Նյութը՝ ԱՐՄԵՆՊՐԵՍ լրատվական գործակալության
Լուսանկարները՝ ԱՐՄԵՆՊՐԵՍ լրատվական գործակալության
Տեղադրվել է 2020-06-18 19:01
«ԴԵՏՔ» ԽՈՒՄԲԸ ՆՈՐՈՎԻ Է ՄԵԿՆԱԲԱՆԵԼ «ՄԱԽՄՈՒՐ ԱՂՋԻԿ» ՀԱՆՐԱՀԱՅՏ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ
«ԴԵՏՔ» խումբը հետաքրքիր մոտեցմամբ է ներկայացրել «Մախմուր աղջիկ» երգը, որի խոսքերի հեղինակը Սիլվա Կապուտիկյանն է, իսկ երաժշտության հեղինակը՝ Խաչատուր Ավետիսյանը:

Երգի հիման վրա նկարահանված տեսանյութն արդեն հասանելի է համացանցում:

«Մախմուր աղջիկը» Խաչատուր Ավետիսյանի և Սիլվա Կապուտիկյանի՝ երաժշտասերների տարբեր սերունդներից, թերևս, ամենասիրվածն երգն է ավելի քան 50 տարի։ Ձեզ ենք ներկայացնում այս լեգենդար ստեղծագործության մեր կատարումը՝ քանոնահարուհի Անուշ Կիրակոսյանի նվագակցությամբ։ Տիկին Կիրակոսյանը Խաչատուր Ավետիսյանի ուսանողուհին է եղել և օգնել է մեզ պահպանել այն շունչը, որը մեծ կոմպոզիտորից փոխանցվել է հայկական ժողովրդական անփոխարինելի գործիքին՝ քանոնին»-«Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջում գրել են «ԴԵՏՔ»-ի տղաները:

Ավելի վաղ խմբի անդամները տեղեկացրել էին, որ կորոնավիրուսը մի կողմից փոխել  է իրենց ծրագրերը, մյուս կողմից՝ հնարավորություն է տվել միանգամից անցնել կուտակված նախագծերի իրականացմանը, որոնք մի կողմ էին դրվել 2020-ի սկզբին։ «Վերջին 2 ամսում աշխատում ենք մի քանի ձայնագրության վրա, որոնք շուտով հերթով ներկայացնելու ենք»,- նշել են Արման Պետրոսյանն ու Վահան Կիրակոսյանը:

 

«ԴԵՏՔ»-ը ստեղծվել է 2015 թվականին պրոդյուսեր Արման Ամպ-ի կողմից: Խումբը 2017-ին «Ծիծեռնակ» ազգային երաժշտական մրցանակաբաշխությունում ճանաչվել է Հայաստանում 2016 թվականի լավագույն փոփ¬բենդ։