Նյութը՝ Նարինե Գալստյանը
Լուսանկարները՝ Med Practic.com
Տեղադրվել է 2020-06-22 16:08
ՑԻԱԼԱ ՈՒՍՏՅԱՆ. «ՉԸՆԿՐԿԵՆՔ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԴԺՎԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՌԱՋ»
Համավարակի այս օրերը բազմաթիվ դժվարություններ հարուցեցին նաև երիտասարդների կյանքում։ Փակվեցին ժամանցի կենտրոնները, մշակութային օջախները, սահմանափակվեցին շփման հնարավորությունները։

Մեկը չկարողացավ ծննդյան օրը նշել, մյուսը ստիպված էր հետաձգել վաղուց որոշված հարսանյաց հանդեսը։ Ոմանք զրկվեցին աշխատանքից, մյուսներն անցան հեռավար ուսուցման ու աշխատանքի, ինչը միանգամայն նոր երևույթ էր և, անշուշտ, լրացուցիչ լարվածություն և բարդություններ առաջացրեց։ Նրանք, ովքեր ավարտում էին դպրոցը կամ բուհը, չունեցան իրենց կյանքում այդ կարևոր իրադարձությունն ըստ արժանվույն նշելու հնարավորություն։ Իսկ եթե, Աստված մի արասցե, այս ամենին էլ գումարվում էր հիվանդությունը, ապա հոգեկան ցնցումն ապահովված էր։

Հիմա կյանքը կամաց-կամաց վերադառնում է բնականոն հուն, բայց առջևում դարձյալ փորձություններ կան հատկապես նրանց համար, ովքեր ընդունվելու են բարձրագույն ուսումնական հաստատություն. քննություններն այս տարի անցկացվելու են միանգամայն նոր կարգով։

 

Արդյոք այս օրերին ավելացե՞լ է արյան ճնշման տատանման կամ սրտային անբավարարության խնդիրներով բժիշկներին դիմող երիտասարդների թիվը, ի՞նչ դեր է խաղում այս հարցում կորոնավիրուսի համավարակը, ինչպե՞ս դիմագրավել սթրեսներին. այս հարցերն ուղղեցինք Կանխարգելիչ սրտաբանության կենտրոնի սրտաբան Ցիալա Ուստյանին։

Ցիալա Ուստյանը 1996 թվականին ավարտել է Երևանի N117 դպրոցը, 2002-ին՝ Մ.Հերացու անվան բժշկական համալսարանը, ապա կլինիկական օրդինատուրան։ 2010 թվականից աշխատում է Կանխարգելիչ սրտաբանության կենտրոնում, զուգահեռաբար աշխատել է Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոնում, «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնում։ Մասնակցել է մի շարք գիտական նախագծերի, բազմաթիվ գիտական հոդվածների հեղինակ և համահեղինակ է։

-Կորոնավիրուսի համավարակի օրերին նկատվե՞լ է երիտասարդ այցելուների թվի աճ, թե՞ հակառակը՝ մարդիկ, մոռացած իրենց հիվանդությունները, մտածում են միմիայն կորոնավիրուսից պաշտպանվելու մասին։

 

- Վերջին մի քանի ամիսների իրադարձությունները շատ բան փոխեցին բոլորիս կյանքում, այդ թվում նաև մարդկանց մոտ փոխվեց վերաբերմունքը սեփական առողջական խնդիրների նկատմամբ։ Եթե նախկինում նույնիսկ ոչ նշանակալի գանգատի պատճառով էին դիմում բժշկի, հիմա գերակշռող դեպքերում՝ միայն ծանրակշիռ պատճառներով։ Այս օրինաչափությունը վերաբերում է նաև երիտասարդ այցելուներին։

-Վերջին շրջանում այն կարծիքն է տարածվել, թե սրտանոթային հիվանդությունները երիտասարդացել են, և զարկերակային գերճնշումը սկսել է ի հայտ գալ ավելի վաղ տարիքից։ Որքանո՞վ է այս կարծիքը համապատասխանում իրականությանը։

-Որքան էլ ցավալի է՝ մենք դա տեսնում ենք մեր ամենօրյա պրակտիկայում։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալնեը վկայում են, որ, այո, երիտասարդացել է։ Բնականաբար, Հայաստանն էլ բացառություն չի կազմում։ Դրան նպաստում են այնպիսի ռիսկի գործոնների տարածվածությունը, ինչպիսիք են ֆիզիկական թերակտիվությունը, ավելցուկային քաշը, արտահայտված հոգեհուզական լարվածությունը։

Բայց նաև վստահաբար կարող եմ ասել, որ երիտասարդության շրջանում փոխվել է վերաբերմունքը առողջության հանդեպ, ձևավորվել է սեփական առողջությանը հետևելու մշակույթ։ Ոչ միայն ավելացել են առողջ ապրելակերպի հետևորդները, որոնք պարբերաբար մարզվում են, հետևում են իրենց սննդակարգին, խուսափում են ավելորդ քաշից, այլև երիտասարդները վաղ տարիքից դիմում են բժշկի, հետազոտվում են՝ հնարավոր հիվանդությունները կանխարգելելու նպատակով։ Սա շատ խրախուսելի քայլ է, քանի որ բժիշկներս մշտապես կրկնում ենք՝ ավելի հեշտ է հիվանդությունը կանխարգելելը, քան բուժելը։ Այս առումով մեծացել է երիտասարդության շրջանում հիվանդությունների հայտնաբերելիությունը։ Դե իսկ զարկերակային գերճնշումը ժամանակին հայտնաբերելը առավել քան կարևոր է, քանի որ չկարգավորված զարկերակային գերճնշումը սրտանոթային խնդիրների առաջացման լրջագույն ռիսկի գործոններից է։

-Ի՞նչ խորհուրդ կտաք երիտասարդներին հատկապես ամառային այս օրերին. համավարակը դեռ չի նահանջել, շոգն իր գործն է անում, առջևում բուհական ընդունելության քննություններն են, որոնք լրացուցիչ լարվածություն, սթրեսային իրավիճակներ կարող են առաջացնել։

- Լինել լավատես, չընկրկել ժամանակավոր դժվարությունների առջև։ Ամեն մի իրավիճակում փորձել տեսնել դրականը, կարևորել այն, ինչ ունես, այլ ոչ թե այն, ինչից ժամանակավոր զրկված ես։ Գիտակցել, որ քո այսօրվա թվացյալ զրկանքները բազմաթիվ մարդկանց կյանք են փրկելու, որ դու ևս պատասխանատվություն ես կրում համաճարակի դեմ պայքարում հաղթանակի համար։