Նյութը՝ 1lurer.am լրատվական գործակալության
Լուսանկարները՝ 1lurer.am լրատվական գործակալության
Տեղադրվել է 2020-06-26 19:16
ԵՌԱԿՈՂՄ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ՝ 16 ԸՆՏԱՆԻՔԻ ՀԱՄԱՐ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐ ԿԱՌՈՒՑԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ
Լոռու մարզպետարանի հաղորդմամբ՝ հունիսի 26-ին Լոռու մարզպետարանում կնքված եռակողմ համաձայնագրով տրվեց տնակային ավանների բնակիչներին բնակարաններով ապահովելու նախաձեռնության մեկնարկը:

Լոռու մարզպետարանի` ի դեմս մարզպետ Անդրեյ Ղուկասյանի, «ԱՌՔ» բարեգործական հիմանդրամի` ի դեմս տնօրեն Հրահատ Ստեփանյանի, և «Ֆուլեր տնաշինական կենտրոն» ԲՀԿ-ի` ի դեմս նախագահ Աշոտ Եղիազարյանի, միջև կնքվեց համաձայնագիր Վանաձոր համայնքի տնակային ավաններում բնակվող ընտանիքների համար բնակարաններ կառուցելու նպատակով:

Ըստ համաձայնագրի՝ առաջին փուլով շահառուները կընտրվեն Սանկտ Պետերբուրգի տնակային ավանում բնակվող ընտանիքներից, որոնց համար Վանաձորի Տարոն-4 թաղամասում՝ Վանաձոր համայնքի կողմից անհատույց հատկացված հողատարածքի վրա, կկառուցվեն բնակարաններ՝ նախատեսված առայժմ 16 ընտանիքի համար:

Լոռու մարզպետարանը համաձայնագրի շրջանակներում պարտավորվում է իրականացնել ինժեներական ցանցերի կառուցումը (գազ, էլեկտրաէներգիա, ջուր, ճանապարհներ), ըստ նախահաշվի մոտ 50 միլիոն դրամի չափով, «ԱՌՔ» բարեգործական հիմնադրամը կհատկացնի 144 միլիոն դրամ՝ քարե տների շինարարության իրականացման համար և «Ֆուլեր տնաշինական կենտրոն» ԲՀԿ-ն, որը պատասխանատվություն կկրի ծրագրի իրականացման ողջ ընթացքի համար՝ 16 միլիոն դրամ:

Բնակարանների արժեքից 5 մլն դրամը շահառուների համար լինելու է անհատույց նվիրատվություն, մնացած փոխհատուցվող մասը ընտանիքները վերադարձնելու են անտոկոս փոխառության կարգով՝ բնակարանամուտից հետո, 10-15 տարվա ընթացքում, թեև շահառուների նկատմամբ այս հարցում կցուցաբերվի անհատական մոտեցում, որպեսզի նրանց համար ֆինանսական ծանր բեռ չառաջանա: Այս փուլում նախապատվությունը կտրվի 4 և ավելի անդամ ունեցող ընտանիքներին:

«Այս ծրագրի շնորհիվ նպատակ ունենք լուծելու մարզի տնակային ավաններում բնակվող ընտանիքների բնակարանային խնդիրը ու նաև վերջնականապես ազատվելու տնակային ավաններից: Առաջին փուլի համար ընտրել ենք Սանկտ Պետերբուրգի տնակային ավանը, քանի որ այն ամենամեծն է Վանաձորում և բացի այդ, լուրջ կարևորություն ունի քաղաքաշինական առումով»,- ասաց մարզի ղեկավարը՝ նաև շեշտելով, որ ծրագիրը շարունակական բնույթ է կրելու:

Անդրադառնելով խնդրի լուծման կարևորությանը՝ մարզպետը նաև նշեց, որ ՀՀ վարչապետի հանձնարարությամբ այս ուղղությամբ աշխատանքները մեկնարկել են նախորդ տարվանից: Հսկայածավալ աշխատանք է իրականացվել. գույքագրվել են բոլոր տնակները, հանգամանորեն պարզվել է տնակներում բնակվող ընտանիքների կարգավիճակը:

«Մեր կարգախոսն է՝ Լոռու մարզն առանց տնակային ավանների: Այս նպատակի իրականացման համար մենք պետք է անենք ամեն հնարավորն ու անհնարինը»,- ասաց Ա. Ղուկասյանը: