
«Սիրո մենյու» գրքում ամփոփված են «Բոհեմում» բեմադրված վերջին ներկայացումները: Հեղինակը Նարեկ Դուրյանն է: Ժողովածուն թատերախմբի անակնկալն է Դուրյանի 60-ամյակի կապակցությամբ:
Գիրքն ընդգրկում է 5 պիես` «Սե-Լա-Վի», «Կոմա Նոստրա», «Սիրո մենյու», «Օրագիր» եւ «Գործողություն Նեմեսիս»։ Շապիկի դիզայնի հեղինակն Արվին Քոչարյանն է, որի մոտ լուսանկարվելիս դերասանը չի էլ կռահել, որ տվյալ պահին ստեղծվում է իր իսկ գրքի շապիկի նկարը
Այն դերասանի թատրոնի սաների, խմբագիր Արմեն Ավանեսյանի եւ Քրիստինե Հովհաննիսյանի անակնկալն է Դուրյանին, որը դերասանին շնորհվել է ծննդյան 60-ամյակին` համանուն մոնոներկայացման ժամանակ:
«Ես երբեք չէի համարձակվի հրատարակել, եթե ամեն ներկայացում 5-10 տարվա պատմություն չունենար: Ավելին ասեմ, երբ գիրքն ինձ նվիրեցին, տարա տուն, դրեցի գրադարանի մեջ, ուշադրություն դարձրի, որ կողքին Դոստոեւսկին էր, հանեցի, մյուս տեղում Չեխովն էր, կրկին տեղափոխեցի... Չէի կարողանում գրքիս համար տեղ գտնել»:
Ներկաներին շնորհակալություն հայտնելով՝ դերասանը նաեւ խոստովանեց, որ միշտ է երազել գիրք ունենալու մասին․ «Ես երազել եմ, միշտ ցանկացել եմ գիրք ունենալ: Մտածում էի` ոնց անեմ, ում դիմեմ... Սա ինձ համար շատ մեծ անակնկալ էր: Իհարկե, սա ինձ համար երազանք էր»:
Միջոցառման ավարտին գրեթե բոլոր ներկաները ստացան գրքեր՝ սիրված դերասանի մակագրությամբ։