Նյութը՝ Հովհաննես Վարդանյանի
Լուսանկարները՝ համացանցից եւ «Էդիթ Պրինտ» հրատարակչության
Տեղադրվել է 2019-12-18 22:42
Ջոն Գրին. «Եթե մարդիկ անձրև լինեին, ես մաղող անձրև կլինեի, իսկ նա՝ փոթորիկ»
«Էդիթ Պրինտ» հրատարակչությունն ամանորյա տոներին ընդառաջ շուտով ընթերցողի սեղանին կդնի ամերիկացի գրող Ջոն Գրինի «Ալյասկայի որոնումներում» վեպը, որը հեղինակի առաջին գիրքն է: Մինչ այդ հրատարակչությունը տպագրել էր նաեւ «Աստղերն են մեղավոր», «Թղթե քաղաքներ» եւ «Անվերջ կրիաներ» վեպերը:

Ջոն Գրինը՝ որպես հեղինակ, գրական դաշտում հայտնվեց 2005 թվականին, երբ լույս տեսավ նրա «Ալյասկայի որոնումներ» վեպը: Հաջորդ տարում Գրինն այդ վեպի համար արժանացավ «Printz» մրցանակի, եւ ընդամենը 6 տարի անց, երբ տպագրվեց նրա «Աստղերն են մեղավոր» վեպը, այն զբաղեցրեց «Նյու Յորք Թայմս»-ի բեսթսելլերների ցուցակը։ 2014 թ.-ին ստեղծվեց համանուն ֆիլմը, որը դարձավ ԱՄՆ-ի ամենաշատ դիտվող ֆիլմը: Հետագայում Գրինն ընգրկվեց «Time» ամսագրի «Աշխարհի 100 ամենաազդեցիկ մարդիկ» ցուցակում։



«Ալյասկայի որոնումներում» վեպը դպրոցական պատմություն է, որում ներկայացվում են դեռահասների շրջանում առկա խմորումներն ու պատանեկան դժվարությունները։ Թեեւ 2005-ին «Paramount» կինոընկերությունը գնել էր այն էկրանավորելու իրավունքը, բայց հինգ տարի անց Գրինն իր երկրպագուներին հայտնեց, որ նա հետաքրքրություն չի զգում «Paramount»-ի նախագծի հանդեպ։ Վեպի աճող վաճառքի ֆոնին Ջոն Գրինը մտահոգություն հայտնեց էկրանավորման գաղափարի վերաբերյալ. ըստ նրա՝ էկրանավորումը կարող է խանգարել կարդացողի եւ պատմության միջեւ ինտենսիվ ու անձնական կապին։ 

«Ալյասկայի որոնումներում» վեպն անգլերենից թարգմանել է Աննա Դանիելյանը: Նրա համար հատկապես դժվար է եղել հայերեն դարձնել Գրինի կենցաղային խոսակցությունները. «Ինչ խոսք, ստեղծագործության լրջությունն ու խոհեմությունն ընթերցողին կտպավորեն։ Այս գործում քիչ չեն բաց տեսարաններն ու նկարագրությունները: Վեպում օգտագործված հայհոյանքներն այլ լեզուներում որոշակիորեն մեղմ իմաստ են կրում, իսկ գրական հայերենում նման արտահայտությունները գրեթե բացակայում են»։ 



Աննա Դանիելյանի խոսքով՝ ժամանակակից գրողի երկխոսություններում օգտագործվել է հիմնականում ամերիկյան դեռահասներին հատուկ բառապաշար, արդյունքում՝ կերպարները, օրինակ, սկսում են ռեպ կարդալ, իսկ թարգմանիչը պետք է այդ ամենը հանգավորի իր լեզվին համապատասխան: Աննայի համար այն հայերեն ռեպ գրելու (թարգմանելու) առաջին փորձն է եղել. «Պետք է ասեմ, որ այդ ոճը Գրինի ստեղծագործությունները դարձնում են առավել հետաքրքիր, բայց երբեմն նաեւ՝ չափազանց բարդ»։ 

Աննան գրքի բովանդակության մասին նախընտրեց շատ բան չպատմել, ասաց միայն, որ վեպը հիմնականում ընկերության մասին է: Ըստ նրա՝ սեփական «ես»-ը փնտրելն ավելի հեշտ ու արագ է ստացվում, երբ բաց ես լինում ընկերության ու սիրո առաջ, այդ գաղափարն առաջ է տանում նաեւ Գրինը. «Հենց այդպես էլ ստացվում է, երբ գլխավոր հերոս Մայլսը, որի հետ, հուսամ, կուզեք ծանոթանալ անձամբ, իրեն գտնում է Ալյասկայի որոնումներում»։ 



Վեպի գլխավոր հերոսը 16-ամյա Մայլս Հոլթերն է, որը հետաքրքրվում է հայտնի մարդկանց վերջին բառերով: Հետեւելով ֆրանսիացի գրող Ֆրանսուա Ռաբլեի՝ մահվանից առաջ ասած արտահայտությանը՝ նա թողնում է ծնողների հետ իր ձանձրալի կյանքն ու «Մեծ եթե»-ի որոնումներում ուղեւորվում Քալվեր Քրիք դպրոց: Այստեղ նա գտնում է իր առաջին ընկերներին ու սիրահարվում Ալյասկա անունով մի աղջկա, որը տակնուվրա է անում տղայի կյանքը, իսկ հետո անհետանում: Ողբերգական իրադարձությունները ստիպում են Մայլսին խորասուզվել կյանքի ու մահվան մտորումներում...

«Ջոն Գրինն աշխարհի ամենաազդեցիկ մարդկանցից մեկն է, գրող, որը ստեղծագործում է ավելի քան 12 տարի եւ այս ընթացքում հասցրել է 20 միլիոն օրինակ գիրք վաճառել: Դա մեծ ցուցանիշ է: Մեր հրատարակչությունը փորձում է, համաշխարհային գրականության նշանավոր գործեր հրատարակելով, գրական գլուխգործոցները հայ ընթերցողին հասանելի դարձնել»,- նշեց «Էդիթ Պրինտ» հրատարակչության հասարակայնության կապերի պատասխանատու Ռոզա Գրիգորյանը:



Ջոն Գրինի նախորդ երեք գրքերն ընթերցած եւ չորրորդին անհամբեր սպասող Լիլիթ Մանուկյանն ասում է, որ Գրինը մյուս գրողներից տարբերվում է իր պարզությամբ, անմիջականությամբ. «Այս գրողն իր բոլոր վեպերում այսպես թե այնպես անդրադառնում է դեռահասներին բնորոշ իրավիճակների, ներկայացնում նրանց հաճախ հանդիպող խնդիրները: Շատ լավ է, երբ երիտասարդ գրողը գրում է երիտասարդներին հասկանալի, պարզ ու գեղեցիկ լեզվով: Ճիշտն ասած, զարմանում էի, թե ինչու մինչեւ հիմա մեր հրատարակիչները չէին թարգմանում «Ալյասկայի որոնումներում» վեպը: Անգլերեն տարբերակն արդեն կարդացել եմ, ավելին, առանձնացրել նաեւ սիրելի տողը՝ «Եթե մարդիկ անձրեւ լինեին, ես մաղող անձրեւ կլինեի, իսկ նա՝ փոթորիկ» (ժպտում է)»: