Նյութը՝ ԱՐՄԵՆՊՐԵՍ լրատվական գործակալության
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 2020-06-24 19:48
«ՀԱՅ ՖԵՍՏ» 18-ՐԴ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԹԱՏԵՐԱԿԱՆ ՓԱՌԱՏՈՆԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄՆԵՐԸ ԿԱՆՑԿԱՑՎԵՆ ԲԱՑՕԹՅԱ ՀԱՐԹԱԿՈՒՄ
«Լինե´լ. սա խնդիր չէ» “To BE! That's not a question!”. սա «Հայ ֆեստ» 18-րդ միջազգային թատերական փառատոնի այս տարվա կարգախոսն է: Այդ մասին մեզ հետ զրույցում ասաց փառատոնի նախագահ Արթուր Ղուկասյանը, որին այս օրերին հաճախ են հարցնում փառատոնի չեղարկման, հետաձգման մասին՝ կապված կորոնավիրուսի հետ, ինչին ի պատասխան, փառատոնի նախագահն արձագանքում է․ «Լինե´լ. սա խնդիր չէ»։

Այս տարի փառատոնը կկայանա հոկտեմբերի 1-8-ը: Ղուկասյանը հույս  է հայտնել, որ կորոնավիրուսի հետ կապված լարված իրավիճակը երկրում այդ օրերին մասամբ կբարելավվի։

Փառատոնն այս տարի թատերասեր հանրությանը կներկայանա նոր ձևաչափով և բազում անակնկալներով։ Ելնելով ստեղծված իրավիճակից՝ փառատոնի բոլոր ներկայացումները կլինեն բացօթյա։ Փակ տարածքներում (indoor) ներկայացումներ տեղի չեն ունենա: 

Փառատոնի նախագահը շեշտել է, որ խստորեն կպահպանվեն հակահամաճարակային բոլոր կանոնները. սոցիալական հեռավորություն, գծանշումներ, դիմակ ու անհրաժեշտ այլ միջոցներ:

«Հայ ֆեստ»-ի գլխավոր ու աննախադեպ անակնկալը կլինի այն, որ փառատոնը կհյուրընկալվի երևանյան տարբեր թաղամասերում. «Հայ ֆեստը» գալիս է ձեր տուն»։ Նախատեսված են ներկայացում-ցուցադրություններ, որոնք տեսապատկերի միջոցով կհայտնվեն բնակելի շենքերի պատերին: Նման անակնկալներ են սպասում ոչ միայն երևանյան, այլև մարզային հանդիսատեսին։ «Հայ ֆեստը» կհյուրընկալվի Գյումրիում, Վանաձորում և այլ մարզերում։  

Թատերական այդ օրերին գերհագեցած կլինի նաև փառատոնի օնլայն հարթակը: Կանցկացվի թատերական մեծ համաժողով՝ «Ժամանակակից թատրոնը նոր մարտահրավերների առջև» թեմայով, որը կամուրջ կստեղծի աշխարհի տարբեր երկրներում անցկացվող ճանաչված թատերական փառատոնների տնօրենների, բեմադրիչների, թատերագետների միջև: Բավական է միայն թվարկել նախնական համաձայնություն տված մասնակիցների անունները` «ТЕАТР» ամսագրի գլխավոր խմբագիր, NET միջազգային փառատոնի արտ-տնօրեն Մարինա Դավիդովա (ՌԴ), «Մանչեսթր» թատերական փառատոնի տնօրեն Ջոն ՄակԳրաֆ (Մեծ Բրիտանիա), հեղինակավոր բեմադրիչներ Իո Սթրոմգրեն (Նորվեգիա),  Անտոնիո Արաուժո (Բրազիլիա),  Թոմաս Օստերմայեր (Գերմանիա) և ուրիշներ:      

«Հայ ֆեստ» 18-րդ թատերական փառատոնը համատեղ նախագծեր կիրականացնի MitSP (Բրազիլիա), Almagro (Իսպանիա), FITEI (Պորտուգալիա), Dublin (Իռլանդիա)  և այլ հանրաճանաչ միջազգային թատերական փառատոնների հետ։ Լայվ-սթրիմ ձեւաչափում և մասնակից երկրների հետ սինքրոն կցուցադրվեն փառատոնի տարբեր տարիների իրադարձային ներկայացումները՝ ինչպես արտասահմանյան, այնպես էլ  հայկական արտադրության։ 

«ՀԱՅ ՖԵՍՏե միջազգային թատերական փառատոնն անցկացվում է ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ:  2019 թվականին Եվրոպական փառատոնների ասոցիացիան թվով 715 եվրոպական փառատոններից «Հայ ֆեստե միջազգային թատերական փառատոնն ընտրել և ընդգրկել է 24 լավագույնների ցանկում: