Նյութը՝ Միլենա Մկրտչյանի
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 2019-12-28 11:43
Ֆիլմադարան. Ամանորի մասին նոր ֆիլմերը կհաղորդեն տոնական տրամադրություն
Մոտենում է Ամանորը, իսկ նախատոնական տրամադրությունն ապահովելու, ինչպես նաև առաջիկա տոնական հանգստյան օրերին ազատ ժամանակը լրացնելու լավագույն տարբերակներից է Ամանորի մասին ֆիլմերի դիտումը:

Eritasard.am-ի «Ֆիլմադարան» շարքում ներկայացնում ենք ֆիլմեր, որոնք կփոխանցեն ուրախ և դրական լիցքեր, ջերմություն՝ անկախ ցուրտ ձմռան, և, իհարկե, ամանորի հրաշքների և երազանքների իրականացման հավատ:  Մեր կողմից առանձնացված բոլոր ֆիլմերը նոր են՝ հանրության դատին ներկայացված 2019 թվականին: Ֆիլմեր, որոնք հասցրել են դառնալ այս տոնի անբաժան մասը և խորհրդանիշը: Նշենք նաև, որ ցանկում ընդգրկված ֆիլմերը հասցեագրված են և՛ երիտասարդներին, և՛ պատանիներին, և՛ մեծահասակներին:

1. «Իմ արկածները Սանտայի հետ»
Ամանորի մասին ֆիլմերը սովորաբար լի են լինում հրաշքներով և անհավանական արկածներով: «Իմ արկածները Սանտայի հետ» ֆիլմը բացառություն չէ: Գլխավոր հերոսներ Ջեննան և Սեմմին քույր և եղբայր են: Նրանց ծնողների հարաբերությունները այդքան էլ հարթ չեն: Ջոշը, նրանց հայրը, ամեն կերպ փորձում է օգնել երեխաներին Սուրբ Ծննդյան տոնակատարություններին պատրաստվելու գործում: Բայց Վալերին՝ մայրը, չի կարողանում ներկա լինել տոնին, քանի որ կրկին զբաղված է աշխատանքով: Կարող է թվալ նաև, որ նա առանձնապես մեծ ցանկություն չունի մասնակցելու ընտանեկան տոնին: Ծնողների հարաբերությունները ավելի են լարվում, վեճ է հասունանում, իսկ երեխաները որոշում են դիմել Սանտայի օգնությանը: Նրանք մեկնում են Հյուսիսային բևեռ, որ անձամբ խնդրեն Սանտային այդ մասին: Սակայն պարզվում է, որ Սանտան ունի իր սեփական խնդիրները, որոնք միայնակ լուծել չի կարողանում: Երեխաները և Սանտան միավորվում են, որոշում օգնել միմյանց և լուծել բոլոր խնդիրները: Նոր տարին դիմավորում են հարազատ մարդկանց ընկերակցությամբ: 

Ֆիլմի պաշտոնական թրեյլերը՝ 



2. «Արքայազն՝ Ամանորին»
Այս ֆիլմը շարունակություն է երիտասարդ լրագրողուհու կյանքի պատմության, ով մեկնել էր արտերկիր՝ գործուղման: Նա պետք է լուսաբանումներ կատարեր արքայական ընտանիքի կյանքի մասին: Սակայն սովորական գործուղումը վերածվում է իրական հեքիաթի: «Արքայազն՝ Ամանորին» ֆիլմում հերոսուհին արդեն սպասում է, թե երբ է մայրանալու և լույս աշխարհ բերելու ապագա արքայազնին:

Ալդովիայում Սուրբ ծննդյան տոներին են պատրաստվում: Ըստ ֆիլմի սյուժեի՝ թագավոր Ռիչարդը պատրաստվում է արձակուրդ վերցնել՝ որդու աշխարհ գալու առիթով: Սակայն մինչ դա նրանք պետք է ընդունեն Պենգլիից ժամանած թագավորին և թագուհուն,  որպեսզի վերականգնեն 600 տարվա սուրբ հաշտությունը հարևան երկրի հետ: Հակառակ դեպքում սարսափելի անեծք կուղարկվի Ալդովիա: Գլխավոր հերոսուհին գործողոթյունների կիզակետում է: Նա պետք է օգնի իր արքայական ընտանիքին՝ գտնելով անհայտ կորած խաղաղության պայմանագիրը: 

Ֆիլմի պաշտոնական թրեյլերը՝ 



3. «Ասպետը՝ Սուրբ ծնունդից առաջ»

Այս ֆիլմը, թերևս, ընտանեկան դիտման համար լավագույն ֆիլմերից մեկն է: Միջնադարյան մոգությունը 14-րդ դարի ասպետ է ուղարկում 2019 թվական ժամանակակից Օհայո քաղաք: Այստեղ ասպետը հանդիպում է Բրուքին՝ սիրուց հիասթափված երիտասարդ ուսուցչուհու, ով դասավանդում է ավագ դպրոցում: Հանդիպելով ասպետին աղջիկը կարծում է, որ նա ամնեզիա ունի, ուստի որոշում է օգնել: Սիրահարվում են միմյանց: Բրուքն օգնում է նրան կողմնորոշվել  բարձր տեխնոլոգիական հասարակության մեջ և կատարել իրեն հանձնարարված առաքելությունը: Իսկ ասպետը հիշեցնում է աղջկան  սիրո զորության մասին: Ինչպե՞ս կավարտվի նրանց ծանոթությունը: Սերը կհաղթահարի արդյոք բոլոր տարաձայնությունները: Կարո՞ղ է միջնադարից մեր օրեր ժամանած ասպետը գոյատևել ժամանակակից աշխարհում: Հարցեր, որոնց պատասխանները կգտնեք ֆիլմում:

Ֆիլմի թրեյլերը՝ 



4. «Կեղծ Սանտան»
Այս կատակերգությունը պատմում է հետապնդումից թաքնված երիտասարդ իռլանդացու՝ Փեթի արկածների մասին: Նա արտագաղթել է Նյու Յորք, աշխատում է սովորական պանդոկում: Մի օր պանդոկի սեփականատերը օգնություն է խնդրում երիտասարդից: Առաջին հայացքից թվում է, որ պետք է պարզապես ճամպրուկներ փոխանցել ոմն Շոնին: Մի պայմանով՝ ոչ մի դեպքում չնայել, թե ինչ կա ներսում: Գործողոթյունները այնպես են դասավորվում, որ նախքան Սուրբ ծնունդը Փեթը հայտնվում է Մեքսիկայում՝ փախչելով անհասկանալի հետապնդումից: Պարզվում է, որ ճամպրուկներում ահռելի գումար կա: Ըստ Փեթի՝ խնդիրներից և հետապնդումներից խուսափելու համար լավագույն տարբերակը արտաքին տեսքը փոխելն է. սկսում է կրել Սանտայի հագուստ և այդպես քողարկվում: Նա ամբողջությամբ կլանվում է ամանորյա տրամադրությամբ և ոգով: Սանտայի դերը սկսում է դուր գալ հերոսին: Ժամանակի ընթացքում հասկանում է, որ ամանորյա այդ ողջ անցուդարձը շատ ավելի մեծ նշանակություն ունի կյանքում…

Ֆիլմի պաշտոնական թրեյլերը՝