Նյութը՝ Նազելի Գրիգորյանի
Լուսանկարները՝ Արմեն Սիմոնյանի
Տեղադրվել է 2019-12-05 12:56
«Թռիչք կկվի բնի վրայով»՝ առաջնախաղ Մայր թատրոնի բեմում
Ամերիկացի գրող Քեն Քիզիի հանրահայտ «Թռիչք կկվի բնի վրայով» վեպի էկրանավորումը մեծ հաջողություն է ունեցել` արժանանալով հինգ «Օսկար»-ի, որի յուրահատուկ մեկնաբանությունը Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում ներկայացրել է ՀՀ ժողովրդկանա արտիստ, թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Էլբակյանը:

«Ես շատ հավանում եմ ֆիլմը, հրաշալի ֆիլմ է։ Ֆիլմն իր ժամանակի մեջ շատ մեծ գործ արեց, բայց ամենամեծ գործն արել է Քեն Քիզին՝ գրելով այս հրաշալի ստեղծագործությունը, որն, ըստ իս, 20-րդ դարի լավագույն գրական ստեղծագործություններից է»,- անկեղծացավ Արմեն Էլբակյանը, հարց բարձրացնելով, թե ինչու թատրոնները չպետք է անդրադառնան դրան,- «ինչու պետք է այսօր մենք նորից ու նորից չփորձենք հասկանալ, թե ինչ բան է տոտալիտար ռեժիմը, թե ինչ բան է մարդ արարածին հասցնել այնպիսի վիճակի, որպեսզի նա փախուստ գործի իրականությունից: Այս վեպը շատ լավ առիթ էր այդ հարցերը բարձրացնելու համար»:

ՀՀ ժողովրդական արտիստ Արմեն Էլբակյանի  կարծիքով յուրաքանչյուր արվեստագետ, որը հարթակ կամ էկրան է բարձրացնում գրական ստեղծագործություններ, մեկնաբանում է յուրովի, իր ժամանակին համապատասխան։

«Այս ստեղծագործությունը խիստ ժամանակակից հնչեղություն ունի, շատ աղերսներ ունի մեր ժամանակի հետ: Իհարկե, որոշ հարցեր ունենք կապված այն բանի հետ, թե ինչպես ենք պատկերացնում ժամանակը: Մենք փորձել ենք խախտել ժամանակը, քանի որ այս ամեն ինչը, ինչ կատարվում է այս գործի մեջ, ժամանակ չունի, ժամանակից դուրս է: Ինքը և ժամանակ ունի, և չունի: Ժամանակաշրջանը չի կարևոր, այլ այն, թե որն է ապրելու նպատակը, ինչպես պետք է փորձի մարդ արարածն ազատագրվել մեր շուրջ տիրող քաոսից»,- ընդգծեց թատրոնի գեղարվեստական ղեկավարը: 

Ներկայացման բեմադրիչը վստահեցնում է, որ փորձել են հարազատ մնալ վեպին և, եթե ֆիլմում այս պատմությունը պատմվում է  ռեժիսորի աչքերով, այս պարագայում պատմվում է հնդկացու աչքերով, ինչպես և գրել է Քեն Քիզին: Բեմադրիչն օգտվել է բնօրինակից, փորձել է նայել Քիզիի դիրքից՝ նրա գրած վեպի ֆաբուլայի ընթացքը պահպանելով:

Յուրաքանչյուր ներկայացում թատրոնի հարստությունն է, յուրաքանչյուր առաջնախաղ տոն է թատրոնի համար, որը գալիս է գրելու թատրոնի պատմության նոր էջը՝ վստահեցնում է Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանը. 

«Որպես թատրոնի տնօրեն, վստահաբար, հանգիստ և համարձակ հայտարարում եմ, որ ստացվել է փայլուն, մայրաքաղաքային ներկայացում, խմբակային առումով օրինակելի ներկայացում։ Հպարտ և ուրախ եմ նման որակի ներկայացում ունենալ մեր բեմում»:


Ներկայացման գլխավոր դերակատար Մաք Մըրֆի կերպարում  ՀՀ վաստակավոր արտիստ Արմեն Մարգարյանն է, որը կերպարը ստեղծելիս չի փորձել համեմատություն անցկացնել ֆիլմի գլխավոր դերակատար Ջեք Նիկոլսոնի հետ:

«Ցանկանում եմ, որ ոչ միայն գլխավոր հերոսի դիրքերից հնչի ներկայացումը, այլև երևա ամբողջ կտավը, որտեղ  կարևոր են բոլոր կերպարները, և պատմության նշանակալի մասն են բոլոր գործող անձիք: Ի վերջո, գլխավոր հերոսը հոգեբուժարան է գալիս ու, այդ ամենը տեսնելով, մտածում է իր մասին, ուզում է փախչել, բայց հետո հասկանում է, որ իր համար չի եկել այդտեղ, այլ եկել է փրկելու մյուսներին էլ»,-նշեց դերասանը, հավելելով, որ եթե նույնիսկ մեկ անգամ խաղան ներկայացումը, իր համար արժևորված կլինեն այն երեք ամսվա փորձերը, որոնք իրականացվել են:

Ներկայացման համար երաժշտություն է գրել Գարի Քյոսայանը: Նա ասաց, որ Արմեն Էլբակյանի ձեռագիրը համապատասխանում է իր մտածելակերպի հետ:

«Կերպարների ստեղծման, ամեն ինչի մեջ շատ կարևոր հոգեբանական նուրբ պահեր կան, որ երաժշտությունն արդեն բխում է  սցենարից, մտածելակերպից: Իր իդեաները շատ երաժշտական են: Ինձ համար շատ հեշտ է երաժշտություն գրել ու աշխատել Արմեն Էլբակյանի հետ: Ստեղծագործության մեջ կա գլխավոր թեմա, երկու լրացուցիչ թեմա,  դասականի և ջազի խառնուրդն է»,- նշեց Գ. Քյոսայանը:

Արմեն Էլբակյանը շարունակեց, որ երաժշտությունը դրամատուրգիական կառուցվածք ունի:

Ի դեպ, հերոսի՝ Մաք Մըրֆիի ամբողջական անունն է Ռենդլ Պատրիկ Մաք Մըրֆի, որը հապավում է և նշանակում է  «հեղափոխություն մեկ րոպեում»:

«Թռիչք կկվի բնի վրայով» ներկայացման մեջ զբաղված են Արմեն Մարգարյանը, Սամվել Բաղինյանը, Անի Պետրոսյանը, Դավիթ Գասպարյանը, Մեսրոպ Աբտոյանը, Անդրանիկ Զաքարյանը, Արթուր Հարությունյանը, Արմեն Քուշկյանը, Ռոբերտ Հարությունյանը, Լուսինե Կոստանյանը, Ռոման Բաբայանը, Արա Կարագյանը, Հովհաննես Գասպարյանը, Անահիտ Մութաֆյանը, Տաթևիկ Միրզոյանը, Գագիկ Ադիլխանովը, Ստեփան Շահինյանը: Պիեսը թարգմանել է Տիգրան Քելեմյանը, ռեժիսոր-ասիստենտը Ալիսա Աղաջանյանն է, բեմանկարիչը Գարեգին Եվանգուլյանն է, զգեստների նկարիչը՝ Մերի Սարգսյանը, երաժշտական ձևավորումն ու պլաստիկան` Հայկ Իսրայելյանի: Ներկայացման համար երաժշտություն է գրել Գարրի Քյոսայանը:

Ներկայացումն այս տարի թատրոնի բեմում կլինի նաև դեկտեմբերի 6-ին և 13-ին, այնուհետև՝ արդեն հունվարի վերջին:

Պատկերասրահ՝ «Թռիչք կկվի բնի վրայով» ներկայացումը