Նյութը՝ Նարինե Գալստյանը
Լուսանկարները՝ Սամվել Մաչանյանի
Տեղադրվել է 2020-06-23 15:24
ՍԱՄՎԵԼ ՄԱՉԱՆՅԱՆ. «ԵՐԱԶԱՆՔԻ ՀԵՏԵՎԻՑ ԳՆԱԼԸ ՊԱՐՏԱԴԻՐ Է»
Դու կարող ես ունենալ բարձր վարձատրվող աշխատանք, կարող ես գնահատված լինել ու համարվել խոստումնալից մասնագետ, բայց մի օր կարող ես հստակ գիտակցել, որ այլ երազանք ունես, որ աշխատում ես սոսկ ապրելու համար, մինչդեռ պիտի հակառակը լիներ։

Ու եթե երազանքդ շարունակի կանչել քեզ, այլևս չես երկմտի, չես դիմադրի, պարզապես կթողնես ամեն ինչ ու կգնաս երազանքիդ հետևից։ Այդպես վարվեց բանկային համակարգում աշխատող ԱյԹի ոլորտի բարձրակարգ մասնագետ Սամվել Մաչանյանը։ նաց ու հաջողեց։ Այսօր մեր երկրում Մաչանյան եղբայրների անվան հետ են կապվում Էջմիածնի «Ալլուրիա» գինեգործարանում արտադրվող յուրահատուկ գինիները։

 

-Ինչո՞ւ գինիներ, ինչո՞ւ «Ալլուրիա»,- առաջինն այս հարցի պատասխանն ենք ուզում ստանալ Սամվել Մաչանյանից։

 

-Այլուրիան Վանա լիճ թափվող լեռնային գետակ է, որի ափերին՝ Այլուր գյուղում, ապրել են իմ պապերի պապերը։ Ապրել են, խաղող աճեցրել ու գինի պատրաստել։ Ի դեպ, Մաչանյաններն այդ շրջանում միակ գինեգործներն են եղել։ Եվ իմ երազանքն էլ գինին էր։ 2013-ին Սարդարապատի մերձակայքում գտնվող թեք լեռնալանջերին տնկեցինք մեր խաղողի այգիները։ 2017-ին մենք եղբայրներով այցելեցինք Այլուր, որը հիմա քրդաբնակ է։ Գյուղից ոչ հեռու դեռ պահպանվում է ավելի քան 150 տարեկան՝ արդեն վայրիացած մեր խաղողի այգին։ Մեզ հետ խաղողի որթատունկ բերեցինք, ու հիմա մեր այգիներում իմ պապերի աճեցրած խաղողն իր տեղն ունի։ Գինեգործական մեր ընտանիքի ավանդույթները շարունակվում են, և մեր գինիները մեր պապենական այգիների մոտ խոխոջացող գետակի անունն են կրում:

 

-Ասում են՝ աշխատանքը փոխելու Ձեր որոշումը միանշանակ չի ընդունվել։

 

-Այո, չեմ թաքցնում՝ «գիժ» անունը վաստակեցի, իսկ հետո ընկերներիցս մեկը ինձ կոչեց «խենթ գինեգործ»։ Գուցե արածիս մեջ խենթություն կար, բայց իմ նախկին աշխատանքն ինձ արդեն չէր գոհացնում։ Ես ուզում էի ապրել առանց մտածելու, որ ունեմ դժվար իրագործելի առաջադրանքներ, վերջնաժամկետներ։ Ես ուզում էի իմ հոբբին դարձնել ինձ համար եկամտաբեր զբաղմունք։ Եվ արեցի վճռական քայլ՝ գիտակցելով բոլոր հնարավոր ռիսկերը, զգալով չհաջողելու, հասկացված, գնահատված չլինելու անհանգստություն, պատկերացնելով ֆինանսական դժվարությունները, ընտանիքիս առաջ ունեցած պատասխանատվությունս։

 

-Կարո՞ղ եք ասել, որ տագնապներն ու դժվարություններն արդեն հաղթահարված են։

 

-Ֆինանսական դժվարությունները դեռևս լիովին հաղթահարված չեն, բայց ընտանիքս ինձ շրջապատել է սիրով և համերաշխությամբ։ Ես աշխատում եմ գիշեր ու ցերեկ, առանց հանգստյան օրերի, բայց ես ազատ եմ։ Ունեմ բնության հետ անվերջ շփվելու, ժամանակս ընտանիքիս հետ անցկացնելու հնարավորություն, հոգեպես հանգիստ եմ, մեր արտադրանքը գնահատված է։ Ես անասելի բավարարվածություն եմ զգում, երբ նայում եմ իմ ու եղբայրներիս պատրաստած գինին խմող մարդու աչքերին ու տեսնում, որ գինին նրան դուր է գալիս։

 

-Ի՞նչն էր առավել դժվար նոր գործում։

 

-Գործն իրականում նոր չէր։ Ոչ միայն պապերս են գինեգործներ եղել, այլև հայրս ամեն աշնան գինի էր պատրաստում մեր ընտանիքի ու իր ընկերների համար, մենք էլ նրա օգնականներն էինք։ Նա իր համաձայնությունը տվեց, որ մենք՝ եղբայրներով, ձեռնամուխ լինենք այս գործին։ Իսկ երբ մեր պատրաստած գինին հայրիկին դուր եկավ, հասկացանք, որ կարող ենք շուկա մտնել։ Ամենամեծ դժվարությունը անձնապես ամեն ինչի համար պատասխան տալն է։

 

-Գինին դասագրքերով չենք պատրաստում: Մասնագիտական նրբությունները սովորում ենք գործնականում՝ բազմաթիվ փորձեր կատարելով։ Մեր գինին յուրահատուկ խմիչք է՝ բնական, առանց հավելումների։ Հասունանում է իր իսկ խմորիչով։ Մեր փիլիսոփայությունն է՝ պահպանել բնական գինի արտադրելու ընտանեկան այդ ավանդույթը, ինչն իր հետ բերում է մի շարք դժվարություններ. գինին կարող է շատ արագ փչանալ։ Դու ամեն պահի բախվում ես քո ստեղծածը կորցնելու վտանգին, ինչը հոգեբանորեն շատ ծանր է։

 

-Ի՞նչ է գինին Ձեզ համար։

-Գինին զգացմունքային խմիչք է, նաև խելացի, ընդգրկուն, պարունակում է այն էներգիան, որը ես ու եղբայրներս տալիս ենք իրեն պատրաստելու ամբողջ ընթացքում։ Մարդիկ ստանում են այդ էներգիան ու փոխանցում ուրիշներին։ Մենք ուզում ենք ճի՜շտ փոխանցել այդ զգացմունքները, էներգիան, ուզում ենք ճի՜շտ մարդու փոխանցել։ Մեր գինիները վաճառվում են միայն մասնագիտացված խանութներում և գինու ուղղվածություն ունեցող ռեստորաններում։

 

-Ի՞նչ դարձավ գինեգործությունը Ձեզ համար։

 

-Նոր աշխատանք ստեղծելու և ստեղծագործելու լայն հնարավորություն։ Հողը ամենակարող է, հողի հետ ճիշտ աշխատելով հասկանում ես, որ ունես լայն հնարավորություններ, և այդ միտքը անընդհատ քեզ նոր լիցքեր է տալիս։ Ես լիահույս եմ, որ կդառնանք եկամտաբեր ու գրագետ կառավարվող ընկերություն, կունենանք մոտ 20 համալրված աշխատատեղ։ Սրանով ոգևորված՝ կյանքի կկոչենք գինեգործությանը հարակից այլ նախագծեր, ավելի հպարտ կներկայանանք հանրությանը՝ որպես Հայաստանում ստեղծված լավագույն ապրանքներից մեկի հեղինակ։ Մեր փորձով հերթական անգամ ցույց կտանք, որ Հայաստանում հողի հետ գրագետ աշխատելով՝ կարելի է ունենալ եկամտաբեր գործ։

 

-Ի՞նչ կմաղթեք այն երիտասարդներին, որոնք կարող են հայտնվել Ձեր իրավիճակում, ինչ-որ պահի զգալ, որ իրենց գործով չեն զբաղվում։

-Կասեմ՝ երազանքի հետևից գնալը պարտադիր է։