Նյութը՝ Գայանե Ենգոյանի
Լուսանկարները՝ Արդարադատության ակադեմիայի
Տեղադրվել է 2020-06-13 18:41
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԱԿԱԴԵՄԻԱՅՈՒՄ ԱՎԱՐՏԱԿԱՆ ԴԻՊԼՈՄՆԵՐ ՀԱՆՁՆԵՑԻՆ
Հունիսի 9-ին Արդարադատության ակադեմիայում ռեկտոր Սերգեյ Առաքելյանն ավարտական դիպլոմներ հանձնեց Ակադեմիայի դատավորների թեկնածուների հավակնորդների 2019-2020թթ. ցուցակում ընդգրկված անձանց՝ քրեական, քաղաքացիական, վարչական մասնագիտացումներով 17 ունկնդրի:

Ստեղծված իրավիճակով պայմանավորված և արտակարգ դրության պայմաններում՝ դիպլոմների հանձնման արարողության կազմակերպման և անցկացման համար ձեռնարկվել էին անհրաժեշտ բոլոր միջոցառումները: Ունկնդիրներին դիպլոմներ հանձնվեց երկու խմբով, տրամադրվել էին դիմակներ, ձեռնոցներ, ախտահանիչ միջոցներ, պահպանվում էր սոցիալական հեռավորությունը:

Ռեկտորը շնորհավորեց շրջանավարտներին մասնագիտական պատրաստումն ավարտելու կապակցությամբ և հույս հայտնեց, որ հետագայում ճանապարհը կշարունակեն՝ ի օգուտ արդարադատության ոլորտի զարգացման ու բարելավման, առաջնորդվելով ոչ միայն մասնագիտական, այլև մարդկային արժանիքներով: «Ցանկացած՝ հատկապես կրթական հաստատության գործունեության հիմնական գնահատականը նրա շրջանավարտների ձեռքբերումներն ու հաջողություններն են: Վստահ եմ՝ մեր պատիվը բարձր կպահեք, և մոտ ապագայում կհանդիպենք ոչ որպես թեկնածուների հավակնորդներ, այլ՝ Ակադեմիայում վերապատրաստում անցնող դատավորներ»,-նշեց ռեկտորը և բարի երթ ու քաջառողջություն մաղթեց շրջանավարտներին:

Դատավորի թեկնածուի հավակնորդների խմբի անունից Լիանա Հարությունյանը երախտագիտություն հայտնեց Արդարադատության ակադեմիայի ռեկտորին և աշխատակազմին՝ մասնագիտական պատրաստման անցկացման, ջանասեր աշխատանքի ու նվիրումի համար, որը կարևոր նշանակություն կունենա իրենց հետագա աշխատանքում:

Դատավորների թեկնածուների հավակնորդների մասնագիտական պատրաստումը մեկնարկել էր 2019թ. սեպտեմբերի 9-ին և տևել 7 ամիս և 3 շաբաթ՝ ներառյալ 4 ամիս տևողությամբ փորձաշրջանը: