Նյութը՝ «Երիտասարդ» առցանց պորտալի աշխատակազմից
Լուսանկարները՝ «Երիտասարդ» առցանց պորտալի աշխատակազմից
Տեղադրվել է 2019-12-22 23:06
Հայաստանի երիտասարդական պորտալը՝ ERIT.am-ը, 10 տարեկան է
Հայաստանի եւ աշխարհի երիտասարդական ոլորտի ամեն քայլին հետեւած, զարգացումներն ու նվաճումներն արձանագրած, հայ երիտասարդության ձայնը հնչելի դարձրած «Երիտասարդ» առցանց պարբերականն ուղիղ 10 տարի առաջ իրականություն դարձավ խիզախ երազողների՝ աներեւակայելի թվացող նախաձեռնության արդյունքում։

2009 թ.-ի դեկտեմբերի 22. ուղիղ 10 տարի առաջ այս օրն հայաստանյան էլեկտրոնային ԶԼՄ-ների շարքում հայտնվեց մեծ նպատակներ ու ցանկություններ ունեցող մի լրատվամիջոց, որի գործունեության առանցքում կարեւոր տեղ ուներ եւ այսօր էլ ունի երիտասարդության ձայնը հնչելի դարձնելը։ Ամենօրյա լրատվությամբ անդրադառնալ Հայաստանի երիտասարդության խնդիրներին, նվաճումներին, հաջողություններին, երիտասարդական նախաձեռնություններին, ժամանակի հերոսը դարձնել հայ երիտասարդին, ով ապրում է ոչ միայն Հայաստանում, այլեւ իր հայրենիքի սահմաններից դուրս, արձանագրել երիտասարդական ոլորտում առկա բոլոր նորարարությունները. այս ամենը հաջողությամբ կատարելու համար առաջինն անհրաժեշտ էր առանցքային նպատակներին հետեւող թիմ ձեւավորել։ Տարիների ակտիվ գործունեությունը եւ հետագայում աշխատակիցների ընտրության փորձը ցույց տվեցին, որ «Երիտասարդ» առցանց պարբերականին հաջողվել է մեկտեղել մարդկանց, մասնագետների, որոնք հետեւողական են պարբերականի առաջնային նպատակներին հասնելու հարցում։

Ամեն տարի դեկտեմբերի 22-ին «Երիտասարդ» առցանց պարբերականն անդրադարձել է իր ծննդյան տարեդարձին՝ այդ արձանագրումը համարելով նոր նպատակադրումների համար ոչ պակաս կարեւոր, ինքնատիպ նախապայման։ Այս հոբելյանական տարին եւս բացառություն չէ «Երիտասարդ»-ի համար, քանի որ ուղիղ 10 տարի է, ինչ հայաստանյան երիտասարդությունն է մեր էջերի ու հրապարակումների գլխավոր հերոսը։ Վստահ ենք, որ այդպես էլ շարունակվելու է հետագա տարիներին....

«Երիտասարդ» առցանց պարբերականն իրապես բացառիկ տեղեկատվական հարթակ է։ Այն թերեւս միակն է ոլորտում, որը հետեւողականորեն ներկայացնում է մեր երկրի թե՛ մարզային, թե՛ մայրաքաղաքում ակտիվ գործունեություն ծավալող երիտասարդներին, երիտասարդական խմբերին ու կազմակերպություններին։ 2016 թ-ին, երբ առցանց պարբերականը նոր տեսք ու տեխնոլոգիական թարմացում ստացավ՝ դառնալով ավելի ընդգրկուն եւ բովանդակալից, ավելի ընդլայնվեցին «Երիտասարդ»-ի՝ երիտասարդներին ձայն տալու հնարավորությունները։ Այսօր հանրության շրջանում ավելի հայտնի «ERIT.am» անունով լրատվամիջոցը երիտասարդական ոլորտին նվիրված միակ առցանց պորտալն է Հայաստանում, որն ամենօրյա թարմացումներով իր ընթերցողներին ներկայացնում է երիտասարդական ոլորտի մարտահրավերները, նշում է երիտասարդության հաղթանակները, արձանագրում բոլոր հաջողությունները, արտահայտում մտահոգություններ, որոնք առկա են երիտասարդության, երիտասարդական խմբերի կամ էլ կազմակերպությունների շրջանում։ Պարբերականը 10 տարի շարունակ երիտասարդության կողքին է։ Կարծում ենք, որ տարիների գործունեությունը թույլ է տվել պնդելու, որ այսօր մենք լավ գիտենք, թե ինչպիսին է եւ ինչ է ցանկանում ժամանակակից հայ երիտասարդը։



Մեր գործունեության 10 տարիները ներկայում մեկ ակնթարթ են թվում, բայց այդ ընթացքը եղել է «Երիտասարդ»-ի համար հասունության եւ դեպի կատարելության հասնելու ճանապարհ։ Եվ ուրախալի է, որ այդ ճանապարհը չի ավարտվում. 10 տարիները կազմում են ճանապարհի մի հատվածը միայն, քանի որ առջեւում նոր երիտասարդական մարտահրավերներ կան եւ դեռեւս չբարձրաձայնված հաջողություններ, որոնք անվերապահորեն իրենց տեղը կգտնեն «Երիտասարդ»-ի հետագա հրապարակումներում։ Գործունեության 10 տարիների ընթացքում «Երիտասարդ» առցանց պորտալը փորձել է մշտապես հավատարիմ մնալ երիտասարդներին ու Հայաստանում երիտասարդական ոլորտի կայացմանն աջակցելու իր առաջնահերթ խնդրին՝ դառնալով այնպիսի միավորող տեղեկատվական հարթակ, որտեղ հայ երիտասարդությունը կարող է ազատորեն փնտրել եւ գտնել իրեն հետաքրքրող գաղափարներ, պատմություններ, բազմաթիվ կրթական ծրագրերի մասին հայտարարություններ, հաջողակ հայ երիտասարդների գործունեության մասին ինքնատիպ անդրադարձներ.... Այդ տարիների ընթացքում ձեռք ենք բերել նաեւ համախոհներ՝ զարգացնելու գիտելիքները երիտասարդական ոլորտի վերաբերյալ։

Հատկանշական է, որ «Երիտասարդ»-ի ուշադրության կենտրոնում են ոչ միայն Հայաստանի սահմաններում, այլեւ արտերկրում գտնվող հայ երիտասարդների հաջողությունները։ Այսպիսի պատմությունների ներկայացումը թույլ է տալիս արժեւորել բոլորին եւ լինել մերօրյա ամենահաս լրատվական աղբյուրներից մեկը։ «Երիտասարդ»-ը մեծ տեղ է հատկացրել նաեւ մայրաքաղաք Երեւանից դուրս տեղի ունեցող իրադարձությունների լուսաբանմանը։ Մեր լուսանկարիչները եւ լրագրողական թիմի անդամները տարիների ընթացքում բազմիցս են եղել ՀՀ մարզերում ու տեղում են ծանոթացել բոլոր խնդիրներին ու հետագայում տեսել լուծումները։ Կարելի է այսօր վստահորեն ասել, որ մենք մշտապես եղել ենք այնտեղ, որտեղ հայ երիտասարդությունն է՝ իր խնդիրներով ու հաջողություններով, նվաճումներով։ Մենք եղել ենք այնտեղ, որտեղ իսկապես եռում է երիտասարդության՝ փոփոխություններ բերելու եռանդը....

Անցած 3650 օրերի ընթացքում «Երիտասարդ»-ի ընթերցողներին հնարավորություն է տվել կարդալու ավելի քան 10000 նորություն, 500-ից ավելի հարցազրույցներ, 150-ից ավելի խորը ոլորտային վերլուծական հրապարակումներ։ Տպավորիչ է նաեւ պորտալի պատկերասրահի համար արված լուսանկարների ծավալը. 10 տարում շուրջ 500-ից ավելի թարմացում է եղել «Պատկերասրահ» բաժնում։ Թվերին նայելիս կարելի է հանգիստ պնդել, որ բավականին արդյունավետ ու նշանակալից գործունեության 10 տարիներ են եղել:

Եթե վերոնշյալ հաջողություններին գումարենք նաեւ անցած տարիներին «Երիտասարդ»-ի՝ մեծ թվով գործընկերների ու աջակիցների ձեռքբերումը, ապա հասկանալի կլինի՝ ինչու է պորտալն այսօր դարձել բազմաթիվ նախաձեռնությունների, էքսկլյուզիվ նախագծերի տեղեկատվական հովանավորը եւ աջակիցը։ Նախորդ տասնամյակում զգալիորեն ամրապնդվել են մեր ունեցած գործնական կապերը, նոր ու սերտ համագործակցություն է հաստատվել գործընկերների հետ: Այդ ամենի արդյունքում երիտասարդական բազմաթիվ նոր գաղափարներ կրկին կլինեն մեր պարբերականի էջերում եւ հետագա հրապարակումներում։



Ով կարող է ավելի լավ պատմել, թե ինչպիսին է երիտասարդական այս պորտալը կամ ինչպիսի նպաստ է ունեցել այն Հայաստանում երիտասարդական ոլորտի, երիտասարդների կայացման ու զարգացման հարցում, եթե ոչ պարբերականի գլխավոր շահառուները՝ ընթերցողները։ Այդ առթիվ առաջարկում ենք մեր ժամանակներին բնորոշ ինքնատիպ մարտահրավեր նետել ձեր ընկերներին ու բարեկամներին, ովքեր եղել են, շարունակում են մնալ «Երիտասարդ» առցանց պարբերականի շահառուների թվում։ Առաջարկում ենք շնորհավորել «Երիտասարդ»-ին իր 10-ամյակի առթիվ՝ կիրառելով #ERIT10thAnniversary հեշթեգը, սրտի խոսք ասել պարբերականի գործունեության մասին, նշել սոցիալական ցանցերում Ձեր այն ընկերներին, որոնք երբեւէ եղել են կամ շարունակում են լինել «Երիտասարդ»-ի ընթերցող։ Մեզ՝ «Երիտասարդ» պորտալի թիմի համար շատ կարեւոր է ստանալ Ձեր առաջարկությունները եւ շնորհավորանքները....

Վստահ ենք, որ առջեւում նոր, առավել հետաքրքիր գործունեության տարիներ են սպասվում, քանի որ 3650 օր անց «Երիտասարդը» կնշի արդեն 20-ամյակը…. Պորտալը շարունակում է մնալ Հայաստանում երիտասարդական ոլորտի գլխավոր տեղեկատուն, անդրադառնում է այն թեմաներին, որոնց գլխավոր դերակատարները երիտասարդներն են։ Անցած 10 տարիների ձեռքբերումն էլ այդ է։ Այս մասին արժե նշել ու հիշատակել։

Սիրելի՛ ընթերցող, երիտասա՛րդ, մեր եւ Ձեր «Երիտասարդ» առցանց պորտալը հետագայում նույնպես կշարունակի ուշադրության կենտրոնում ակտիվ պահել երիտասարդական ոլորտը, հրապարակումներ ներկայացնել թիրախային լսարանի համար, գործել պատասխանատու լրագրության նորմերին համապատասխան, հետադարձ կապ պահել։

Մեր ծննդյան 10-րդ տարեդարձն այն ակնթարթն է, որն արժեւորելիս նորի մեկնարկին անհնար է չսպասելը։ «Երիտասարդ»-ի թիմն այսօր իրոք հպարտ է, որ ի սկզբանե ուրվագծված մի շարք խնդիրներ լուծումներ են ստացել, բազմաթիվ նպատակներ էլ 10-ամյա ակտիվ գործունեության արդյունքում իրականություն են դարձել։ Սա ազդանշան է, որ նոր խնդիրների ու նպատակների սահմանման ուղի գծելու նոր եւ բացառիկ հնարավորություն է ստեղծվել։

Սիրելի՛ «ԵՐԻՏԱՍԱՐԴ» առցանց պորտալ, 10 տարի շարունակ լինելով հայ երիտասարդության կողքին եւ մանրամասնորեն լուսաբանելով ոլորտը՝ նորանոր հաջողություններն անխուսափելի են։ Շնորհավո՛ր տարեդարձդ։ Եկել է տոնելու պահը...