Նյութը՝ Մարիամ Հովունու
Լուսանկարները՝ Մարիամ Հովունու
Տեղադրվել է 2019-12-04 01:28
Ներկայացվեց ««Syllabus» ստեղծագործ քարավան» նախագիծը
Այսուհետ Հայաստանի մարզերում բնակվող ստեղծագործ երիտասարդները հնարավորություն կունենան հենց իրենց համայնքներում զարգացնել ստեղծագործական հմտություններն ու սովորել իրենց ոլորտի լավագույն մասնագետներից:

Օրեր առաջ Երևանում տեղի ունեցավ Ստեղծարար գաղափարների լաբորատորիայի բացումը, որն աջակցություն է ստացել ԵՄ կողմից ֆինանսավորվող «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը» (SMEDA) ծրագրի կողմից։



Հանրությունը հնարավորություն ունեցավ տեսնելու ««Syllabus» ստեղծագործ քարավան» նախագիծը: Այն ավտոբուս է, որի մեջ նստարանների փոխարեն կարի մեքենաներ են, համակարգիչներ, արհեստագործական ամենատարբեր գործիքներ, իրականում երեւակայական փոխադրամիջոց չէ, այլ «Նորաձևության և դիզայնի պալատի» հերթական նախաձեռնությունն՝ իր գործընկեր Դիլիջանի «MADE» արհեստագործական պլատֆորմի հետ համատեղ: 



Ծրագրի հիմնական նպատակն է աջակցել մարզային համայնքների հզորացմանը և ստեղծագործող անձանց, արհեստագործների կարողությունների զարգացմանը՝ նորագույն տեխնոլոգիաների ու գաղափարների կիրառմամբ, ինչն էլ պահանջում է ժամանակակից շուկան:



Ինչպես ««Syllabus» ստեղծագործ քարավան» նախագիծի ներկայացման օրը նշեցին ծրագրի ղեկավարներն ու պատասխատուներն այս նախագծի հիմնական նպատակն է հզորացնել համայնքները, ամրապնդել մշակութային ժառանգության նկատմամբ համայնքների իրավունքները, զարգացնել բիզնես գաղափարներ և աջակցել ժամանակակից շուկայի պահանջարկի վրա հիմնված ստեղծարար արդյունաբերությունների վերածննդին:



Միջոցառմանը ներկա էր ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը, ով հանդես եկավ ողջույնի խոսքով։ Դեսպանն անչափ կարևորեց նմանօրինակ ծրագրի իրականացումը հատկապես մարզային համայնքների համար․ «Ստեղծարար գաղափարների լաբորատորիայի նման նախաձեռնությունները, որոնք բացառապես կենտրոնացած են Հայաստանի մարզերի վրա, նպատակ ունեն համախմբել ձեռներեցներին, ստեղծել ցանցեր և հզորացնել ոգեշչող ստեղծագործ ձեռներեցներին: Մենք հավատում ենք, որ երիտասարդ մասնագետների ստեղծագործական և նորարարական հմտությունների հզորացումը կենսական նշանակություն ունի երկրի տնտեսական զարգացման համար»։



Դեսպանի համոզմամբ Հայաստանում ստեղծարար արդյունաբերության ոլորտն ունի հզոր չօգտագործված ներուժ, իսկ ԵՄ-ի ստեղծագործական, մշակութային և ստեղծարար արդյունաբերություններում ներդրումներ կատարելը օգնում է ստեղծել աշխատատեղեր և զարգացնել մարդկային ներուժը:



Ծրագրի շրջանակում նախատեսվում է անհրաժեշտ ժամանակակից տեխնոլոգիական սարքավորումներով, գործիքներով և նյութերով հագեցած ավտոբուս տեղափոխել այն վայրեր, որտեղ կանցկացվեն աշխատարաններ դիզայնի բազմաթիվ ոլորտներում: