Նյութը՝ ՆԱՐԻՆԵ ԳԱԼՍՏՅԱՆ
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 20-05-2020
ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՆՈՐԱՁԵՎՈՒԹՅԱՆ ԱՄԱՌԱՅԻՆ ՇՈՒՆՉԸ
Եվս մի քանի օր` և ամառը կմտնի իր իրավունքների մեջ։ Թեպետ գարնան վերջին օրերն էլ արդեն լի են ամառային ջերմությամբ։

Վստահ ենք՝ անգամ համավարակի պայմաններում չի մարում երիտասարդների՝ ամռանը նորաձև լինելու, հետաքրքիր և ուշագրավ տեսք ունենալու ձգտումը։ Իսկ ի՞նչն է նորաձև առաջիկա ամռանը։

Ինչպես հուշում են նորաձևության գիտակները, այս ամռանը ևս արդիական են դարսերով զգեստներն ու փեշերը, ժանեկազարդ գործվածքներից ամենատարբեր երկարության զգեստները։ Փողոցային նորաձև ուղղության հետևորդները համարձակորեն կարող են կրել բարձրավիզ (վոդոլազկա) զգեստներ, նաև այդպիսի բլուզներ՝ ջինսե բազմազան փեշերի հետ։ Նորաձև են նեղ, ուղիղ, նաև դեպի ներքև լայնացող փեշերն ու լայնափողք տաբատները։

Այս գարնան ու ամռան ամենատարածված նախշերից են մեծ հատիկանախշը և տարբեր հաստության զոլերը։ Տարծված է նաև անկանոն բծեր հիշեցնող աբստրակտ նախշը։ Այս գարնանն ու աշնանը կարելի է հանդիպել այդպիսի նախշազարդով ոչ միայն ամենօրյա, այլև երեկոյան զգեստներ։

Չափազանց բազմազան են նաև նորաձև պայուսակները՝ պարկաձև և դույլաձև, երկրաչափական հստակ ձևերով և արտառոց մոդելներ։ Նորաձև են նաև թղթե տոպարկ հիշեցնող, քաթանատիպ գործվածքներից կարված նավակաձև, նաև ցանցկեն հյուսածո պայուսակները։ Շարունակում են նորաձև մնալ ծոպերիզով պայուսակները և դրամապանակ հիշեցնող փոքրիկ պայուսակները։

Չանտեսենք նաև այրական նորաձևությունը։ Ամռանը ուժեղ սեռի ներկայացուցիչներին խորհուրդ է տրվում ընտրել բնական գործվածքներից գեղեցիկ վերնաշապիկներ ու կիսաթև մայկաներ։ Հատուկ ուշադրություն պետք է դարձնել գույնի ընտրությանը. առավել նորաձև են սպիտակը, երկնագույնը, կանաչի երանգները՝ նուրբ անանուխագույնից մինչև խոտի թանձր կանաչ։ Շարունակում են նորաձև մնալ զոլերը, կենդանական նախշերը, նշանախշը։ Այս սեզոնում շատ գեղեցիկ համակցություն են կազմում կարճ տաբատը՝ շորտը և ոճային ժիլետը։ Նուրբ քաթանից առանց օձիքի վերնաշապիկները կարելի է համադրել մշտապես նորաձև ջինսե տաբատների հետ։ Երեկոյան կարելի է կերպարն ամբողջացնել ջինսե կուրտկայով։

Այս ամռանը շատ արդիական են այրական թևնոցներն ու զինվորական վզնոց-կախիկները։