Նյութը՝ Գայանե Մելիքյանի
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 09-12-2019
«Edu VanHub» կրթական ծրագիրը հասավ Ուկրաինա
Դեռ 2015թ. գաղափար թվացող «Edu VanHub» կրթական ծրագիրն այսօր արդեն իրականություն է, ավելին` հաստատուն քայլերով առաջ է շարժվում։ Հայաստանում գրանցած հաջողությունը հիմք հանդիսացավ ծրագրի միջազգային փուլ անցնելուն։
Ծրագիրը նպաստում է սոցիալապես անբարենպաստ համայնքներում ապրող երիտասարդների մեդիագիտելիքների խթանմանն ու զարգացմանը:

Ծրագրի հեղինակ, «GaragErasmus4Yerevan» կազմակերպության նախագահ Գևորգ Հարությունյանը Eritasard.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ հայաստանյան փուլն իսկապես ոգևորիչ եղավ, որպեսզի որոշում կայացվի հանդես գալ նաև միջազգային հարթակում։ 


 
Որպես թիրախային երկիր ընտրվել է Ուկրաինան, քանի որ այն որոշակի նմանություններ ունի Հայաստանի հետ, բացի այդ, Գևորգը որոշ ժամանակ ապրելով Ուկրաինայում, թիրախավորել է կոնկրետ խնդիրներն ու առաձնահատկությունները, որոնք առկա են։ Բնականաբար, գաղափարը քննարկվել է նաև ուկրաինացի գործընկերների հետ։ 

7 հոգանոց թիմը մոտ 22 օր, 8000կմ-ից ավել ճանապարհ է անցել մեքենայով՝ հատելով հայկական, վրացական, ռուսական և ուկրաինական սահմանները։ Սահմանային անցումները հեշտ չեն եղել, սակայն գաղափարն իրականացնելու ձգտումը ստիպել է աչք փակել դժվարությունների վրա։ 

«Սահմանապահները զարմանքով էին մեզ նայում, քանի որ նույն շապիկներով էինք, նվերներով։ Սահմանն անցնելից անգամ մի քանի ժամ «հարցաքննել են»»,-պատմում է Գևորգը։

Թիմը 10 դասընթաց է անցկացրել Ուկրաինայի 5 գյուղական համայնքներում, յուրաքանչյուրում՝ 2-ական։ 


 
«Շատերի համար զարմալի էր, որ կարողացել ենք այդքան ճանապարհ անցնել ու հասնել Ուկրաինա։ Բնականաբար, մեզ համար հաճելի էր դրական արձագանքների արժանանալ։ Ի վերջո, սա հայկական կրթական 1-ին բրենդն է, որ այսպիսի ճանապարհ է անցել և դասընթացներ անցկացրել, քանի որ, սովորաբար, մենք ենք մեկնում դասընթացների կամ մեզ մոտ են գալիս։ Դասընթացներն իրենց բնույթով ուսուցողական են, քանի որ 21-րդ դարում՝ անկախ մասնագիտությունից, յուրաքանչյուրն այսօր առնչվում է մեդիայի հետ։ Այն, ինչ մատուցվում է այս դասընթացներին, յուրաքանչյուր մասնակցի գործնականում անհրաժեշտ է լինելու»,-նշում է Գևորգը։


 
Նրա խոսքով՝ սկզբում մի փոքր կաշկանդվածություն է նկատվել երեխաների մոտ, սակայն թիմը կարողացել է այնպիսի միջավայր ստեղծել, որպեսզի նրանք ինտեգրվեն դասընթացին։ Ընդ որում՝ մասնակիցներից 3-ը հայազգի են եղել։ 

Ներկա պահին աշխատանքները շարունակվում են on line հարթակում։ Մասնակիցները մշտապես հարցերով և խորհուրդներով դիմում են  «Edu VanHub»-ի թիմին։ Սա ևս մեկ անգամ փաստում է, որ ծրագիրն իսկապես հետաքրքրել է, ավելին՝ կարողացել է հաջողություն գրանցել։ 
 

 
Թիմը մեծ ցանկություն ունի ծրագիրը շարունակել, ավելին՝ առավել ընդլայնել աշխարհագրությունը։ 

Նշենք, որ մասնակիցները ստացել են նվերներ, ինչպես նաև հավաստագրեր, որոնք նրանց հնարավորություն կտան դիմել տարբեր ծրագրերի։