Նյութը՝ ՄԱՍԻՍՓՈՍՏ լրատվական գործակալության
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 2020-06-14 19:22
«ՀԱՅԱՍՏԱՆ-ԱՐՑԱԽ» ՀԻՄՆԱԴՐԱՄԸ COVID-19-Ի ԴԵՄ ՊԱՅՔԱՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՀԱՅՐԵՆԻՔ Է ԱՌԱՔՈՒՄ 181 ՀԱԶԱՐ ԴՈԼԱՐ ԱՐԺՈՂՈՒԹՅԱՄԲ ԴԵՂՈՐԱՅՔ ԵՎ ԲԺՇԿԱԿԱՆ ՊԻՏՈՒՅՔՆԵՐ
Հունիսի 12-ին «Հայաստան-Արցախ» հիմնադրամը COVID-19-ի դեմ պայքարելու նպատակով Երևան է առաքել 181 հազար դոլար արժողությամբ դեղեր և բժշկական պիտույքներ։

Այս առաքման շնորհիվ  Հայաստանում հնարավոր կլինի բուժօգնություն ցուցաբերել 1500 հիվանդի։ 2020 թվականի առաջին հինգ ամիսների ընթացքում հիմնադրամը նաեւ 6 միլիոն դոլար արժեքով մարդասիրական օժանդակություն է հայթայթել Հայաստանի և Արցախի համար։ Այդ օժանդակությունն իրականացնելու համար «Հայաստան-Արցախ» հիմնադրամը  5,8 միլիոն ընդհանուր արժեքի դեղորայք և այլ պիտույքներ է ապահովել AmeriCares (5 միլիոն դոլար) եւ Direct Relief ($741 հազար դոլար) կազմակերպություններից։ Այդ ընթացքում մեծարժեք նվիրատվություններ են կատարել նաև «Հաւըրտ Գարակէօզեանի հիշատակի ընկերությունը» (76 հազար դոլար), «Ակաբէ» ծրագիրը (40 հազար դոլար) և Հայ Կրթական Բարեսիրական Միությունը (36 հազար դոլար)։ Դեղորայքն ու բժշկական պիտույքներն առաքվել են ՀԲԸՄ Քլոտիա Նազարեան սիրիահայ գաղթականների բժշկական կենտրոնին, Արաբկիր միացյալ մանկական բարեգործական հիմնադրամին, Ավագ բժշկական կենտրոնին, Հայաստանի օգնության հիմնարկին, Մեծն Ներսես բարեսիրական կազմակերպությանը, Մուրացան մանկական գեղձաբանական կենտրոնին, Սբ.Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնին և Հայաստանի ու Արցախի առողջապահության նախարարություններին։

Անցյալ 31 տարիների ընթացքում «Հայաստան-Արցախ» հիմնադրամը և դրան նախորդած Միացեալ հայկական հիմնադրամը Հայաստանի ու Արցախի համար հայթայթել են 897 միլիոն դոլար ընդհանուր արժեքով մարդասիրական օժանդակություն (158 թռիչքներով եւ 2 հազար 470 ծովային արկղերով)։

-Մեր ֆոնդին կանոնավոր կերպով առաջարկվում են միլիոնավոր դոլարների արժողության կյանք փրկող դեղեր եւ բժշկական պիտույքներ։ Մեզ մնում է միայն հոգալ առաքման ծախսը։ Ուրեմն քաջալերում ենք ձեր առատաձեռն նվիրատվությունները, որպեսզի կարողանանք շարունակաբար այս կենսական օժանդակությունը տրամադրել Հայաստանի եւ Արցախի բոլոր բժշկական կենտրոններին,- ասել է «Հայաստան-Արցախ» հիմնադրամի նախագահ Հարութ Սասունյանը։