Նյութը՝ Գայանե Մելիքյանի
Լուսանկարները՝ Eritasard.am-ի
Տեղադրվել է 2019-12-22 12:00
2019թ․-ի կրթական, մշակութային, սպորտային իրադարձությունները
2019թ․ հարուստ էր միջոցառումներով, համաշխարհային աստղերի այցերով։ Այդ իրադարձություններն իհարկե անմասն չեն մնացել նաև Eritasard.am-ի լրահոսում տեղ գտնելուց։

Ներկայացնում ենք Հայաստանի կրթության, մշակույթի և սպորտի ոլորտներում 2019թ․-ին տեղի ունեցած մի շարք իրադարձություններ․
 
Նատալիա Օրեյրոյի այցը Հայաստան
2019թ․-ի ապրիլին Հայաստան ժամանեց հայտնի երգչուհի, դերասանուհի Նատալյա Օրեյրոն։ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ապրիլի 7-ին երգչուհին ելույթ ունեցավ հայ հանդիսատեսի համար։ Հնչեցին սիրված, հայտնի և նոր երգեր։ Վերջինս իր հիացմունքներ էր արտահայտել Հայաստանի մասին՝ ասելով․ «Ինձ համար շատ յուրահատուկ պահ է, քանի որ առաջին անգամ եմ Հայաստանում: Հայկական մշակույթն ինձ շատ հարազատ է, որովհետև ես անընդհատ լսել եմ ձեր պատմության, նույնիսկ խոհանոցի մասին»։
 

 
Ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանը՝ Եվրոպայի չեմպիոն
«Ռիոյի-2016» ամառային օլիմպիական խաղերի փոխչեմպիոն Սիմոն Մարտիրոսյանն ապրիլին Վրաստանի Բաթումի քաղաքում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնության 109 կգ քաշային կարգի մրցմանը հրաշալի ելույթ ունենալով նվաճեց Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը։ 


 
16 մեդալ՝ Եվրոպայի առաջնությունից
Ապրիլի 12-ից 14-ը Կիպրոսի Լիմասոլ քաղաքի «Spyros Kyprianou Sports Center Limassol Polemidia» մարզապալատում անցկացված Սամբոյի Եվրոպայի պատանեկան ու երիտասարդական առաջնությունում Հայաստանի 22 մարզիկներից 16-ը նվաճեցին մեդալներ։ 


 
«Ալաշկերտը» դարձավ Հայաստանի գավաթակիր
Մայիսին «Բանանց» վերակառուցված ու վերաբացված ստադիոնում կայացավ Հայաստանի գավաթի եզրափակիչ հանդիպումը։ Մրցում էին երկրի չեմպիոն «Ալաշկերտը» և «Լոռին»։ Լարված ու համառ պայքարի արդյունքում «Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբը պատմության մեջ առաջին անգամ նվաճեց Հայաստանի գավաթը։


 
Հայաստանում առաջին անգամ անցկացվեց Հարսանյաց Փառատոն 
Մայիսի 11-ին Հայաստանում առաջին անգամ անցկացվեց «Հարսանյաց Փառատոն»: 
Մասնակցում էին շուրջ 27 հարսանեկան միջոցառումներ կազմակերպող, հարսանյաց սեղանների ուտեստների ձևավորմամբ զբաղվող կազմակերպություններ։ Փառատոնի ընթացքում ներկայացվեցին յուրահատուկ և բացառիկ աշխատանքներ։ 


 
Բացվեց «Երևան-2800» այգին
Մայիսին ՀՀ մայրաքաղաք Երևանում բացվեց Երևանի 2800-ամյակին նվիրված այգին, որը վերակառուցվել էր Վարդանյան ընտանիքի ֆինանսավորմամբ։ Տեղադրվել է 2800 շիթ ունեցող շատրվան, կառուցվել 7 տեսակի գրանիտե քարերով հին հայկական գորգերի զարդանախշերով 5420 քմ սալահատակ, Երևանի քարտեզի տեսքով փորագիր հրապարակ՝ վերասլաց 45 ջրաշիթով։ Շատրվանային համալիրի 4 անկյուններում և կենտրոնում տեղադրվել է բրոնզաձույլ 5 ջրային արձան: Այգու տարածքում տեղադրվել են նաև ուրարտական թեմատիկայով ցլի և առյուծի բրոնզաձույլ արձաններ, 76 նստարան, ինքնատիպ ձևավորմամբ 62 աղբաման և 126 լուսասյուն: 
 

 
ԵՊՀ-ն 100 տարեեկան է
Մայիսի 16-ին, ԵՊՀ-ն նշեց հիմնադրման 100-ամյակը: Օրվան ընդառաջ Գյումրիում արդեն իսկ մեկնարկել էին Երևանի պետական համալսարանի 100-ամյակին նվիրված տոնական միջոցառումները: Տոնական միջոցառումների շարքում ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի բակում տեղի է ունեցել  ԵՊՀ 100-ամյակին նվիրված  համերգային ծրագիր, որի ընթացքում  ելույթ ունեցավ երգչուհի Իվետա Մուկուչյանը։ Միջոցառմանը ներկա էին ԵՊՀ նախկին և ներկա  համալսարանականներ, դասախոսներ, որոնք հավաքվել էին միասին նշելու ԵՊՀ-ի  հիմնադրման 100-ամյակը:



30 տարի անց՝ Հարութ Փամբուկչյանի հետ
Հունիսի 30-ին Հրազդան մարզադաշտում ՀՀ վաստակավոր արտիստ, սիրված երգիչ Հարութ Փամբուկչյանը (Ձախ Հարութ) 30 տարի անց նորից հանդիպեց իր երկրպագուներին։ Համերգին մասնակցեցին  նաև Լիլիթ Հովհաննիսյանը, Անդին, Արման Հովհաննիսյանը, Արմենչիկը:



Սոսո Պավլիաշվիլիի համերգը՝ Երևանում
Սեպտեմբերի 17-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայացավ երգիչ Սոսո Պավլիաշվիլիի և Նավերեյ Օրքեսթրայի  համերգը: Պավլիաշվիլին իր նոր համերգային ծրագիրն անվանել էր «Жизнь-это кайф»՝ ի պատիվ իր ալբոմի: «Եկել եմ ասելու, որ սիրում եմ ձեզ»,-համերգի ընթացքում մի քանի անգամ հայերին սեր է խոստովանել երգիչը: 



WCIT-2019-ը
Հոկտեմբերին Հայաստանն աշխարհի ուշադրության կիզակետում էր։ Մայրաքաղաք Երևանում ընթանում էր WCIT-2019 ՏՏ համաշխարհային համաժողովը։  Շուրջ 60 երկրից ավելի քան 2 հազար պատվիրակություն ժամանել էր մեր երկիր։ Համաժողովի թեման էր «Ապակենտրոնացման ուժը. ակնկալիք և վտանգ»։ Համաժողովի ընթացքում հանգամանորեն քննարկվեցին, թե ինչպես են տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաները դրական և բացասական առումներով վերափոխում մեր կյանքը, ինչ ազդեցություն են ունենում շահույթի և բարեկեցության, ապահովության և անվտանգության, ժողովրդավարության և մարդասիրության վրա:


 
Եվգենի Պետրոսյանի հայաստանյան այցը
Նոյեմբերի 24-ին Եվգենի Պետրոսյանը 20 տարվա մեջ առաջին անգամ համերգով հանդես եկավ պատմական հայրենիքում՝ Հայաստանում։ Պետրոսյանը վերջին անգամ Հայաստանում է եղել 3-4 տարի առաջ՝ մշակութային գործիչների պատվիրակության կազմով:



Կապանը դարձավ 2020թ․-ի երիտասարդական մայրաքաղաք
Դեկտեմբերի սկզբին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարոթյունն ամփոփեց «Երիտասարդական մայրաքաղաք 2020» մրցույթի SMS քվեարկության և փորձագիտական խմբի գնահատականները։ Արդյունքում՝ հայտատու 5 քաղաքներից (Արմավիրը, Գավառը, Գորիսը, Կապանը եւ Հրազդանը) Կապանը դարձավ Հայաստանի Հանրապետության 2020թ․-ի երիտասարդական մայրաքաղաք։ Սա նշանակում է, որ 2020թ. Հայաստանի հարավային քաղաքում ակտիվորեն կիրականացվեն երիտասարդական միջոցառումներ՝ նպաստելով Կապանի երիտասարդների կարողությունների զարգացմանը։



100 գաղափար Հայաստանի համար-2019
Դեկտեմբերի 10-ին ամփոփվեցին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «100 գաղափար Հայաստանի համար» համահայկական երիտասարդական մրցույթի արդյունքները։ Մրցույթի հայտերը գնահատել էր փորձագիտական հանձնաժողովը, ինչի  արդյունքում ընտրվել էր 16 հայտ, որոնցից էլ՝ 5 հաղթող։



Երիտասարդական մրցանակաբաշխություն-2019
Դեկտեմբերին ամփոփովեցին նաև «Երիտասարդական մրցանակաբաշխություն-2019» ծրագրի արդյունքները։ Մրցանակաբաշխությունն այս տարի անցկացվում էր 11 անվանակարգում։ Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը ծրագրի իրականացմամբ առաջնային նպատակ ուներ խթանել հանրային կյանքին երիտասարդների մասնակցությունը։