Նյութը՝ Գայանե Մելիքյանի
Լուսանկարները՝ Արմեն Սիմոնյանի
Տեղադրվել է 11-12-2019
«100 գաղափար Հայաստանի համար». հայտնի են մրցանակակիրները
Դեկտեմբերի 10-ին ամփոփվեցին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «100 գաղափար Հայաստանի համար» համահայկական երիտասարդական մրցույթի արդյունքները։

Մրցույթի նպատակն է զարգացնել երիտասարդների նորարարական մտածողությունը, ներգրավել երիտասարդներին ՀՀ սոցիալ-տնտեսական զարգացման խնդիրների լուծման գործընթացներում, խթանել գիտատեխնիկական մշակումներն ու նորարարական նախագծեր իրականացնելու քաղաքացիական նախաձեռնությունները:

Մրցույթի հայտերը գնահատել է փորձագիտական հանձնաժողովը, ինչի  արդյունքում ընտրվել է 16 հայտ, որոնցից հաղթող է ճանաչվել 5-ը։ 

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության երիտասարդական քաղաքականության վարչության պետ Ռոզա Հակոբյանը մրցույթի արդյունքների ամփոփումից առաջ հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ նշեց, որ «100 գաղափար Հայաստանի համար» համահայկական երիտասարդական մրցույթը 2015թ․-ից ի վեր շարունակական բնույթ ունի։ Եթե նախկինում հանրապետական մրցույթ էր, ապա այսօր համայակական, ինչը ենթադրում է, որ մրցույթին կարող են մասնակցել նաև սփյուռքի հայ երիտասարդները։ 

«Մրցույթի թեժ փուլերն արդեն անցել են, սակայն այդ ընթացքում մեզ համար հետաքրքիր բացահայտումներ արեցինք։ Հաճելի էր տեսնել, որ մեր երիտասարդները լի են նոր ու հետաքրքիր գաղափարներով։ Եղել են հայտեր, որոնք չեն համապատասխանել մրցույթի պահանջներին, ուստի դա է եղել պատճառը, որ չեն անցել եզրափակիչ փուլ»,-նշեց Ռոզա Հակոբյանը։ 

«Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոն»-ի տնօրեն, մրցույթի կազմկոմիտեի անդամ Գևորգ Վարդանյանի խոսքով՝ մինչև վերջնական արդյունքի հանգելը կազմկոմիտեն բազմաթիվ նիստեր է հրավիրել, որոնց ընթացքում մանրակրկիտ քննարկվել են հայտերը, իսկ վերջին երկու օրերի ընթացքում հանդիումներ են ունեցել նաև հայտատուների հետ։

«Կարծում եմ՝ շատ կարևոր են անմիջական հանդիպումները հայտատուների հետ, որպեսզի  նրանք կարողանան ներկայացնել իրենց գաղափարները։ Քանի որ մեկ բան է ունենալ գաղափար, և մեկ այլ բան՝ կարողանալ ներկայացնել այն»,-ասում է Գևորգ Վարդանյանը։ 
Վերջինս մեծ ուրախությամբ նշեց առավել ցածր տարիքի երիտասարդների մասնակցության կարևորությունը, քանի որ, ըստ նրա՝ դա փաստում է դպրոցում տրված հիմքային գիտելիքների մասին։ 

Մրցույթի հանդիսավոր արարողությանը ներկա էին Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը, Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը, Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանը այլք։ 

Վերջիններս էլ հայտարարեցին հաղթողների անուններն ու հանձնեցին խրախուսական մրացանակներ։ 

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը շնորհավորեց բոլոր մասնակիցներին և հաղթողներին․ «Գաղափարները շատ կարևոր են։ Այդպիսով նախ ճանաչելի են դառնում հեղինակները, բացի այդ, կիրառական առումով նման գաղափարների կարիքն իսկապես կա։ Մեր 1,5 տարվա փորձը ցույց է տալիս, որ երբեմն առօրեական գործընթացներում շատ գաղափարներ չենք նկատում, ուստի  նմանօրինակ մրցույթները լավ հնարավորություն են»։ 

Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը ևս շնորհավորեց մասնակիցներին և հաղթողներին․ «Նման մրցույթները թող լինեն սկիզբն ու ոգևորող հիմքը հետագա հաջողությունների համար։ Եթե դուք այս տարիքում այդքան համարձակ նախաձեռնություններով եք հանդես եկել, ապա վստահ եմ, որ կյանքում ձեզ շատ հաջողություններ են սպասվում»։

2019թ․-ի «100 գաղափար Հայաստանի համար» համահայկական երիտասարդական մրցույթ հաղթողներն ըստ անվանակարգերի․

Տեղեկատվական տեխնոլոգիաներ

Ռաֆիկ Սայադյան, Դավիթ Ղարիբյան - «Before visits» նորարարական նախագիծ

Սոցիոլոգիական գիտություններ
Մհեր Մկրտչյան, Ծովինար Սարգսյան, Էլեն Բաղդասարյան, Գևորգ Ամալյան - «Ուսանողի տուն» նախագիծ

Մանկավարժական գիտություններ
Սամվել Կիրակոսյան, Արեն Ոսկանյանը - «Միկրո գիտահանրամատչելի պորտալ» նախագիծ

Ճարտարապետություն
Նարեկ Պետրոսյան - «Տիեզերական հետազոտման և զարգացման կենտրոն Բյուրականում» նախագիծ

Քիմիական գիտություններ
Արմեն Հովհաննիսյան, Գասպար Քոչարյան, Զարուհի Մանուկյան - «Նոր, առավել արդյունավետ հեղուկ կոմպլեքսային պարարտանյութերի մշակում» նախագիծ

Պատկերասրահ՝ Ամփոփվեց 2019 թ.-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթը

Լուսանկարները կարող եք ներբեռնել այստեղից՝ 
https://cloud.mail.ru