Նյութը՝ Հարություն Ծատրյանի
Լուսանկարները՝ Հարություն Ծատրյանի
Տեղադրվել է 04-12-2019
Կապանը՝ 2020թ. Հայաստանի երիտասարդական մայրաքաղաք
Հայաստանի երիտասարդական մայրաքաղաքը 2020թ. հյուսիսային քաղաքից՝ Վանաձորից կտեղափոխվի երկրի հարավ՝ Կապան քաղաք։

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ Գեւորգ Լոռեցյանի մասնակցությամբ տեղի ունեցավ ամփոփիչ մամուլի ասուլիս նվիրված «Երիտասարդական մայրաքաղաք 2020» մրցույթի SMS քվեարկության եւ փորձագիտական խմբի իրականացրած ուսումնասիրությունների արդյունքների հանրայնացմանը։ ԿԳՄՍ նախարարի տեղակալն իր բացման ելույթի ժամանակ թվական տվյալներ ներկայացրեց, թե այս տարի քանի քաղաք էր մասնակցում «Երիտասարդական մայրաքաղաք» մրցույթին. «Ունեցել ենք 5 քաղաք, որոնք դիմել էին 2020թ. Հայաստանի երիտասարդական մայրաքաղաք դառնալու ցանկությամբ։ Հայտատուների թվում էին Արմավիրը, Գավառը, Գորիսը, Կապանը եւ Հրազդանը»։

Ամփոփելով մրցույթի SMS քվեարկության եւ փորձագիտական խմբի ուսումնասիրությունների արդյունքները՝ Գեւորգ Լոռեցյանը հայտարարեց, որ Հայաստանի Հանրապետության 2020 թվականի երիտասարդական մայրաքաղաք է ընտրվել Կապան քաղաքը: Սա նշանակում է, որ 2020թ. Հայաստանի հարավային քաղաքում ակտիվորեն կիրականացվեն երիտասարդական միջոցառումներ՝ նպաստելով Կապանի երիտասարդների կարողությունների զարգացմանը։

«Կապան քաղաքը ցույց է տվել, որ պատրաստ է թե՛ ռեսուրսներով, թե՛ երիտասարդության ոլորտում ունեցած աշխատանքով ու փորձով։ Ինքս եղել եմ Գորիս քաղաքում, երբ մրցույթի փորձագիտական խումբն այցելել էր ուսումնասիրություն կատարելու։ Բավականաչափ դուր եկավ, թե ինչպիսի ենթակառուցվածքներ ունի քաղաքը։ Փորձագետները, սակայն, նշում էին, որ երիտասարդության ոլորտում քաղաքը դեռեւս շատ անելիքներ ունի»,- ասուլիսի ընթացքում ասաց ԿԳՄՍ նախարարի տեղակալ Գեւորգ Լոռեցյանը։

«Երիտասարդական մայրաքաղաք» ավանդական դարձած մրցույթի առաջնային նպատակն է խթանել Հայաստանի մարզերի համաչափ զարգացումը եւ զարգացնել երիտասարդական նախաձեռնողականությունը։ Կարեւոր է նաեւ երիտասարդական քաղաքականության ոլորտում քաղաքների միջեւ գործընկերային հարաբերություններն ինչպես տեղական, հանրապետական, այնպես էլ միջազգային մակարդակում։ Նախարարությունն իր հերթին փորձում է խրախուսել ՀՀ քաղաքային իշխանություններին՝ տեղական մակարդակում մշակելու երիտասարդական քաղաքականության իրականացման արդիական եւ արդյունավետ մոդել, նպաստել մարզերում երիտասարդական կազմակերպությունների եւ ենթակառույցների համաչափ զարգացմանը։

Վերոնշյալ նպատակային կետերի արդյունավետությունը փորձել էին պարզել փորձագիտական խմբի ներկայացուցիչները, որոնք հայտատու քաղաքներ կատարած այցերի ընթացքում եղել են մարզական, մշակութային եւ ժամանցային հաստատություններում, ծանոթացել նաեւ տեղացի երիտասարդների հետ, հանդիպել երիտասարդական կազմակերպությունների անդամներին։

«Մրցույթի պահանջների ցանկում չի եղել, որ հաղթող քաղաքը պետք է ունենա զարգացած երիտասարդական քաղաքականություն, բայց առնվազն հիմք հարկավոր էր ունենալ»,- նշեց ԿԳՄՍ նախարարի տեղակալ Գեւորգ Լոռեցյանը։ 

Հատկանշական է, որ անցած մի քանի շաբաթների ընթացքում փորձագիտական խմբի անդամ 10 ներկայացուցիչ մասնագիտական այցելություններ է կատարել բոլոր հայտատու քաղաքներ, տրվել են գնահատականներ, ըստ որի՝ լավագույն հայտատուն Կապան քաղաքն է: Անցկացվել է նաեւ SMS քվեարկություն։ Քաղաքացիները ակտիվորեն մասնակցել են ՀՀ երիտասարդական մայրաքաղաքի ընտրությանը. մրցույթի ընթացքում կազմկոմիտեին հասել է ուղիղ 5263 կարճ հաղորդագրություն։ Ամենից շատ քաղաքացիները քվեարկել են Հրազդան քաղաքի օգտին։

Հանրագումարի բերելով հանրության SMS քվեարկության եւ մրցույթի փորձագիտական խմբի ուսումնասիրությունների արդյունքները՝ 2020թ. Հայաստանի երիտասարդական մայրաքաղաք է դարձել Կապանը, որը, ի դեպ, նախորդ տարի եւս մասնակցում էր մրցույթին, սակայն ավելի սակավ SMS հաղորդագրություններ էր ստացել, քան Վանաձորը, չնայած այն հանգամանքին, որ փորձագիտական խմբի գնահատականները համահավասար արդյունք էին արձանագրել։ 

Կապանի հայտի՝ լավագույն ճանաչվելը գոհացուցիչ եւ հաղթանակած է համարում քաղաքի տեղական ինքնակառավարման մարմնի ղեկավար, քաղաքապետ Գեւորգ Փարսյանը. «Մեր քաղաքն անցած տարի դառը փորձ ունեցավ. մեկ միավորի պատճառով՝ SMS քվեարկության արդյունքում Կապանը հաղթանակ չունեցավ։ 2019-ի ընթացքում մենք ամեն ինչ արեցինք, որ հաղթանակի հասնենք այս մրցույթում։ Ես ցանկանում եմ, որ մրցույթի մասնակիցները ոչ մի դեպքում չընկճվեն եւ լավագույնս պատրաստվեն հաջորդ տարվա համար»։

Կապանի քաղաքապետը նաեւ շնորհակալություն հայտնեց մրցույթի կազմկոմիտեին եւ բոլոր այն փորձագետներին, որոնք բարձր էին գնահատել Կապանի ներկայացրած հայտը։ Գեւորգ Փարսյանի խոսքով՝ քաղաքն ամեն ինչ անելու է երիտասարդական մայրաքաղաքի կոչմանը համահունչ միջոցառումներ կազմակերպելու եւ երիտասարդության կյանքն ակտիվացնելու ուղղությամբ. «Արդյունքները տեսանելի կլինեն 2020-ին»։

Կապանի քաղաքային իշխանության ներկայացուցիչները խորհրդանշական բանալին շուտով կստանան Վանաձորից, որն այս ամիս ավարտում է երիտասարդական մայրաքաղաք լինելու առաքելությունը։ Վանաձորում՝ երիտասարդական մայրաքաղաքում սպասվող տոնական այդ միջոցառման մասին կհայտարարվի ավելի ուշ։