշատ բնակավայրերում գրվել և ընդօրինակվել են հազարավոր ձեռագիր մատյաններ, որոնք պահվել են վանքերի ու մենաստանների մատենադարաններում։