Նյութը՝ ԱՐՄԵՆՊՐԵՍ լրատվական գործակալության
Լուսանկարները՝ ԱՐՄԵՆՊՐԵՍ լրատվական գործակալության
Տեղադրվել է 2020-06-19 19:48
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԸ ԱՌԱՋԻՆ ԸՆԹԵՐՑՄԱՄԲ ԸՆԴՈՒՆԵՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՈՒՂՂԱԿԻ ԵՎ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՀՐԱՀՐՈՒՄԸ ՔՐԵԱԿԱՆԱՑՆՈՂ ՆԱԽԱԳԻԾ
ՀՀ ազգային ժողովն առաջին ընթերցմամբ միաձայն ընդունեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների կողմից ներկայացված օրենքի նախագիծը, որով առաջարկվում է քրեականացնել ցեղասպանության ուղղակի և հրապարակային հրահրումը:

Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ հունիսի 18-ի նիստում ստացավ 100 ձայն:

Նախագծի համահեղինակ Վլադիմիր Վարդանյանը նկատեց՝ ցեղասպանության ուղղակի և հրապարակային հրահրման հանցակազմը շատ դեպքերում պարարտ հող է նախատեսում ցեղասպանությունների իրականացման համար: «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և դրա համար պատժելու մասին կոնվենցիայի 3-րդ հոդվածը, անդրադառնալով պատժելի արարքներին՝ նշում էր, որ պատժելի է ցեղասպանությունը, պատժելի է նաև ցեղասպանության ուղղակի և հրապարակային հրահրումը՝ որպես առանձին հանցակազմ: Ցավոք, մեր քրեական օրեսնդրության մեջ այդ կոնվենցիոն պարտավորությունից բխող դրույթն ուղակիորեն արտացոլված չէր, ինչը բավականին վտանգավոր կարող էր դարձնել մեր կողմից ստանձնած միջազգային իրավական պարտավորությունների կատարումը», -ասաց նախագծի համահեղինակ Վլադիմիր Վարդանյանը:

Այսպիսով նախագծով սահմանվում է, որ ցեղասպանության ուղղակի եւ հրապարակային հրահրումը`պատժվում է ազատազրկմամբ` ութից տասը տարի ժամկետով: Նույն արարքը, որը կատարվել է`զանգվածային լրատվության միջոցներով կամ համակարգչային համակարգի միջոցով, մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ`պատժվում է ազատազրկմամբ` տասից  տասնչորս տարի ժամկետով:

Սույն հոդվածի առաջին կամ երկրորդ մասով նախատեսված արարքը, որը կատարվել է` կազմակերպված խմբի կողմից, պաշտոնեական դիրքն օգտագործելով` պատժվում է ազատազրկմամբ տասնչորսից քսան տարի ժամկետով կամ ցմահ ազատազրկմամբ: