Նյութը՝ ԱՐՄԻՆՖՈ լրատվական գործակալության
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 2020-06-11 18:10
Հայաստանի ֆերմերներն էլ ավելի մեծ հետաքրքրություն են դրսեւորում աջակցության ծրագրերի նկատմամբ
Հայաստանի ֆերմերները գնալով ավելի մեծ հետաքրքրություն են ցուցաբերում աջակցության ծրագրերի նկատմամբ։ Այդ մասին հունիսի 10-ին երկրի 2019 թվականի պետական բյուջեի կատարողականի հաշվետվության քննարկման ժամանակ հայտարարել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը։

Նրա խոսքով՝ գյուղացիների ներգրաված վարկերի ծավալները, որոնց դիմաց տոկոսները վճարում է կառավարությունը, հասել են 60 մլրդ դրամի։ Ընդ որում, շեշտը դրվում է գյուղատնտեսական տեխնիկայի ներգրավման, կաթիլային ոռոգման համակարգերի ներդրման, տոհմային անասունների ձեռք բերման, ինտենսիվ այգիների  վրա։ Նախարարը փաստել է, որ գյուղատնտեսության ոլորտում ներդրումները միշտ չէ, որ միանգամից արդյունք են տալիս, դրա համար ժամանակ է պետք: Այդ իսկ պատճառով կառավարության ծրագրերը կրում են միջնաժամկետ և երկարաժամկետ բնույթ։ Գյուղատնտեսությունը, ինչպես նկատել է Տիգրան Խաչատրյանը, ամենաքիչն է տուժել  կորոնավիրուսի տնտեսական հետեւանքներից։ Ագրարային հատվածի զարգացմանը ակտիվ մասնակցում են նաև միջազգային կառույցները, այդ թվում՝ Համաշխարհային բանկը, որը գյուղացիների կողմից սարքավորումների և տեխնիկայի ձեռք բերմանն ուղղված դրամաշնորհների միջոցով նպաստում է տնտեսությունների արագ զարգացմանը։ Այս ծրագիրը կշարունակվի 2020-2021թթ.:

Նախարարը նաեւ տեղեկացրել է, որ օրենսդրական փոփոխություններ են նախապատրաստվում երկու օրենքներում, որոնք ուղղված են չօգտագործվող գյուղատնտեսական հողերի խնդրի լուծմանը եւ պարենային անվտանգության ապահովմանը: Նրա խոսքով ՝ կառավարությունը մտադիր է ձևավորել մոտիվացիոն մեխանիզմներ, որոնցով այդ հողերի սեփականատերերը կամավորության սկզբունքով կամ կվաճառեն իրենց հողատարածքները, կամ կփոխանցեն վարձակալության։ Տիգրան Խաչատրյանը նշել է, որ Հայաստանն այսօր կիսով չափ ապահովում է իրեն հացահատիկով, ամբողջությամ՝բ մսով, մեկ քառորդով՝ հավի մսով։ Բոլոր պակասող ծավալները հանրապետությունն իրավունք ունի ներմուծել ԵԱՏՄ երկրներից։

Ընդհանուր առմամբ, ինչպես նշել է նախարարը, գյուղատնտեսությունը հնարավորություն ունի երկրի ՀՆԱ-ում իր տեսակարար կշիռը ներկայիս 14 տոկոսից հասցնել ավելի էական ցուցանիշի: 2020 թվականին, ըստ կանխատեսումների, ոլորտի աճը կկազմի 0,8 տոկոս։