Նյութը՝ Նարինե Գալստյանի
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 2020-06-24 11:01
ՆՈՐԱՁԵՎՈՒԹՅԱՆ ՇԱԲԱԹ ԼՈՆԴՈՆՈՒՄ՝ ՕՆԼԱՅՆ ՁԵՎԱՉԱՓՈՎ
Լոնդոնում իր աշխատանքներն է սկսել Նորաձևության շաբաթը։ Համավարակի պատճառով այս անգամ ցուցադրությունը տեղի է ունենում օնլայն ձևաչափով։

Ըստ Նորաձևության հարցերով բրիտանական խորհրդի տվյալների՝ համավարակը ահռելի վնաս է հասցրել նորաձևության ինդուստրիային. այս ոլորտի ընկերությունների 73%-ը հայտնել է պատվերների չեղարկման մասին։

Նորաձևության հարցերով բրիտանական խորհրդի գործադիր տնօրեն Քերոլայն Ռաշն այս առիթով ասել է. «Թվային նորարարությունն օգտագործելու գաղափարն առաջացավ շատ արագ։ Մենք արդեն ունեինք Իտալիայի եւ Ֆրանսիայի օրինակը։ Ֆաբրիկաները փակ են։ Եվ շատ հավանական է, որ դեռ երկար ժամանակ չբացվեն, ուստի որոշեցինք ստեղծել թվային հարթակ»,- ասել է տիկին Ռաշը։

Մի քանի օրվա ընթացքում մոդելագործները պետք է ներկայացնեն «Գարուն-ամառ-2021» հավաքածուները։ Ընդ որում կարող են ներկայանալ նաև սկսնակ դիզայներները։

«Թեպետ Նորաձևության ցուցադրության շաբաթն սկսվեց առանց  մոդելների շքերթի, բայց կլինեն հավաքածուների շնորհանդեսային ֆիլմերի ցուցադրություններ։ Ես գիտեմ, որ դիզայներներն ու մանրածախ առևտրով զբաղվող ընկերությունները շատ լավ համագործակցում են՝ կիրառելով նոր տեխնոլոգիաները։ Կարծում եմ, որ սա շատ կարևոր քայլ է՝ ուղղված  սպառողական լսարանին։ Սա նաև հնարավորություն է գիտակցելու, թե ինչպես է նորաձևության արդյունաբերությունը թվային տեխնոլոգիաների շնորհիվ գտնում նոր ուղիներ»,- ասել է Քերոլայն Ռաշը։