Նյութը՝ Միլենա Մկրտչյանի
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 2019-12-13 00:27
Ֆիլմադարան. շախմատի չեմպիոն Ֆահիմ Մուհամմադի կյանքի պատմությունը՝ նոր ֆիլմում
Ֆրանսիական արտադրության կենսագրական նոր ֆիլմը պատանիների շախմատի աշխարհի չեմպիոն Ֆահիմ Մուհամմադի մասին է:

Երիտասարդ շախմատիստը ծնվել է 2000թվականին Բանգլադեշում: Այնուհետև ներգաղթել է Ֆրանսիա: Այսօր էլ մրցաշարերի ընթացքում ներկայացնում է Ֆրանսիան: Ֆիլմի սցենարի հիմքում հենց շախմատիստի կյանքի պատմությունն է:

«Ֆահիմ» ֆիլմի ռեժիսորը և սցենարի հեղինակը Պիեռ-Ֆրանսուա Մարտին-Լավալն է: Գլխավոր դերերում՝ Ժերար Դեպարդիե, Իզաբել Նանտի, Ասսադ Ահմեդ, Պիեր Գոմմե և այլք:

Ստիպված փախչելով հայրենի Բանգլադեշից՝ ութամյա շախմատիստ Ֆահիմը հայրիկի հետ ժամանում է Փարիզ: Որպես ապօրինի ներգաղթյալներ՝ նրանք հայտնվում են անօթևանության և հուսահատության մեջ: 



Երջանիկ պատահականությամբ Ֆահիմին ծանոթացնում են Ֆրանսիայում շախմատի լավագույն մարզիչներից մեկի ՝ Սիլվայնի հետ (իրական անունը ՝ Խավյեր Փարմանթիեր), ով դասեր է տալիս նրան և սերմանում պատանու մեջ նպատակի զգացողություն: Ֆահիմի պայքարը շախմատի տախտակի վրա արտացոլում է ինչպես իր հաղթանակները, այնպես էլ ջախջախիչ պարտությունները՝ իրական կյանքում մղվող պայքարում:

Ֆահիմը մասնակցում է տեղական և ազգային մրցաշարերի: Եվ միայն 2012-ին դառնում է Ֆրանսիայի մինչև 12 տարեկանների շախմատի չեմպիոն:

Ֆիլմը պատմում է մի պատանու մասին, ով սովորում է ապրել առանց իր ծնողների, հեռու տանից, իր արմատներից և լեզվից: Ֆահիմի պատմությունը ոչ միայն կեղծ հոգատարություն ցուցաբերող հասարակությունում դաժան և մռայլ իրողությունների մասին է, այլ նաև սրտանց վկայություն է նրա հայրիկի վճռականության, անծանոթների բարության և մի փոքր տղայի քաջ կամքի, հաջողության հասնելու նպատակի մասին:

Ֆիլմի թրեյլերը՝