Նյութը՝ Հերմինե Կարապետյանի
Լուսանկարները՝ Արմեն Սիմոնյանի
Տեղադրվել է 2019-12-18 17:45
Հանդիպում «Դափնե» նախագծի հերոսների հետ
«Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն ՀԿ-ն «Ընդդեմ գենդերային բռնության ակտիվության 16 օրյակի» շրջանակում այս տարի իրականացրեց մի շարք կրթական և մշակութային միջոցառումներ Երևանում և ՀՀ մարզերում։

16 օրյա արշավի միջոցառումները ամփոփվեցին «Հոդված 3» ակումբում «Դափնե» նախագծի հերոսների հետ մարդկային գրադարանի ձևաչափով հանդիպմամբ։ 

Պատահական չէ «Դափնե» նախագծի ընտրությունը. Դափնեն» նախագիծ է բազում դժվարություններ և մարտահրավերներ հաղթահարած մարդկանց մասին: Մարդիկ, ովքեր ի հեճուկս ճակատագրի հարվածների, զրկանքների, հուսախաբությունների կարողացել են դիմագրավել դժվարություններին ու առաջ գնալ:



Հանդիպման մասնակիցներից Թագուհի Մանսուրյանը պատմեց, որ ամուսնությունից հետո պարբերաբար բռնությունների է ենթարկվել ամուսնու կողմից։ Երեխայի ծնունդից հետո բռնությունները շարունակվել են,  ինչին հաջորդել է ամուսնալուծությունը, վեճերն ու դատավարությունները։ «Դատը դեռևս շարունակվում է ու պայքարում եմ, որ նախկին ամուսինս ցմահ նստի։ Նա պետք է զգա իր արարքի ողջ ծանրությունը՝ երեխայիս աչքի առաջ սպանել է մորս ու վնասվածքներ հասցրել ինձ և հայրիկիս։  Այդ դեպքը շատ ծանր էր ազդել  բալիկիս վրա, մինչև հիմա նրան տարբեր հոգեբանների մոտ եմ տանում, որ կարմիր գույնից չվախենա»։

Թագուհին ասում է, որ հիվանդանոցից դուրս գալուց հետո հասկացել է, որ մենակ է։ «Ունեմ որդի, որով ապրում եմ ու շատ լավ հայր, որն ինձ աջակցում է ցանկացած հարցում, նույնիսկ երեխայի խնամքի հարցում։ Նկարիչ–դիզայներ եմ, աշխատում եմ, ձեռագործ աշխատանքներ եմ անում։ Այսօր էլ դատարանից եմ եկել, նախկին սկեսուրս և սկեսրայրս  պահանջում են, որ հայրը առանց իմ ներկայության երեխայիս ամիսը մեկ անգամ, երկու ժամով բանտում տեսնի։ Պայքարում եմ, որ դատարանը նրանց մերժի»։ 



Թագուհին հաճախ է մասնակցում բռնության դեմ ուղղված տարբեր միջոցառւոմների, և նպաստում է, որև բռնությունը հասարակության մեջ վերանա։

Մանակիցներից Նանան ասաց, որ շատ բան չի ուզում պատմել իր պատմության մասին․ «Ուղղակի ուզում եմ ասել, որ մանկապղծությունը կա հայաստանում ու չպետք է աչք փակենք այս փաստի վրա, ավելի ուշադիր լինենք մեր երեխաների նկատմամբ», –նշեց Նանան ու հավելեց, որ Դափնեում իր պատմությունը մանրամասն գրված է: