Լուսանկարները՝ «Դոմ Մոսկվի» Մոսկովյան մշակութագործարարական կենտրոնից

Տոնական միջոցառման ընթացքում ամփոփվեցին ուսումնառության ընթացքում կատարված աշխատանքները, իսկ երեխաները հանդես եկան բանաստեղծությունների ընթերցմամբ։ Ցերեկույթի ավարտին երեխաներին հանձնվեցին ավարտական վկայականներու ամանորյա նվերներ:
«Դոմ Մոսկվի» կենտրոնի գլխավոր տնօրեն Վահրամ Կարապետյանն իր ողջույնի խոսքում շնորհավորեց բոլորին դասընթացների հաջող ավարտի կապակցությամբ՝ հորդորելով շարունակել կատարելագործել իրենց գիտելիքները: Նա շեշտեց, որ 2020 թվականին կենտրոնը կշարունակի կազմակերպել ռուսաց լեզվի անվճար դասընթացներ՝ կարևորելով կրթության դերն առողջ հասարակության ձևավորման գործում: Շնորհավորելով բոլորին գալիք տոների կապակցությամբ` «Դոմ Մոսկվի» կենտրոնի գլխավոր տնօրենը հույս հայտնեց, որ նոր տարում երեխաները և նրանց ծնողները ակտիվորեն կմասնակցեն կենտրոնի կրթա-մշակութային կյանքին:
Ծնողներն իրենց հերթին շնորհակալություն հայտնեցին կենտրոնի տնօրինությանը և աշխատակիցներին՝ բարձրորեն գնահատելով ուսուցիչների քրտնաջան աշխատանքը, որի շնորհիվ կարճ ժամանակահատվածում երեխաները սովորեցին ռուսերեն խոսել:
Երևանում «Դոմ Մոսկվի» Մոսկովյան մշակութագործարարական կենտրոնը ակտիվորեն զբաղվում է մշակութային և կրթական գործունեությամբ, պարբերաբար կազմակերպում տարաբնույթ միջոցառումներ ու նախագծեր, որոնք մտիված են ռուսաց լեզվի և մշակույթի խթանմանը, հայ-ռուսական բարեկամական կապերի խորացմանը, ինչպես նաև մշակութային երկխոսության զարգացմանը: 2019 թ-ին կրթության ոլորտում կարևոր նախաձեռնություններից էին ռուսաց լեզվի անվճար դասընթացները և Հայաստանի դպրոցներին դասագրքերի հանձնման ծրագիրը, որը «Դոմ Մոսկվի» կենտրոնն իրականացնում է Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան աջակցությամբ: Երկու ծրագրերն էլ կենտրոնը կշարունակի իրականացնել 2020 թվականին: