Նյութը՝ Վահե Խաչիկյանի
Լուսանկարները՝ Վահե Խաչիկյանի
Տեղադրվել է 04-12-2019
Վանաձորում տեղի ունեցավ երիտասարդների իրազեկվածության բարձրացման երկօրյա դասընթաց
Առողջապահության համաշխարհային կազմակերպության և ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 1988թ. որոշման համաձայն դեկտեմբերի 1-ը նշվում է որպես ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օր։

ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը օրվան նվիրված երկօրյա դասընթաց էր կազմակերպել 2019 թվականի երիտասարդական մայրաքաղաք Վանաձորում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, թմրամիջոցների, ալկոհոլի և ծխախոտի օգտագործման վտանգավորության և դրանց հակազդման մեխանիզմների վերաբերյալ։ Դասընթացին մասնակցում էին թվով 46 երիտասարդներ Վանաձոր քաղաքից և հարակից գյուղական համայնքներից։ 

Դասընթացի առաջին օրը մասնակից երիտասարդները ծանոթացան ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի փոխանցման ձևերին, հիվանդության ազդեցությանը և դրա կանխարգելման հնարավորություններին։ Փորձառու մասնագետները նրանց ներկայացրեցին նաև պետության կողմից իրականացվող կանխարգելման միջոցառումներին և դրանցից օգտվելու ընթացակարգերին։ 

Երկրորդ օրվա դասընթացը նվիրված էր վնասակար մյուս երևույթների վերաբերյալ իրազեկվածության բարձրացմանը, որի ընթացքում փորձառու մասնագետները երիտասարդներին ներկայացրեցին ծխախոտի, ալկոհոլի և թմրանյութերի ազդեցությունները, թե ինչպես են դրանք կախվածություն առաջացնում, ազդեցություն ունենում մարդու տարբեր օրգանների վրա։



«Ինձ այս դասընթացը պետք էր ավելի տեղեկացված լինելու և թյուր ինֆորմացիաներից խուսափելու համար, քանի որ թեմայի վերաբերյալ տարբեր տեղեկություններ են տարածվում սոցիալական ցանցերով և անհրաժեշտ էր հավաստի աղբյուրներից լսել իրականությունը, որպեսզի հետագայում ես ևս կարողանամ այս թեմայի վերաբերյալ որպես իրազեկ երիտասարդ ազատ արտահայտվեմ»,- ասում է դասընթացի մասնակից Հայկ Զաքարյանը, ով 16 տարեկան է և սովորում է Վանաձորի թիվ 11 ավագ դպրոցում։

Դասընթացավար Աննա Ավետիսյանը, կարևորելով օրակարգում ներառված թեմաների վերաբերյալ երիտասրադության իրազեկվածության բարձրացման անհրաժեշտությունը, նշում է,- «Ես անչափ կարևորում եմ երիտասարդների շրջանում վնասակար սովորությունների վտանգավորության վերաբերյալ սեմինար-դասընթացների, վերապատրաստումների կազմակերպումը, որովհետև երիտասարադությունը հանդիասնում է առավել խոցելի խումբ, որի վարքագծի փոփոխության և ձևավորման վրա կարող է ազդեցություն ունենալ արտաքին միջավայրի ցանկացած բացասական երևույթ: Երիտասարդների շրջանում առողջ ապրելակերպի սերմանման և տարբեր վնասածին երևույթների վտանգավորության ու դրանց հակազդման մեխանիզմների վերաբերյալ գիտելիքների տրամադրման միջոցով մենք կարող ենք երաշխավորել մեր ապագա սերնդի առողջ ապագան: Ցավոք, մեր օրերում հանրակրթությունը նման թեմաների վերաբերյալ որևէ հստակ մեթոդաբանություն չունի մշակված, հիմնականում այս թեմաների վերաբերյալ երիտասարդները իրազեկվում են ոչ ֆորմալ կրթության միջոցով: Կարծում եմ, որ նման ոչ ֆորմալ դասընթացները պետք է կազմակերպվեն ավելի հաճախակի ու ավելի ընդգրկուն մաշտաբներով՝ առաջնահերթություն տալով մարզային համայնքներին, որտեղ նման հնարավորությունները առավել սահմանափակ են»:



«Դասընթացից տեղեկացա, որ ՄԻԱՎ/ՁԻԱՀ հիվանդությամբ մարդը պետք է իմանա իր կարգավիճակի մասին, ստանա համապատասխան ախտորոշում՝ առանց վախենալու հասրակության կարծիքից»,- նշում է դասընթացի մասնակից Օֆելյա Սարգսյանը և հավելում, որ հասարակության մեջ սխալ կարծրատիպ է տարածված, որ չի կարելի շփվել ՄԻԱՎ/ՁԻԱՀ հիվանդությամբ մարդու հետ, քանի որ կարծում են, թե հիվանդությունը կարող է փոխանցվել առօրյա շփման միջոցով։

Դասընթացները հիմնված էին ոչ ֆորմալ կրթության մոտեցումների վրա և դա էր պատճառը, որ ուսուցանողներն այս բարդ թեմաները մատուցում էին պարզ և մատչելի՝ խմբային աշխատանքների, քննարկումների և հարց ու պատասխանի միջոցով իսկ դասընթացների ընթացքում մասնակից երիտասարդները մտածում ու արտահայտվում էին ազատ և անկաշկանդ։

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից դասընթացների ավարտին մասնակիցների տրվեց մասնակցության հավաստագրեր: