Նյութը՝ Հարություն Ծատրյանի
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 11-12-2019
Հայաստանի տարվա լավագույն ֆուտբոլիստին կորոշեն հունվարին
Ի տարբերություն նախորդ մի քանի տարիների՝ այս անգամ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան տարվա լավագույն ֆուտբոլիստի եւ մարզչի մրցույթը կանցկացնի ոչ տարեվերջին, այլ մյուս տարի։

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան պաշտոնական կայքում կարճ հայտարարություն է տարածել, ըստ որի տարվա լավագույն ֆուտբոլիստի եւ մարզչի ընտրությունը կլինի 2020 թ.-ի հունվարին։ Ներկայում ՀՖՖ-ում պատրաստվում են կազմակերպության արտահերթ ժողովին, որի ժամանակ սպասվում է նոր ղեկավար կազմի՝ նախագահի եւ գործկոմի անդամների ընտրություն եւ, կարծես թե, մոռացել էին մեկ այլ շատ կարեւոր իրադարձության մասին։

ՀՖՖ պաշտոնական կայքում տեղադրված հայտարարության մեջ նշվում է, որ որոշումը կայացվել է կառույցի կողմից, սակայն այդպես էլ չի հստակեցվում, թե որ մարմինն է պատասխանատու այս որոշման համար։ Այսպիսով՝ 2019 թ.-ի «Տարվա լավագույն ֆուտբոլիստ» եւ «Տարվա լավագույն մարզիչ» անվանակարգերում քվեարկությունը կկայանա 2020 թ.-ի հունվարին:

Ինչ վերաբերում է ամենամյա մրցույթի անցկացման ձեւաչափին եւ ժամկետներին, ապա այդ մասին ՀՖՖ-ն պատրաստվում է լրացուցիչ հայտարարություն տարածել:

Հավելենք, որ 2018 թ.-ի քվեարկության արդյունքներով «Տարվա լավագույն ֆուտբոլիստ» անվանակարգում հաղթել էր Մարկոս Պիզելլին, իսկ «Տարվա լավագույն մարզիչ» անվանակարգում ուժեղագույնն էր ճանաչվել Երեւանի «Փյունիկի» արդեն նախկին գլխավոր մարզիչ Անդրեյ Տալալաեւը: