Նյութը՝ 1in.am լրատվական գործակալության
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 2020-06-25 11:51
ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՄԱԿԵԴՈՆԻԱՆ ԱՐՏԱՍԱՀՄԱՆՑԻՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՍԱՀՄԱՆԸ ԲԱՑՈՒՄ Է ԱՌԱՆՑ ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ԹԵՍՏԻ ՊԱՀԱՆՋԻ
Հյուսիսային Մակեդոնիայի կառավարությունը հունիսի 26-ից թույլատրել է ամբողջովին բացել սահմանակետերը, իսկ հուլիսի 1-ից կգործի ավիահաղորդակցությունը:

Այս մասին հաղորդում է Հյուսիսային Մակեդոնիայի կառավարության կայքը:

Ընդ որում Հյուսիսային Մակեդոնիայի իշխանությունները արտասահմանցիներից թեստավորում եւ մեկուսացում չեն պահանջելու:

«Հաշվի առնելով վարակիչ հիվանդությունների հանձնաժողովի առաջարկությունները՝ Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետության Կառավարությունը իր 72-րդ նստաշրջանում որոշում է ընդունել ուրբաթ, 26 հունիսի, 2020 թ., ամբողջությամբ բացել բոլոր սահմանային անցումները՝ առանց PCR թեստերի, առանց ինքնամեկուսացման ռեժիմի կամ պարտադիր պետական կարանտինի բոլոր ուղեւորների եւ տրանսպորտային միջոցների համար»,-ասվում է հայտարարության մեջ:

Բացի դրանից, կառավարությունը որոշել է հուլիսի 1-ից վերսկսել Սկոպյեի եւ Օխրիդի միջազգային օդանավակայանների լիարժեք աշխատանքը:

Պետք է նշել, որ Հյուսիսային Մակեդոնիան արտասահմանցիների մուտքը թույլատրել է հունիսի 17-ից, սակայն միայն PCR թեստի առկայությամբ: