Նյութը՝ Մարիամ Հովունու
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 2019-12-14 17:11
Մեկնարկել է Ճապոնական ֆիլմերի 14-րդ փառատոնը
Դեկտեմբերի 12-ից մինչև դեկտեմբերի 21-ը (ընդհանուրը՝ 6 օր) Երևան, Սպիտակ, Գյումրի, Էջմիածին և Իջևան քաղաքներում կանցկացվի Ճապոնական ֆիլմերի 14-րդ փառատոնը:

Փառատոնի կազմակերպիչներն են ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանությունը, Ճապոնիա հիմնադրամը: Համակազմակերպիչներ են հայ-ճապոնական «Հիկարի» գիտակրթամշակութային կենտրոնը, «Իրոհա» հայ-ճապոնական կրթական և մշակութային փոխանակման կենտրոնը, Մոսկվա կինոթատրոնը, Սպիտակի մշակույթի տունը, «Նարեկ» բարեգործական հիմնադրամը, Էջմիածնի քաղաքապետարանը, Իջևանի բազմաֆունկցիոնալ համայնքային կենտրոնը:

«Այժմ Ճապոնիայում բուռն զարգացում է ապրում ֆիլմարտադրությունը, և մարդիկ սկսել են ավելի հաճախ այցելել կինոթատրոններ: Կարծում եմ` այս փառատոնը լավ առիթ կհանդիսանա, որպեսզի Հայաստանում էլ ցուցադրվեն ճապոնական ժամանակակից ֆիլմերը» ,-նշեց ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջուն Յամադան:

Նրա խոսքով` շատերն են ցանկություն հայտնում դիտել ճապոնական դասական ֆիլմեր, և հույս ունի, որ հաջորդ տարի կհաջողվի հանդիսատեսին ներկայացնել ճապոնական այնպիսի ռեժիսորների ֆիլմեր, ինչպիսիք են Յասուջիրո Օզուն, Ակիրա Կուրոսավան:

Դեկտեմբերի 12-ին Երևանի «Մոսկվա» կինոթատրոնում  կայացավ փառատոնի պաշտոնական  բացման արարողությունը,ցուցադրեվեց  «Բնակարանների լվացում» ֆիլմը

Փառատոնի շրջանակաում կցուցադրվեն նաև «Ֆուջիկո Հեմինգ․ լռության և միայնության դաշնակահարուհին»,  «Ճակատագիր. մի պատմություն Կամակուրայում» և «Ծովից եկածը» ֆիլմերը: 

Դեկտեմբերի 15-ին Սպիտակի մշակույթի տանը կցուցադրվի «Ճակատագիր. մի պատմություն Կամակուրայում» ֆիլմը, նույն օրը Գյումրու  «Նարեկ» բարեգործական հիմադրամում` «Ֆուջիկո Հեմինգ․ լռության և միայնության դաշնակահարուհին» ժապավենը, Էջմիածնի քաղաքապետարանի կինոսրահում դեկտեմբերի 20-ին կցուցադրվի «Բնակարանների լվացում» ֆիլմը, իսկ դեկտեմբերի 21-ին Իջևանում` «Ծովից եկածը» կինոնկարը: