Նյութը՝ Մարիամ Հովունու
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 10-12-2019
«Մեղմ շշուկով»-ն արդեն հասանելի է հայերեն թարգմանությամբ
Լույս է տեսել Շառլ Ազնվանուրի հեղինակած «Մեղմ շշուկով» գրքի հայերեն թարգմանությունը։ Գիրքն առաջին անգամ լույս է տեսել Ֆրանսիայում, 2009 թվականին։

Գրքի թարգմանիչ Սամվել Գասպարյանի խոսքով՝ «Մեղմ շշուկով» գիրքը ինքնակենսագրական վեպ է․ «Գրքում առաջին ձեռքից իմանում ենք Ազնավուրի մասին: Նա գրելու շատ լավ հնարքներ ունի: Ես Ազնավուրի երգերն առավել հեշտ չեմ թարգմանում, քան այս գիրքն էր»,- լրագրողների հետ զրույցում ասաց Գասպարյանը։ 

«Մեղմ շշուկով» գիրքը «կինոլեզվով» գրված վավերագրական ստեղծագործություն է, որտեղ ընթերցողը տեսնում է փոքրիկ Շառլին իր քրոջ՝ Աիդայի հետ: Թարգմանության խմբագիր Համլետ Գասպարյանի կարծիքով՝ թարգմանչին հաջողվել էր լավ փոխադրել Ազնավուրին՝ ամբողջությամբ փոխանցելով նրա շունչը: «Ամեն անգամ Ազնավուր կարդալիս նորից նրան ես հայտնաբերում: Նա կարողանում է նույն բանը տարբեր կերպ պատմել և տարբեր տրամադրություն ստեղծել»,- ասաց նա: 

Շնորհանդեսին ներկա էր նաև ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտը, ով ընդգծեց, որ Ազնավուրը ոչ թե միայն երգիչ էր, ով գրում էր գրքեր, այլ հենց գրող էր: NewMag հրատարակչական ծրագրի ղեկավար Արտակ Ալեքսանյանը շեշտեց, որ իրենք պատրաստվում են մինչև 2024 թվականը հայերեն թարգմանել Ազնավուրի բոլոր գրքերը: «Ազնավուրը մեր կողքին էր մեզ համար ամենացավոտ պահին, նա մեր կողքին էր, երբ պարզեցինք որ սառում ենք: Նա հայտնվեց, երբ ոչ ոք չէր սպասում, օգնեց, երբ ոչ ոք չէր խնդրում եւ մնաց, երբ շատերը հեռացան»,- եզրափակեց նա:

Միջոցառման պատվավոր հյուրն էր նաեւ Նիկոլա Ազնավուրը, ով  ընդգծեց՝ գրքի թարգմանության շնորհիվ մարդիկ հնարավորություն կունենան ընկալել Ազնավուրին․ «Շատ կարեւոր է, որպեսզի Ազնավուրի գործերը թարգմանվեն հայերեն, քանի որ եթե մարդիկ չկարդան, չհասկանան, նրա տեքստերը, չեն կարող ընկալել։ Թարգմանությունը շատ նաև կարեւոր եմ համարում, քանի որ հայրս դրա միջոցով իր արվեստը տարածեց աշխարհով մեկ»,- միջոցառման ժամանակ ասաց Ն․Ազնավուրը։

Հավելենք, որ գիրքը հրատարակվել է «Ամունդի-ԱԿԲԱ Ասեթ Մենեջմենթ» ընկերության աջակցությամբ եւ NewMag հրատարակչական ընկերության նախաձեռնությամբ: