Նյութը՝ Նարինե Գալստյանի
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 2020-05-20 12:00
ՄԻՐԶՈՅԱՆԱԿԱՆ ՓԱՌԱՏՈՆԸ՝ ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ՕՆԼԱՅՆ
Մայիսի 12-ը ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, Հայաստանի կոմպոզիտորների միության երկարամյա նախագահ Էդվարդ Միրզոյանի ծննդյան օրն է։

 Նրա երկրային կյանքն ավարտվել է 2012 թվականին, իսկ 2014-ից ի վեր, ի նշանավորումն մեծ կոմպոզիտորի ծննդյան օրվա, ամեն մայիսի կազմակերպվում է Պատանի կոմպոզիտորների հանրապետական մրցույթ-փառատոն։ Նպատակը պատանի կոմպոզիտորներին իրենց ստեղծագործությունները ներկայացնելու և կոմպոզիտորական մեծ ընտանիքի մասնիկ դառնալու հնարավորություն ընձեռելն է: 

Ամբողջ աշխարհում մարդկանց ապրելու և աշխատելու նոր պայմաններ պարտադրած համավարակի հետեւանքով այս տարի փոխվեց միջոցառման ձևաչափը. Էդվարդ Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների հանրապետական 7-րդ մրցույթ-փառատոնն անցավ առցանց։ Ներկայացված բազմաթիվ աշխատանքներից ընտրվեցին տասը լավագույնները։ Եվ լավագույնների՝ Ալեքսանդր Տոնիկյանի, Արաքս Աշճյանի, Արիանա Վարդանյանի, Արմեն Գևորգյանի, Գրիգորի Բալասանյանի, Էդգար Մխիթարյանի, Էդուարդ Ալեքսանյանի, Ռուբեն Ավագյանի, Սարգիս Առաքելյանի և Սյուզաննա Աղամալյանի ստեղծագործությունների կատարումներով տեսանյութը մայիսի 12-ին ցուցադրվեց երեք հարթակում՝ Հայաստանի կոմպոզիտորների միության, ՀՀ ԿԳՄՍ նախարարության և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ֆեյսբուքյան պաշտոնական էջերում: Կազմակերպիչները որոշել են այս տարի մրցույթ-փառատոնը վերածել պարզապես երաժշտության միրզոյանական տոնի. բոլոր մասնակիցներին կհանձնվեն պատվոգրեր, իսկ նրանց ստեղծագործությունները կձայնագրվեն Երևանի պետական կոնսերվատորիայի ակուստիկ լաբորատորիայում:

 

Տեսանյութի հղումը՝ (https://www.youtube.com/watch?v=0SYzVuiJzc4&fbclid=IwAR2B0n--hHByHNos3pfhCz0Ti3xPOkhkSIjZBl1JAXMe5QtyRFV54kFx6ns)