Նյութը՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ օրաթերթի
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 2020-07-03 14:28
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԾԽԵԼՈՒ ԴԵՄ ՊԱՅՔԱՐՆ ԱՌԱՆՁՆԱԿԻ ԿԱՐԵՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԻ
Առողջության վրա ծխելու վնասակար ազդեցության մասին ասվում է մշտապես եւ հնարավոր բոլոր միջոցներով, սակայն այդ վնասակար սովորությունից հրաժարվում են քչերը։

Հակածխախոտային միջոցառումներ են իրականացվում ինչպես պետության, այնպես էլ միջազգային տարբեր կազմակերպությունների կողմից, սակայն խնդրի վերաբերյալ վիճակագրությունը շարունակում է ավելի վատ ցուցանիշներ արձանագրել։ Եթե 2012 թ. Հայաստանի 15 եւ բարձր տարիքի բնակչության 23 տոկոսն էր ծխում, ապա 2016—ին արդեն՝ 26.2 տոկոսը։ Հանրապետության արական սեռի բնակչության 51 տոկոսից ավելին ծխում է, ինչը մեր երկրին դասում է եվրոպական տարածաշրջանում ամենաշատ ծխողներ ունեցող երկրների շարքին։ Կանանց մոտ 2 տոկոսն է ծխում, սակայն այստեղ էլ արձանագրվում է աճ, այն դեպքում, երբ տղամարդկանց մոտ նվազման միտումներ կան։

Ծխելու հետեւանքները մշտապես եղել են միջազգային առողջապահական կազմակերպությունների ուշադրության կենտրոնում։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության գնահատականներով՝ 30 տարեկանից բարձր մարդկանց շրջանում բոլոր մահացությունների 16 տոկոսի պատճառը ծխախոտն է։ Ըստ վիճակագրական տվյալների՝ 70 տարեկանից բարձր հայ տղամարդկանց շրջանում ծխողները կազմում են 26 տոկոսը, այն դեպքում, երբ միջին տարիքի տղամարդկանց շրջանում 50 տոկոսից ավելի է։ Այս ցուցանիշը երկու բանի մասին է խոսում, առաջին՝ ծխողների հիմնական մասը մահանում է մինչեւ այդ տարիքին հասնելը, եւ երկրորդ՝ նրանց որոշակի տոկոսը հրաժարվել է այդ վտանգավոր սովորությունից։

Ամեն տարի աշխարհում ծխելու հետեւանքներից մահանում է 6 մլն մարդ, եւ նման իրավիճակում մարդկությունը գնում է նրան, որ այն համարի համաճարակ։ Ծխելու վնասների մասին հանրությանը տեղեկացնելու համար մեր պետությունը եւ միջազգային կազմակերպությունները իրականացնում են տարաբնույթ միջոցառումներ, այդ թվում նաեւ՝ իրազեկման։ Ծխախոտի վնասների մասին նման ծրագրերը հանրապետությունում ֆինանսավորվում էին ոչ միայն միջազգային դոնոր կազմակերպությունների տրամադրած դրամաշնորհներով, այլեւ պետության կողմից հատկացվող միջոցներով։ Նման ծրագրեր իրականացնելու համար հասարակական կազմակերպություններին ժամանակին պետությունը տասնյակ միլիոնավոր դրամի դրամաշնորհներ էր հատկացնում, սակայն դրանք ակնկալվող արդյունքներ չէին ապահովում։

Այս ուղղությամբ համակարգային միջոցառումներ իրականացնելու համար 2017 թ. Հայաստանն ընդունեց ծխելու դեմ պայքարի ռազմավարությունը եւ դրանից բխող 2017—2020 թթ. միջոցառումների ծրագիրը։ Վերջինիս իրականացման ընթացքում պարզ դարձավ, որ պետք է ընդունվի ոլորտը կարգավորող համալիր օրենք։ «Ծխախոտային արտադրանքի եւ դրանց փոխարինիչների օգտագործման հետեւանքով առողջությանը հասցված վնասի նվազեցման եւ կանխարգելման մասին» օրենքն ընդունվեց 2020 թ. փետրվարին։

Միջազգային առաջադեմ փորձը փաստում է, որ ծխելու դեմ պայքարում էական արդյունքներ են ապահովել այն պետությունները, որտեղ հետեւողական աշխատանքներ են տարվել բնակչության շրջանում իրազեկման մակարդակի բարձրացման ուղղությամբ։ Այս մեթոդը հատկապես արդյունավետ է աշխատում այն դեպքում, երբ բուժաշխատողներն են քաղաքացիներին բացատրում ծխելու վտանգների մասին, նման դեպքերում բժշկական խորհրդատվություն ստացած քաղաքացիների 30 տոկոսը կարողացել է թողնել ծխելը։ Այս վտանգավոր սովորության տարածվածության մակարդակի նվազեցման վրա էական ազդեցություն է թողնում հանրային վայրերում ծխելու արգելքի կիրառումը։ Եվրոպայում ծխողների ամենացածր ցուցանիշ ունեցող երկրում՝ Ֆինլանդիայում, ոչ միան փակ տարածքներում եւ հանրային վայրերում է արգելված ծխելը, այլեւ դրանց հարակից բաց տարածքներում։ Այս երկրում ծխախոտի արժեքի 61 տոկոսը հարկերն են, որոնք ուղղվում են հակածխախոտային միջոցառումների մոնիթորինգի իրականացմանը։ Վերոհիշյալ միջոցառումների արդյունքում Ֆինլանդիայում 73 տոկոսով կրճատվել է սրտանոթային հիվանդություններից քաղաքացիների մահացածությունը։

Առողջապահության համաշխարհային կազմակերպության Ծխախոտի դեմ պայքարի շրջանակային կոնվենցիայով առաջարկվում են մի շարք միջոցառումներ, որոնց հետեւող երկրները իրենց մոտ էականորեն նվազեցրել են ծխողների թիվը։ Վերոհիշյալ միջազգային համաձայնագրով առաջարկվում է արգելել ծխելը բոլոր փակ տարածքներում, ապացույցների հիման վրա այն դադարեցնելու օգնության ծառայություններ իրականացնել, ծխախոտի փաթեթավորման վրա ազդեցիկ եւ խոշոր պատկերով զգուշացում ներկայացնել, արգելել ծխախոտի բոլոր տեսակների գովազդները, եւ դրանց գները բարձրացնել հարկերի միջոցով։

Հայաստանում ծխելու դեմ պայքարն առանձնակի կարեւորություն ունի, քանի որ մեր մոտ ոչ վարակիչ հիվանդությունների տոկոսը 80 է, որում ամենաբարձրը՝ 48 տոկոսը արյան շրջանառության համակարգի հիվանդություններից մահացությունների դեպքերն են։ Հակածխախոտային օրենքի ընդունմամբ մեկնարկած գործընթացների շրջանակներում առողջապահության նախարարությունը հանդես է եկել հերթական նախաձեռնությամբ։ Մշակվել եւ հանրության դատին է հանձնվել «Ծխախոտային արդյունաբերության մեջ ներգրավված անձանց կողմից ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների վնասակար ազդեցության մասին բնակչությանն իրազեկելու մասին» կարգը։

Գործադիրի ներկայացրած ենթաօրենսդրական ակտով ծխախոտային արտադրատեսակներ արտադրողներին եւ ներմուծողներին պարտադրվում է ներկայացնել ծխախոտի արտադրատեսակների եւ դրանցից արտազատվող բաղադրության մասին տեղեկատվություն, մյուս կողմից էլ՝ վերջիններիս պարտավորեցվում է ծխախոտի արտադրատեսակների թունավոր բաղադրիչների եւ արտազատվող նյութերի մասին հանրության իրազեկվածության բարձրացման ուղղությամբ հստակ քայլեր իրականացնել։

Ծխախոտ կամ փոխարինիչներ արտադրողները հանրությանը պետք է ներկայացնեն ոչ միայն դրանց պատրաստման համար օգտագործվող նյութերի բաղադրության մասին տեղեկատվություն, այլեւ այն մասին, թե դրանց օգտագործումից ինչ վնասակար նյութեր են առաջանում, վերջիններիս վերաբերյալ կատարված լաբորատոր ուսումնասիրություների մասին տեղեկատվություն պետք է հրապարակվի։ Հայտնի է, որ ծխախոտի արտանետումներն ավելի վնասակար ազդեցություն են թողնում ծխողի հետ փակ տարածքում գտնվող չծխող անձանց վրա։ Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ աշխատավայրերում չծխողների 75 տոկոսը դառնում են պասիվ ծխողներ։

Նոր ընդունվող կարգով արտադրողները պարտավոր են հանրությանը տեղեկացնել ծխախոտի բաղադրիչների, դրանց պատրաստելու համար օգտագործվող նյութերի, հավելանյութերի, վերամշակման ընթացքում առաջացած հավելանյութերի, մնացորդային եւ այնպիաի այլ նյութերի մասին, որոնք ներթափանցում են արտադրատեսակի մեջ փաթեթավորման հետեւանքով։

Այս կարգը թույլ կտա իրազեկման գործուն մեխանիզմ ներդնել, որի միջոցով կբարձրացվի հանրության գիտելիքների մակարդակը ծխախոտային արտադրատեսակների, դրանց փոխարինիչների օգտագործման ընթացքում արտազատվող նյութերի առողջությանը հասցվող վնասների, կախվածության առաջացման եւ մահացու վտանգների մասին։