Նյութը՝ ԱՐՄԵՆՊՐԵՍ լրատվական գործակալության
Լուսանկարները՝ ԱՐՄԵՆՊՐԵՍ լրատվական գործակալության
Տեղադրվել է 2020-06-18 18:58
ՇՆՈՐՀԱԿԱԼ ԵՄ ԲՈԼՈՐ ԱՋԱԿԻՑՆԵՐԻՑՍ. ՄԱՐԻԱՆՆԱ ԳԵՎՈՐԳՅԱՆԸ WORLD FOLK VISION ՄՐՑՈՒՅԹ ՓԱՌԱՏՈՆԻ ԵԶՐԱՓԱԿԻՉՈՒՄ
Քանոնահար Մարիաննա Գևորգյանն անցել է WORLD FOLK VISION հեղինակավոր մրցույթ-փառատոնի եզրափակիչ փուլ:

Մարիաննա Գեւորգյանը շնորհակալ է բոլոր նրանց, ովքեր օնլայն քվեարկությամբ սատարել են իրեն:

Մրցույթի կազմակերպիչները շնորհավորել են Մարիաննային՝ նշելով, որ նա վառ և տաղանդավոր անձնավորություն է, որն իրեն նվիրել է արվեստին և իր յուրահատուկ վարպետությամբ, դերասանական հմտություններով և հետաքրքիր երկացանկով գերել է հեղինակավոր մրցույթ-փառատոնի երկրպագուներին և հեռուստադիտողներին: Ըստ կազմակեպիչների՝ Մարիաննան իր արվեստով նպաստում է հայկական մշակույթը պահպանելուն և ներկայացնելուն:

Քանոնահարուհին տեղեկացրեց, որ քվեարկությանը մասնակցել է ավելի քան 16 մլն մարդ՝ 151 պետությունից: Հունիսի 18-ից մեկնարկում է եզրափակիչում հաղթելու համար նախատեսված քվեարկությունը, որը տևելու է մինչև հունիսի 28-ը: Երաժիշտը հայտնեց, որ իրեն պետական մակարդակով աջակցություն է հարկավոր:

Մարիաննա Գևորգյանի օգտին քվեարկելու համար անհրաժեշտ է մուտք գործել WORLD FOLK VISION կայք, գրանցվել և տասը բալ տալ Հայաստանի օգտին:

Քվեարկությանը կարելի է մասնակցել՝ անցնելով հղմամբ։ 

Օնլայն հարթակում անցկացվող մրցույթին մասնակցելիս Մարիաննան ներկայացրել է ազգային նվագարան քանոնը՝ կատարելով Սայաթ-Նովայի «Էշխեմեդ» ստեղծագործությունը: Ընտրությունը տևել է մեկ ամիս: Մրցույթին մասնակցել է 115 երկրի ներկայացուցիչ, բայց 3 950 մասնակցից կիսաեզրափակիչ է անցել 180-ը` 60 երկրից: Նրանց թվում են նվագախմբեր, երգչախմբեր, անհատ կատարողներ:

«Գրեթե բոլոր երկրներում քանոն նվագարանը կա, բայց այդ երկրների նեկայացուցիչներից և ոչ ոք քանոն նվագարանով չի մասնակցում մրցույթին, ինչը շատ ուրախալի է: Եթե անկեղծ լինեմ, շատ եմ ուզում հաղթել»,-խոստովանել էր Մարիաննան:

Մարիաննա Գևորգյանը սովորել  և գերազանցությամբ է ավարտել Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան, հանրապետական, միջազգային մրցույթ-փառատոնների ոսկե մեդալակիր է: Աշխատում է Կոմիտասի անվան կամերային երաժշտության տան «Տաղարան» հնագույն երաժտության համույթում (գեղարվեստական ղեկավար՝ Ս. Երկանյան):