Նյութը՝ ՆԱՐԻՆԵ ԳԱԼՍՏՅԱՆ
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 20-05-2020
Մի ծուլացեք, մարզվեք
Համավարակը բոլորին իր պայմաններն է թելադրում։ Շատերն են այս ընթացքում համակերպվել տանը մնալու կամ տնից քիչ դուրս գալու մտքի հետ. ոմանք խուսափում են շփումներից, ոմանք տնից են աշխատում։ Եվ կան մարդիկ, որոնք կարողանում են նույնիսկ այս օրերին ժամանակ գտնել թարմ օդում քայլելու, անգամ մարզվելու համար։

Եթե դուք ձեր բնակարանից եք աշխատում, խուսափեք նստակյաց կյանք վարելուց, մի մոռացեք դրա բացասական հետևանքների մասին։ Առաջին հերթին խուսափեք նստած ժամանակ ոտքը ոտքի վրա գցելուց. նստած ժամանակ արյան շրջանառությունը դանդաղում է, իսկ ոտքը ոտքին գցած դիրքում կարող է առաջանալ անոթների խցանում։

Ձեր ինքնազգացողությունը կլավանա, եթե ժամանակ գտնեք և կատարեք մի քանի վարժություն։ Ամերիկյան ֆուտբոլի հայր Ուոլթեր Քեմփը, որը ոչ միայն մարզիկ էր ու մարզիչ, այլև հաջողակ գործարար, ժամանակին մշակել էր 12 վարժությունների մի համալիր ծրագիր, որ հեշտությամբ կարելի է կատարել նույնիսկ աշխատավայրում՝ ծախսելով ընդամենը 8-10 րոպե։

Այս վարժություններն ամրացնում են պարանոցի, ուսագոտու, թևերի, կրծքի, փորի մկանները, նպաստում գեղեցիկ կեցվածքի ձևավորմանը։

Քեմփը հավաստիացնում էր, որ վարժությունները բարերար ներգործություն ունեն ներքին օրգանների, մասնավորապես աղիների  աշխատանքի վրա, նաև լավացնում են ուղեղի աշխատանքը։

Ամենօրյա 12 վարժությունները հարմար են տարիքային բոլոր խմբերի ներկայացուցիչների համար, բայց առավել օգտակար են միջին տարիքի մարդկանց համար։