Նյութը՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 2020-06-24 13:23
ԿԱՊՐԻ ԱՆՄԱՀ ՀՈԳԻՆ…
«Վարդանանքը» հայ ժողովրդի համար հայտնություն էր ճակատագրական պահին

Ես եւս եղա այն հացահատիկը, որ ընկնելով հողը՝ մեռնում է, որպեսզի գա հացը կենդանի
Դերենիկ Դեմիրճյան

 

Հայրենական մեծ պատերազմ։ Ռազմաճակատ էին մեկնում երիտասարդները, գնացքները լեփ-լեցուն էին… Ամայի փողոցներից լսվում էին կանանց հուսակտուր ձայները, իսկ երեխաները քաղցած էին։ Պատերազմի արհավիրքը խլում էր ամեն բան, մինչդեռ հարկավոր էր ռազմաճակատի մարտիկներին ոգեւորել, մղել համառ պայքարի։ Պատմական այդ օրերին հանկարծ գրախանութներում հայտնվեց նոր գիրք՝ «Վարդանանք» անունով։ Այդ պատմավեպում Վարդան Մամիկոնյանի հերոսական ոգին էր, Ավարայրի ահեղ դաշտում հայերի հերոսական պայքարը՝ հանուն հայրենիքի սիրո ու պաշտպանության, հանուն անդավաճան այն քրիստոնեական հավատի, որ «չեն կարող խախտել մեզ ո՛չ հրեշտակ, ո՛չ մարդիկ, ո՛չ հուր, սուր»։ Սա հայ ժողովրդի համար հայտնություն էր հայրենիքի ճակատագրական պահին։ Այդ վեպը Ավետիք Իսահակյանը բնութագրեց որպես «ռազմական կրակ», ուր «յուրաքանչյուր էջից վրնջում են նժույգները, կորովի երիտասարդները պատրաստ են կռվել եւ զոհվել հայրենիքի համար...»։ Եվ ահա այդ պայքարի գաղափարը ոգեւորելու էր ռազմի դաշտում մարտնչող զինվորներին, դառնալու էր «ոգու ներշնչման» վահան։ «Պաշտպանե՛նք մեզ կտակած գանձերը։ Մեռնենք՝ չտանք թշնամուն ոչինչ»,–ասաց «Վարդանանքի» հեղինակ Դերենիկ Դեմիրճյանը…
Դերենիկ Դեմիրճյան՝ հայ անվանի գրող, դրամատուրգ, հրապարակախոս, թարգմանիչ։ Հաճախ միամիտ, երբեմն՝ խորամանկ, շուտ բորբոքվող, ներողամիտ, անչափ պարզ ու մարդամոտ…
Մի՛ լար, մի՛ թացիր աչքերդ, աչքիդ լույսն ափսո՜ս է, կանցնի՜.
Մի՛ տխրիր, նոր գարուն հասակդ մի օր է վառ մայիս՝ կանցնի՜,...Աշխարհն էլ հեքիաթ է էսպես, մի՛ շտապիր, կհատնի՝ կանցնի...

Պատանի հասակից սկսվում է Դերենիկ Դեմիրճյանի գրական կյանքը։ Ժամանակի հեղինակավոր պարբերականներում նորահայտ հեղինակի գրականությունն էր։ Նրա ստեղծագործությունները մարդու ապրումների, խղճի, արդարության մասին էին, մարդու, ով ամեն օր կանգնած է մահվան ու կյանքի սահմանագծին։ Այդ գրական գործերը հոգեբանական են, խորունկ ու իմաստուն։ Խեղճ անդամալույծ Սրբուհին, ով իր «ավելորդ» լինելով դաս է լինում բոլոր Հաճի աղաների համար՝ թե քեզանից էլ փախչեց, խղճի դատաստանից ու՞ր («Ավելորդը»)... «...Եթե ասեմ, որ ինձ համար ողջ հայ գրականության մեջ այս պատմվածքից ավելի հզոր, կենդանի ու ցնցող այլ պատմվածք չկա, հավատացեք»,–ասել է Սերո Խանզադյանը։ «Քաջ Նազարը»՝ որի հերոսը լինելով վախկոտ ու տկար, դառնում է հերոս։ Հեքիաթ-դրաման տարիներ շարունակ հայ թատրոնի խաղացանկում է եղել (այսօր էլ), իսկ հանդիսատեսը հոտնկայս ծափահարել է...։ «Միայն «Քաջ Նազարով» Դեմիրճյանը կարող է մտնել անմահների շարքը»,–ասել է Հրաչյա Հովհաննիսյանը։

Դերենիկ Դեմիրճյանի ստեղծագործությունների զգալի մասը հայրենասիրական են, հայի պատմությունն են, հայի հարատեւության խորհուրդը։ «Ես ինձ մարտիկ եմ զգում եւ չեմ զլանա մեր հայրենիքի ազատության համար թափել արյանս վերջին կաթիլը»,–ասել է մտավորականը։
Դերենիկ Դեմիրճյանը, որ չափազանց շատ էր սիրում իր հայրենիքը, նաեւ կարեւորում էր մայրենի լեզվի նշանակությունը, գրագետ խոսքը։ Մի անգամ ականատես է լինում երկու աշակերտուհու խոսակցությանը, ովքեր միմյանց հաղորդում էին, թե վաղը որ առարկաներից դասաժամ ունեն։ Օրիորդներից մեկն ասել է՝ «աշխարհ», մյուսը՝ «թվաբ»։ Շարունակել են զրուցել ե՛ւ հայերենով, ե՛ւ ռուսերենով։ Դեմիրճյանը ձեռնափայտը զգուշորեն մեկնել է օրիորդներից մեկին եւ ասել. «Խոսեք մաքուր հայերենով՝ թվաբանություն, աշխարհագրություն։ Կա՛մ խոսեք լրիվ ռուսերեն ու վերջացրեք ռուսերենով, կա՛մ հայերեն՝ հայերենով վերջացրեք, բայց, ցավոք, երկու լեզուներով էլ ճիշտ չխոսեցիք»։ Աշակերտուհիներից մեկը մյուսին ասել է՝ Դեմիրճյանն է...

Չափազանց շատ է սիրել երաժշտությունը, ինքն էլ նվագել է ջութակ։ Ժամանակակիցները հիշում են, որ նվագելու պահին նրա դիմախաղերն արտահայտում էին հույզեր, որոնք խոր ապրումների հետեւանք էին։

«Բացառիկ են բացառությունները»,–ասել է Հրաչյա Քոչարը Դեմիրճյանի մասին։ «Ես տվի իմ ժողովրդին ոչ թե մեծ բան, այլ մեծապես ցանկացա տալ մի բան... Ես եւս եղա այն հացահատիկը, որ ընկնելով հողը՝ մեռնում է, որպեսզի գա հացը կենդանի։ Եվ մի ձգտում. հեռանալ աշխարհից այնպես, որ նա մնա ինձ պարտք, եւ ոչ թե ես՝ նրան».–հայ անվանի մտավորականը հայրենիքին «պարտք» չմնաց...