Նյութը՝ Նարինե Գալստյանի
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 2020-06-21 17:28
ՄԻ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ. ՕԴԱՆԱՎԻ ՏԻՐՈՒՀԻՆԵՐԸ
Ինքնաթիռի ուղեկցորդուհու մասնագիտությունը, իսկապես, արժանի է հիացմունքի. տղամարդիկ հիանում են ժպտադեմ աղջիկների նրբագեղությամբ, բարեկրթությամբ ու գեղեցկությամբ, իսկ կանայք երևի թե նախանձում են նրանց ապրելաոճին՝ անընդհատ ուղևորություններ, բնակություն թանկարժեք հյուրանոցներում, հանգիստ շքեղ լողափերում…

Հիրավի, գեղեցիկ համազգեստով, կարճ փեշերով, երիտասարդ ու գրավիչ աղջիկները անտարբեր չեն թողնում գրեթե ոչ մի ուղևորի։ Իրականում օդանավի տիրուհիների աշխատանքը թեպետ զուրկ չէ ռոմանտիզմից, սակայն չափազանց ծանր է, նաև վնասակար առողջության համար (գիշերային թռիչքներ, անընդհատ փոփոխվող ժամային գոտիներ, սթրեսային իրավիճակներ)։ Աշխատանքի բերումով նրանցից շատերը չեն կարողանում ընտանիք կազմել և երեխաներ ունենալ։ Քիչ չեն եղել դեպքերը, երբ ուղեկցորդուհիներն իրենց աշխատանքային պարտականությունները կատարելու ընթացքում ենթարկվել են բռնությունների և նվաստացումների…

Իսկ ի՞նչ ճանապարհ է անցել առեղծվածներով և ռոմանտիզմով պարուրված այս մասնագիտությունը։ Ի՞նչ խնդիրների ու դժվարությունների են բախվել այն աղջիկները, որոնք երազել են իրենց կյանքը կապել երկնքի և թռիչքների հետ, ինչպե՞ս են փոխվել ուղեկցորդուհիների հանդեպ պահանջները տարբեր ժամանակներում։

Պատմությունը հիշում է առաջին ուղեկցորդուհու անունը՝ Էլեն Չերչ։ Ճիշտ 90 տարի առաջ՝ 1930 թվականին, Էլենը և 7 բուժքույրեր ուղեկցում էին 14 ուղևորի, որոնք թռչում էին Կալիֆոռնիայի Օքլենդ քաղաքից մինչև Չիկագո։ Թռիչքը տևեց 20 ժամ։  Դեռատի Էլենը երազում էր օդաչու դառնալ, սակայն ուրիշ ժամանակներ էին,  ուրիշ կարծրատիպեր, և աղջիկը ստիպված էր հրաժարվել օդաչու դառնալու մտքից։ Այնուամենայնիվ, Էլենը չհրաժարվեց թռչելու իր երազանքից, հավաքեց բուժքույրերի փոքրիկ խումբ և կարողացավ համոզել Boeing ընկերության ղեկավարությանը, որ ինքնաթիռի ուղևորներին անհրաժեշտ են իրենց նման քնքուշ ուղեկցորդուհիներ։

«Պատկերացրեք՝ ինչպես կփոխվի ավիացիան, եթե երիտասարդ աղջիկները դառնան անձնակազմի մշտական անդամներ։ Պատկերացրեք, թե ինչպես կարող են ազդել գեղեցիկ հագնված և խնամված աղջիկները ճանապարհորդների տրամադրության վրա, երբ զգուշորեն ուտելիք մատուցեն և հոգ տանեն ուղևորների հարմարավետության մասին»,- Boeing ընկերության մենեջեր Սթիվ Սիմփսոնի գրած այս նամակը իր գործն արեց. 1930 թվականի մայիսի 15-ին Boeing 80A ինքնաթիռը առաջին անգամ երկինք բարձրացավ աձնակազմի անդամ կանանց հետ, որոնք կատարում էին ինքնաթիռի տիրուհիների պարտականությունը։

Սկզբնական շրջանում ուղեկցորդուհիներին ներկայացվող պահանջները չափազանց պարզունակ էին. նրանք անպայման պիտի ժամացույց ունենային (թռիչքի տևողությանը, ժամային գոտիների փոփոխությանը հետևելու համար), պետք է հետևեին ուղևորների կողմից անվտանգության կանոնների պահպանմանը, ինչպես նաև իրենց մոտ պետք է մոտ ունենային գնացքների չվացուցակը, որ կարողանային անհրաժեշտ տեղեկություններ հաղորդել ուղևորներին, եթե ինքնաթիռը ինչ-ինչ պատճառներով ստիպված վայրէջք կատարեր։

Ժամանակի հետ պահանջները փոխվեցին։ Իրենց որակավորումը բարձրացնելու համար ուղեկցորդուհիները պարբերաբար տարբեր դասընթացների էին մասնակցում, այդ թվում՝ ընթերցանության և ֆրանսերենի։ Տարիքով կանայք բացառված էին անձնակազմում։ Մարքեթոլոգները համոզված էին, որ երիտասարդությունն ու թարմությունը նպաստում են ավելի մեծաթիվ ուղևորներ գրավելուն։ Այդ տարիներին ուղեկցորդուհի կարող էին դառնալ միայն չամուսնացած աղջիկները։ Դա էր պատճառը, որ շատերը մի քանի տարուց ավելի որպես ուղեկցորդուհի չէին աշխատում։ 1950-60-ական թվականներին ավիաընկերությունները ավելի ու ավելի գրավիչ և հրապուրիչ էին դարձնում ուղեկցորդուհու կերպարը. մարմինն ընդգծող պիրկ հագուստ, կարճ փեշեր, երկար ոտքեր, աչքի զարնող դիմահարդարում։ Այս ամենի արդյունքում ուղեկցորդուհիները երբեմն շատ դժվարությամբ էին ձերբազատվում համառ տղամարդկանց հետապնդումից։

Տարեցտարի ուղեկցորդուհիների պարտականություններն ավելանում էին. նրանք պետք է զբաղվեին սրահի մաքրությամբ, բազկաթոռների կարգավորմամբ, հարկ եղած դեպքում՝ օգնեին օդանավը լիցքավորելիս, ուստի որոշ ավիաընկերություններ փոխեցին ուղեկցորդուհիների արտահագուստը՝ հիմք ընդունելով զուտ հարմարավետությունը։ Այնուամենայնիվ, շատ ավիափոխադրողներ բարեձև ու գեղեցկատես ուղեկցորդուհիներին դիտարկում էին որպես «ցուցափեղկ»՝ ուղևորներին ներգրավելու համար։ Օրեցօր խստացող մրցակցությունը ստիպեց ավիաընկերությունների ղեկավարներին ընդունել, որ ուղևորին հրապուրելու համար առաջին հերթին անհրաժեշտ է բարձրորակ սպասարկում։ Դրա հետ կապված փոխվեցին ավիափոխադրողների առաջնահերթությունները։

1968 թվականին ԱՄՆ-ում սկսվեց մարդու իրավունքների պաշտպանության նոր ժամանակաշրջան։ Վերացվեց բորտուղեկցորդուհիների ամուսնության արգելքը, հանվեց նաև տարիքային խիստ սահմանափակումը։ 1971 թվականից տղամարդիկ ևս կարող էին աշխատել այդ հաստիքում (նախկինում տղամարդ ուղեկցորդ չկար)։

Հայաստանում, ինչպես Խորհրդային Միության մյուս հանրապետություններում, շարունակում էին գործել արտաքինի հետ կապված խիստ սահմանափակումները։ Ուղեկցորդուհիներին ներկայացվում էին նույն պահանջները, ինչ ներկայացվում էին մանեկենուհիներին. հասակը՝ 162սմ, քաշը՝ 52կգ-ից ոչ ավելի, տարիքը՝ 25-ից ոչ բարձր։ Ուղեկցորդուհիները կրում էին գեղեցիկ խստաոճ արտահագուստ, մազերը հավաքում էին գլխահետևում։ Հայազգի ուղեկցորդուհիներն այնքան էլ շատ չէին։ Մենք չկարողացանք տեղեկություններ հայթայթել հայ առաջին բորտուղեկցորդուհու մասին, սակայն որոնումների արդյունքում պարզեցինք, որ Երևանի «Զվարթնոց» օդանավակայանի տարածքում՝ անմիջապես Քաղավիացիայի գլխավոր վարչության շենքում տեղակայված Քաղավիացիայի թանգարանում (2014 թվականի տվյալով) ներկայացված է բորտուղեկցորդուհի Դոլորես Ղազարյանի դիմանկարը։ Նա 1983-ին կանխել է օդանավի առևանգումը Թուրքիա։ Ուղեկցորդուհուն հաջողվել է ահաբեկչին համոզել, որ օդանավը վայրէջք կատարի իբրև թե Կարսում, այնինչ իրականում ինքնաթիռն իջել է Լենինականում (Գյումրի)։ Ահաբեկչին ձերբակալել են։ Ահա այսպիսի սխրանքներ են գործում բորտուղեկցորդուհիները։

Միացյալ Նահանգներում 1990 թվականից ի վեր ուղեկցորդուհի (ուղեկցորդ) դառնալու պարտադիր պայման դարձավ բարձրագուն կրթությունը։ Այն ժամանակ ԱՄՆ-ի նախագահ Ջորջ Բուշը, կարևորելով այս մասնագիտության դերը, հուլիսի 19-ը հայտարարեց Ուղեկցորդների ազգային օր։ Ավելի ուշ տոնը դուրս եկավ միջազգային ասպարեզ և այժմ նշվում է մայիսի 31-ին։

Այսօր յուրաքանչյուր ավիաընկերություն սահմանում է իր աշխատանքային կանոնադրությունը։ Մեր օրերում այս մասնագիտությունը կարող է ընտրել յուրաքանչյուր մարդ՝ անկախ մաշկի գույնից, տարիքից, սեռից և գրավչության աստիճանից։

Կորոնավիրուսի համավարակը անդառնալիորեն ազդել է մարդու կյանքի բոլոր ոլորտների, այդ թվում նաև ավիացիայի վրա։ Ճիշտ է, թռիչքների քանակը կտրուկ նվազել է, սակայն սակավաթիվ թռիչքներ իրականացնող անձնակազմերի անդամներն աշխատել և աշխատում են՝ վարակվելու վտանգն աչքի առաջ ունենալով։ Դա է պատճառը, որ AirAsia ընկերությունը նոր արտահագուստ ստեղծեց իր աշխատակիցների համար, որը ներառում է նաև դիմակ ու ձեռնոց։

Ուղեկցորդուհիներից շատերն այսօր դարձել են գործազուրկ, ուստի գոյությունը պահպանելու համար այլ աշխատանք են փնտրում։ Հուսահատված փորձագետները ենթադրում են, որ մոտ ապագայում այս մասնագիտությունը կարող է վերանալ։ Իսկ իրենք՝ օդանավի հմայիչ տիրուհիները, անհամբերությամբ սպասում են  լավ օրերի վերադարձին։