Նյութը՝ Նարինե Գալստյանի
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 2020-06-24 10:56
ԴԱՏԱՐԿ ՊԱԼԱՏՆԵՐԸ ՍՊԱՍՈՒՄ ԵՆ ԱՅՑԵԼՈՒՆԵՐԻՆ
Դժվարին իրավիճակում է հայտնվել «Պատմական թագավորական պալատներ» ընկերությունը, որը Մեծ Բրիտանիայի կառավարության հանձնարարականով ի շահ թագավորական ընտանիքի տնօրինում է այն պալատների ճակատագիրը, որոնցում արքայական ընտանիքի ոչ մի անդամ չի ապրում։

Ընկերության տնօրինության տակ է վեց պալատական համալիր, այդ թվում՝ լոնդոնյան Թաուերը, Քենգսինգթոնյան պալատը և Հեմփթոն կորտը։ Նախկինում հիմնական եկամուտը գոյանում էր զբոսաշրջիկների այցելություններից, իսկ զբոսաշրջիկների շուրջ 65%-ը ժամանում էր այլ երկրներից։ Դժվար է ակնկալել, որ մոտ ապագայում հնարավոր կլինի վերականգնել այցելությունների նախկին քանակը, ուստի տնօրենությունը ծրագրեր է մշակում հենց բրիտանացիների համար։ Այդուհանդերձ, ֆինանսական խնդիրները այս պահի դրությամբ լուծված չեն։ Աշխատակիցների 80%-ը հարկադիր արձակուրդում է,

որպեսզի օժանդակություն ստանա կառավարությունից։ Հեմփթոն կորտի 40 աշխատակիցներից այսօր իրենց պարտականությունների կատարմամբ զբաղված են ընդամենը 7-ը։ Այցելուները պալատ չեն մտնում, բավարարվում են միայն զբոսայգում շրջելով։ Բոլորն ապրում են լավ օրերի սպասումով։ Ուշագրավն այն է, որ Հեմփթոն կորտի առաջին տիրակալը՝ Հենրիխ 8-րդը, ժամանակին այստեղ պատսպարվել է՝ խուսափելով Լոնդոնում մոլեգնող համաճարակից։