Նյութը՝ Նարինե Գալստյանի
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 2020-06-27 19:53
«ՈՍԿԵ ԾԻՐԱՆ». ԲԱՐՁՐԱԿԱՐԳ ՖԻԼՄԵՐ, ՍՊԱՍՎԱԾ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
Դեռևս ապրիլի վերջին Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի կազմակերպիչները հայտնեցին, այս տարի փառատոնը կհետաձգվի և կկայանա նոյեմբերի 1-8-ը։ Օրերես Արմենպրեսին տված հարցազրույցում «Ոսկե ծիրանի» գեղարվեստական տնօրեն Կարեն Ավետիսյանը հստակեցրել է մի շարք մանրամասներ։

Բնականաբար, դժվար է կանխատեսել, թե ինչ իրավիճակ կլինի աշնանը Հայաստանում, սակայն կազմակերպիչներն ամեն ինչ անում են առցանց ձևաչափից հրաժարվելու համար, քանի որ «Ոսկե ծիրանի» դեպքում միշտ կարևոր է եղել  կենդանի, քաղաքային մթնոլորտը։ Փառատոնի շրջանակում կինոսերները հնարավորություն կունենան դիտելու հեղինակավոր կինոփառատոներում հաղթած լիամետրաժ, կարճամետրաժ խաղարկային և վավերագրական ֆիլմեր: Խոշոր փառատոներից միայն երկուսը՝ Ռոտերդամի և Բեռլինի միջազգային կինոփառատոներն այս տարի անցկացվեցին կենդանի ձևաչափով: Կարեն Ավետիսյանը նշել է, որ բանակցություններ են վարում տարբեր կինոփառատոներում ներկայացված ամենակարևոր ֆիլմերի երևանյան պրեմիերաները կազմակերպելու ուղղությամբ:

Ավանդաբար, «Ոսկե ծիրանի» շրջանակում Շառլ Ազնավուրի անվան հրապարակում բացվում էին կինոարվեստի հայ նվիրյալների աստղերը: Այս տարի լրանում են ռեժիսոր Գրիգոր Մելիք-Ավագյանի 100, Աղասի Այվազյանի 95, Առնոլդ Աղաբաբովի 90, Հրանտ Մաթևոսյանի 85 և Ռուբեն Գևորգյանցի 75-ամյակները, և աստղերի բացումը կկատարվի ամռան ամիսներից սկսած։ Հուլիսին առցանց կիրականացվեն նաև փառատոնի արտադրական և կրթական մասի՝ GAIFF Pro հարթակի աշխատանքները:

«Ոսկե ծիրանի» գեղարվեստական տնօրենը հստակեցրել է, որ չի նվազել հայտերի քանակը,­ չեն փոփոխվել փառատոնի մրցութային ծրագրերը. նախորդ տարվանից վերագործարկվել է տարածաշրջանային կարճամետրաժ ֆիլմերի «Կորիզ» ծրագիրը, «Տարածաշրջանային համայնապատկեր» լիամետրաժ ծրագիրը, միջազգային մրցութային ծրագիրը, ինչպես նաև  «Երևանյան պրեմիերաները», «Ծուռ ծիրանը» և հետահայաց ցուցադրությունները: Չեն անտեսվել Տոնինո Գուեռայի և Ֆեդերիկո Ֆելլինիի 100-ամյա հոբելյանները. նոյեմբերին անպայման անդրադարձ կկատարվի հանճարեղ վարպետների ստեղծագործական ժառանգությանը։ Հուրախություն փառատոնի կազմակերպիչների և երևանյան կինոսերների՝ մինչ այս հաստատված ժյուրիի անդամները և մի շարք հյուրեր հայտնել են, որ եթե սահմանները բաց լինեն, չեն չեղարկի իրենց այցերը Հայաստան: