Նյութը՝ Միլենա Մկրտչյանի
Լուսանկարները՝ Միլենա Մկրտչյանի
Տեղադրվել է 24-12-2019
«Հաջողության հասնելու համար նախ պետք է դառնանք ներքին հեղափոխական». Դառանժ
Ժամանակակից գրական ասպարեզում Դառանժը նոր կերպար է և դեռևս չբացահայտված: Eritasard.am-ը ընթերցողներին է ներկայացնում երիտասարդ գրողի հետ հարցազրույցը՝ ներկայացնելով նաև նրա անդրանիկ վեպը:
Դառանժը՝ Անժելա Դարբինյանը, ծնվել է Մոսկվայում: Ավարտել է ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետը: Ուսումնառության տարիներին սկսել է ստեղծագործել: Թղթակցել է «Գրեթերթ» գրական երիտասարդական թերթին: Ընթերցողներին ներկայանում է Դառանժ գրական անվամբ: 

Բոլորովին վերջերս ընթերցողներին ներկայացվեց երիտասարդ գրողի «Ներքին հեղափոխություն/NulluS» վեպը: Գրքում առեղծվածային սյուժեի միջոցով հեղինակը ընթերցողին ցույց է տալիս, թե սխալ մոտեցումների հետևանքով ինչպիսի քաոսի կարող է վերածվել հեղափոխված իրականությունը: Այդ մարտահրավերներից ծնվում են հարցեր, որոնցից անկյունաքարայինը հետևյալն է. արդյոք մարդկանց «քնած» գիտակցությունը կարթնանա՝ բացելով նոր դռներ նրանց հեղափոխական ոգու առջև: Դառանժը խոստովանում է, որ իր սիրելի հեղինակը՝ Դոստոևսկին, մեծ ազդեցություն է ունեցել իր գրական գործունեության, մասնավորապես «Ներքին հեղափոխություն.Nullus» վեպի վրա: 

Ստորև ներկայացնում ենք Eritasard.am-ի հարցազրույցը երիտասարդ հեղինակի հետ:

- Ե՞րբ և ինչո՞ւ որոշեցիք գրել «Ներքին հեղափոխություն» վեպը:

- Գիրքը գրել եմ 2017 թվականին: Այդ ժամանակ բարդ շրջան էի ապրում, քանի որ ներքին բախումներ ունեի հասարակության հետ: Գիրքը ծնվեց ավելի շատ որպես հասարակության դեմ պայքար, ընդվզում: Այսօր, երբ արդեն գիրքը տպագրվել է, հնարավոր է զուգահեռներ տարվեն մեր իրականության և վեպի սյուժեի միջև: Միակ բանը, որ շատ եմ ուզում կապել մեր Թավշյա հեղափոխության հետ այն է, որ մինչև մարդիկ ներքին հեղափոխական չլինեն, ոչ մի հեղափոխություն իրականում տեղի չի ունենա: Գրքում ցույց է տրվում, որ մարդը հեղափոխության արդյունքում հանգում է հետևյալ հարցին. թեև կատարվեց հեղափոխություն, այնուամենայնիվ նրա ներքին հեղափոխությունը հաղթե՞ց, թե՞ ոչ: Կարծում եմ, որ այս հակաուտոպիական ժանրի վեպը  հասարակության կողմից կընկալվի և կընդունվի, քանի որ այս պահին մենք գտնվում ենք հետհեղափոխական շրջանում: Անհրաժեշտ է այն գիտակցումը, որ հաջողության հասնելու համար նախ պետք է դառնանք ներքին հեղափոխական: 

Կարծում եմ՝ գրքի հաջողություններից է այն, որ երբ ընթերցողը կարդում է գիրքը, ստանում է իրեն հուզով հարցերի պատասխանները: Միաժամանակ հարց է հղում ինքն իրեն՝ արդյոք ես ներքին հեղափոխական եմ, արդյոք ներքին հեղափոխությունը ինձ մոտ տեղի ունեցել է:



- Վեպը պատմում է առեղծվածային Նուլլուս երկրում կատարված հեղափոխության հետևանքների մասին: Ի՞նչու որոշեցիք հորինված այդ երկիրը կոչել Նուլլուս:
 
- Ինչպես արդեն նշեցի, գիրքը գրվել է ինձ համար դժվար ժամանակահատվածում: Այդ շրջանում ինձ զգում էի զրոյական վիճակում. ասես ոչինչ լինեի: Եթե ես ինձ զրոյական վիճակում չզգայի, երևի այս գիրքը չէի էլ գրի: Զրոյական վիճակը երբեմն ընկալվում է որպես բացասական վիճակ, բայց երբեմն էլ ինչ-որ բանի սկիզբ է նախանշում: Եվ այդ զրոյական լինելու ներքին զգացողությունն էր, որ հանգեցրեց ինձ մի ուրիշ աշխարհ ստեղծելու որոշմանը: 

Նշեմ նաև, որ գրքում հերոսները թվաբանորեն համարակալված են՝ 0-ից մինչև 10-ը: Երբ այդ երկրում տեղի է ունենում հեղափոխություն, թվերը և թվային համակարգը վերանում են, բոլորը դառնում են հասարակ, հավասր մարդիկ: «Մենք հեղափոխություն ենք անում, որպեսզի թվային համակարգ չլինի». վեպում հենց այսպես է ասում հերոսներից մեկը: Բոլորը հավասար են և կա ժողովրդավարություն: 

- Վեպում հերոսներն անձնավորվա՞ծ են: 

- Վեպի հերոսները արտացոլում եմ իմ կյանքի տարբեր փուլերը, իմ ներքին զարգացումները: Կարող ենք ասել, որ բոլոր հերոսները ես եմ՝ կյանքի տարբեր ժամանակահատվածներում: Գրքի երկու հիմնական հերոսները՝ Ադամը և Գաբրիելը, հասկանում են, որ իրենց մեջ ներքին հեղափոխական չկա  և հեղափոխություն չի էլ կատարվել: Բախվում են դաժան իրականությանը, չարանում են այդ ամենից: Բայց գիտակցում են, թե ինչպես պետք է հասնեն այդ ներքին հեղափոխությանը: Պետք է ինքնակարգավորվել, կառուցողական լինել և զարգանալ: Իմ օրինակով կարող եմ փաստել, որ տարեց տարի զգում եմ իմ ներքին հեղափոխության զարգացումը, հասկանում եմ, որ մարդը կատարյալ չէ. նա պետք է աշխատի, աշխատի, աշխատի, մինչև հասնի ցանկալի արդյունքին: 

Վեպում ընթերցողները կգտնեն նաև  սիրո պատմություն: Սա գաղափարական գիրք է, և այդ գաղափարները ես փորձում եմ հրամցնել մարդկանց: Ուզում եմ, որ մարդիկ ավելի շատ ուշադրություն դարձնեն ոչ թե արտաքին աշխարհին, այլ այն ամենին, ինչ կատարվում է մարդու ներսում: Դա է պատճառը, որ  հերոսները ավելի արտահայտիչ են դարձել իրենց ներքին փնտրտուքով: Նրանք իրենց «ես»-ը գտնելու ճանապարհին են: Իսկ դա իրենց մոտ ստացվում է թե ոչ ընթերցողները կհասկանան գիրքը ընթերցելիս:



-  Գրքում ամեն բան չէ, որ կարելի է միանշանակ հասկանալ: Մտավախություն չունե՞ք, որ ընթերցողի կողմից գիրքը սպասված արձագանքը չի ունենա:

- Եթե մարդ անհամաձայնության մեջ է գտնվում գրքի կամ վեպի որևէ տողի հետ, ապա դա նշանակում է, որ գիրքը այդ մարդու հոգուն ինչ-որ մի բանով կպել է: Ես շատ ուրախ կլինեմ, եթե ինձ հետ անհամաձայն լինեն: Եվ ես շատ եմ ուզում հետագայում՝ մի քանի ամիս անց, հանդիպում-քննարկում կազմակերպել և լսել ընթերցողների կարծիքը, առողջ քննարկում ծավալել: 

- Ըստ Ձեզ՝ ներքին հեղափոխություն կարող են ապրել միայն երիտասարդնե՞րը:

- Կարծում եմ՝ ոչ: Հնարավոր է՝ տարիներ շարունակ մարդը գիտակցաբար քնած վիճակում լինի և 50 տարեկանում նոր հասկանա, որ իր կյանքում ինչ-որ փոփոխության կարիք կա: Ներքին հեղափոխությունը ինչ-որ տեղ նաև ներքին կայունությունն է, ինչը բնորոշ է ավելի շատ հասուն տարիքի մարդկանց: Եթե դու ներքուստ կայուն ես, ապա դու շատ լավ կարող ես ծառայել և՛ ինքդ քեզ, և՛ երկրիդ, և՛ քո ապագային, և՛ քեզ շրջապատող մարդկանց: 

Սակայն պետք է արձանագրել, որ երիտասարդների մոտ ներքին հեխափոխություն անելը շատ ավելի հեշտ է ստացվում, քանի որ նրանք այլ կերպ են մտածում, ավելի հախուռն են և ազատ: Իսկ արդեն ավելի հասուն տարիքում դու շատ բաներ, իհարկե, գիտակցում ես, սակայն, քեզ համար ապրելը ավելի դժվար է դառնում: Իմ կարծիքով յուրաքանչյուր տարիքում էլ ներքին հեղափոխություն կարող է տեղի ունենալ: 

- Ի՞նչ նոր գաղափարներ ունեք, որոնք ցանկանում եք իրականացնել ապագայում: 

- Այս վեպի մոտիվներով ներկայացում բեմադրելու շատ մեծ ցանկություն ունեմ: Ուզում եմ աշխատել երիտասարդների հետ՝ նոր դերասաններ, նոր դեմքեր: Ճիշտ է՝ շատ տաղանդավոր դերասաններ ունենք և՛ թատրոնում, և՛ կինոյում, բայց, կարծում եմ, հասարակությունը հոգնել է նույն թատերական բեմադրություններից, նույն դեմքերից, նույն ֆիլմերից և դերասաններից: Դառն է, բայց սա է ճշմարտությունը: Շատ եմ ցանկանում աշխատել Սամվել Թադևոսյանի հետ: Նման ներկայացում ունենալու մասին մտածել եմ դեռ վեպը գրելիս, քանի որ բեմադրությունը էլ ավելի մեծ ազդեցությունը կարող է ունենալ մարդկանց վրա: 

Նշենք նաև, որ նախատեսվում է «Ներքին հեղափոխություն» վեպը թարգմանել ռուսերեն: